Մատուցողուհու սպանության գործը նոր դատավորի է մակագրվել
Մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության գործը նոր դատավորի է մակագրվել: Քրեական գործը կքննի Տաթևիկ Գրիգորյանը: Ինչպես հայտնի է, քրեական գործը քննում էր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Բալայանը. վերջինս, սակայն, փետրվարի 7-ին նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։ Սկզբում քրեական գործը մակագրվել էր դատավոր Վազգեն Ռշտունուն, սակայն այն բանից հետո, երբ վերջինս նշանակվեց Կոտայքի մարզի դատախազ, գործը մակագրվեց Տիգրան Բալայանին:
Այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Դավիթ Թամրազյանին այն բանի համար, որ նա «անձնապես վիրավորված լինելով իր հետ նախկինում հարաբերությունների մեջ եղած, տվյալ պահին հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2013թ. մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև անակնկալ նվեր ունի տալու, վերջինիս խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է Մարիամ Հունանյանի կոկորդը, ինչի հետևանքվ վերջինս տեղում մահացել է, բացի այդ, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` բնակարանի սեփականատիրոջը պատճառելով 680.437 դրամի գույքային վնաս: