Բաժիններ՝

«Նման սպանությունների գործերով կրակողը միշտ հրազենները թողնում է դեպքի վայրում». փաստաբանը՝ Նուբարաշենի սպանությունների մասին

«Նման սպանությունների գործերով կրակողը միշտ հրազենները թողնում է դեպքի վայրում: Եթե ուսումնասիրեք այդ դեպքերը` կտեսնեք, որ իրականում սպանությունից հետո միշտ «քիլլերը» զենքը թողնում է դեպքի վայրում, երբեք զենք իր հետ չի տանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ կարող է պայամանավորված լինել այն հանգամանքը, որ մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունից հետո դեպքի վայրում հրազեն էր թողնվել:

Նաև հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ վերջին շրջանում ավելացել է հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունների թիվը, Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Որպես քրեական իրավունքի մասնագետ՝ ասեմ, որ հաճախակի լինում են սպանության դեպքեր, որոնք զուգադիպում են ինչ-որ հանգամանքների: Հետևաբար՝ ստույգ ասել հնարավոր չէ՝ արդյոք զուգադիպությո՞ւն է, որ դեպքերը շատացել են, թե՞ ոչ: Բայց եթե որոշակի խրոնոլոգիա անցկացնենք՝ կտեսնենք, որ իրականում այն իրավիճակը, որ տարիներ առաջ ձևավորվել էր Հայաստանում… ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ հանցավոր աշխարհի հեղինակությունների համար Հայաստանը՝ որպես տեղ, փակվել էր, հիմա տպավորություն է ստեղծվել, որ ինչ-որ դուռ է բացվել և Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից քրեական աշխարհի հեղինակությունների որոշակի հոսք կա դեպի Հայաստան: Հնարավոր է նաև՝ դրանով է պայմանավորված: Բայց դա ավելի ստույգ կարող են ասել ոստիկանության աշխատողները, որոնք, ինձ թվում է, որոշակի վիճակագրություն են վարում այդ հոսքի մասին, որովհետև իրենց մոտ անպայման պետք է ֆիքսվեր, թե հանցավոր աշխարհի ինչ հեղինակություն եկավ, ով գնաց, ինչպես դա կատարվեց: Բայց եթե մամուլն ուսումնասիրենք, ինձ մոտ տպավորություն է, որ այդ հեղինակությունների մուտքը Հայաստան շատացել է»: Փաստաբանն ասաց, որ դա ենթադրություն է և չի կարող պնդել՝ զուգադիպությո՞ւն է, թե՞ ոչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս