«Արթուրը պառկած էր ասֆալտին». Թևոսիկի եղբոր սպանության գործով հարցաքննվեցին վկաները

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների իրավասության դատարանում այսօր սկսվեց քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի դատաքննությունը:

Մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, որի համաձայն՝  Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա դա թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին զրկել է կյանքից, բացի այդ, ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել է 4 ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող գործարանային արտադրության դեղնաշականակագույն և շականակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Ներսիսյանն ու ամբաստանյալը պարբերաբար այցելել են Արթուր Սաֆարյանի բնակության վայր՝ Արամի նրբանցքի շենքներից մեկի բակ, և դրան հարակից տարածքներ՝ տեղանքն ուսումնասիրելու, սպանությունը կատարելիս իրենց դիրքերը որոշելու, Արթուր Սաֆարյանի տուն վերադառնալու ժամերը ճշտելու, հետաքրքրող այլ տեղեկություններ ստանալու, սպանության կատարման հարմար պահը գտնելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Ներսիսյանը 2014թ. հունվարի 26-ին 7 կրակոց է արձակել Արթուր Սաֆարյանի վրա:

Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, մտավախություն ունենալով, որ կճշտվի իր առնչությունը, նպատակադրվել է իրականացնել Մովսես Ներսիսյանի սպանությունը՝ «իր բացահայտման վտանգը չեզոքացնելու համար»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մովսես Ներսիսյանի սպանությունը տեղի է ունեցել 2014թ. փետրվարի 1-ին հյուրանոցային համարներից մեկում, ապա նրա դին տեղափոխվել է Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի տարածք և նետվել կեղտաջրերի կոյուղատարի բաց դիտահորը:

Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ նշելով, որ մեղադրանքը «լրիվ ենթադրությունների վրա է ստեղծված»:

Այսօրվա դատական նիստում դատարանը որոշեց նախ հարցաքննել վկաներին, ապա հետազոտել գործում եղած փաստաթղթերը, ապա հարցաքննել ամբաստանյալին:

Դատարանում այսօր ցուցմունք տվեցին գործով 3 վկաներ: Նրանցից առաջինը Արթուր Սաֆարյանի հարևանն էր: Նա նշեց, որ չի հասկանում՝ արդյոք քննիչի անգրագիտության պատճառո՞վ է, որ ինքը վկայի կարգավիճակում է՝ նշելով, որ ասելու բան չունի:

Վկայի խոսքով՝ դեպքի օրը, ժամը 00-ի սահմաններում գտնվել է իր տանը, որը Արթուր Սաֆարյանի բնակարանի մուտքից մոտ 3 մուտք հեռու է, կրակոցների ձայն է լսել, որից հետո բացել է լուսամուտը, սակայն ոչինչ չի նկատել: «Քար լռություն է եղել: Կրակոցներից անմիջապես հետո ես լուսամուտը բացել եմ, ոչ մի բան չեմ տեսել»,- պատմեց վկան՝ նշելով, որ լուսամուտը փակել է, ինչից մի քանի րոպե անց օգնություն կանչող և լացի ձայներ է լսել, իջել է ներքև:

«Արթուրը պառկած էր ասֆալտին»,- ասաց վկան՝ նշելով, որ տպավորություն է եղել, թե օգնություն չեն կարող ցույց տալ, բայց մտածել է, թե կարող է Արթուրն ուշագնաց է եղել և կարելի է նրան հիվանդանոց հասցնել: Վկայի խոսքով՝ պատահական մեքենա են կանգնեցրել, Արթուր Սաֆարյանին դրել մենքենայի մեջ և տեղափոխել հիվանդանոց:

Մեղադրողի հարցին, թե քանի՞ կրակոցի ձայն է լսել, վկան պատասխանեց, որ 3 կամ 4 կրակոց հաջորդել են միմյանց, ապա մի քանի վայրկյան դադար է եղել, և 1 կամ 2 կրակոց է եղել: Դատավորի հարցին պատասխանելով՝ վկան ասաց, որ դեպքի վայրում զենք, զինամթերք չի տեսել, սակայն հետագայում խոսակցություններից իմացել են, որ դեպքի վայրից որոշ հեռավորության վրա ատրճանակ է հայտնաբերվել: Վկան հայտնեց նաև, որ Արթուր Սաֆարյանին ճանաչել է որպես լավ անձնավորություն:

Դատարան ներկայացած մյուս վկան հիվանդանոցի հերթապահ բուժքույրն էր, ով հայտնեց, թե ցուցմունք չի տվել, միայն կրիմինալ մատյանն է լրացրել: Նա հիշեց, որ տուժողը՝ Արթուր Սաֆարյանը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մահացած է եղել: Մեղադրողը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը, որից հետո վկան ասաց, որ քննիչներ են եկել, ինչպես գրված է կրիմինալ մատյանի մեջ, գրել են, ինքն էլ ստորագրել է: Ապա վկան ասաց, որ ինչ գրված է՝ ճիշտ է:

Գործով մյուս վկան ասաց, որ զարմացել է, որ իրեն դատարան են հրավիրել. «Ես գտնում եմ, որ ինձ սխալ են կանչել, որովհետև ես ոչ լսել էի, ոչ տեսել էի»: Նա նշեց, որ քննիչի հարցին պատասխանել է, որ կրակոց չի լսել: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, համաձայն որի՝ 2014թ. հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ձայներ է լսել, սակայն մտածել է, թե հրավառություն է:

«Բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Իսկ թե ինչու՝ ինքներդ պարզեք: Թատրո՞ն է, ի՞նչ է»,- ընդհատելով մեղադրողին՝ ասաց վկան: Ուսումնասիրելով ցուցմունքը՝ վկան հայտնեց, որ այն ինքն է գրել:

Դատական նիստը հետաձգվեց, դատարանը որոշեց բերման ենթարկել վկաներին, որոնք պատշաճ ծանուցված են եղել, սակայն չեն ներկայացել:

Գործի քննությունը կշարունակվի մարտի 31-ին:

Տեսանյութեր

Լրահոս