«Նուբարաշենի» կրակոցների դեպքով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն
Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ էին շրջանառվում, որ երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հնչած կրակոցների գործը կքննի Ազգային անվտանգության ծառայությունը: Ինչպես հայտնի է, դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով քրեական գործ էր հարուցվել ՀՀ քննչական կոմիտեում: Կոմիտեից ի պատասխան 168.am-ի հարցի՝ տեղեկացրեցին, որ գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:
Pastinfo.am-ն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով՝ պարզվել է, որ հանցագործների ավտոմեքենան գողացված է, պետհամարանիշն էլ՝ կեղծված:
Մեր հարցին՝ արդյոք կարո՞ղ են հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը, կոմիտեից պատասխանեցին, որ մամուլում տարբեր տեղեկություններ և վարկածներ են շրջանառվում, որոնց այս պահին անդրադառնալ չեն կարող, կատարվում են քննչական անհետաձգելի գործողություններ՝ առևերույթ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ հրապարակել չեն կարող:
Հիշեցնենք, որ երեկ հնչած կրակոցների հետևանքով մահացել է երեք անձ՝ Թադևոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լևոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով` սպանություն, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: