Գևորգ Կոստանյան. «Ես միշտ տալիս եմ այն խոստումները, որոնք ի վիճակի եմ իրագործելու»
«Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո, երբ Դուք գնացիք Գյումրի, խոստումներ տվեցիք և հետո ասացիք՝ դիմելու եք, դիմեցիք, որևիցե օգուտ չեղավ: այսքանից հետո բարոյական չէ՞ արդյոք հրաժարականի դիմում գրել»,- լրագրողներն այսօր հետաքրքրվեցին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից:
Ի պատասխան նա ասաց. «Երկու ուղղությամբ պատասխանեմ այդ հարցին: Առաջինը՝ բարոյական, երկրորդն՝ արդեն մասնագիտական, պրոֆեսիոնալ տեսակետից: Բարոյական իմաստով. իմ կենսագրության մեջ՝ թե պաշտոնական գործունեության և թե զուտ անձնական հարթության, չի եղել երբևէ մի դեպք, որ ես որևէ խոստում տամ և խոստումս չկատարեմ: Ինչո՞ւ: Որովհետև ես միշտ տալիս եմ այն խոստումները, որոնք ես ի վիճակի եմ իրագործելու: Ավելին, ես երբեք չեմ տվել և չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով կամ իմ գործողությունների բովանդակությամբ: Հետևաբար, ես ձեզ կառաջարկեմ նման ենթադրություններ, վերլուծություններ կամ հարցադրումներ տալուց առաջ… բարեբախտաբար, իմ բոլոր խոստումները ձայնագրվել և տեսագրվել են, այդ թվում նաև գրավոր դրսևորում են ունեցել: Ես ձեզ խոստանում եմ և հորդորում եմ, որ երբ դուք էլեմենտար համադրություն անցկացնեք և դիտեք կամ լսեք, կամ կարդաք բոլոր այն խոստումները, բոլոր այն խոսքերը, բոլոր այն ելույթները, որոնք տվյալ գործի առչությամբ եղել են, ես վստահ եմ, որ դուք ձեր հարցադրման մեջ շատ ավելի զուսպ, զգույշ և ավելի պարկեշտ կլինեք:
Իսկ հիմա մասնագիտական իմաստով: Գիտեք, դիմելու փաստը ինքնին չի կարող երաշխավորել դրա արդյունքը: Ինչու: Որովհետև ես բազմիցս ասել եմ՝ հարցը ունի նաև միջազգային իրավական կոնտեքստ, և հետևաբար միայն Հայաստանի Հանրապետության գործողութուններով չի կարող պայմանավորված լինել ելքը՝ առնվազն նկատի ունենալով, որ ես բազմիցս ասել եմ, որ հարաբերություններն առնվազն երկկողմանի միջազգային պայմանագրերով են կարգավորված: Հետևաբար՝ այդ պայմանագրով կան համապատասխան ընթացակարգեր: Եվ միայն այդ ընթացակարգերը սպառվելուց հետո մենք կարող ենք խոսել այս կամ այն հարցի շուրջ արդյունքի մասին: Եվ այդ առումով ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք այս պահին մեր օրենսդրությամբ, այսինքն՝ տվյալ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգերին համապատասխան իրականացրել ենք մեր հնարավորությունները: Եվ հիմա Ռուսաստանի կողմից ստացված կամ ստացվող արձագանքի արդյունքում մենք արդեն կքննարկենք և կգնահատենք մեր հետագա քայլերը: Այսինքն՝ պատասխանը կարող է վերջ չդնել ընթացակարգին, որովհետև դրան կարող են հետևել նույն միջազգային պայմանագրով սահմանված բազմաթիվ այլ ընթացակարգեր: Հետևաբար՝ խոսել դրանց արդյունավետության մասին, քննարկել դրանց հնարավոր հետևանքները, ես կարծում եմ, շատ վաղ է»:
Գևորգ Կոստանյանն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրով որևէ կողմի համար սահմանված ժամկետ չկա. «Հետևաբար Հայաստանի Հանրապետությունը չի կարող ներազդել այլ պետության վրա՝ միջազգային իրավական ժամկետային սահմանափակում չունենալու պայմաններում որևէ ժամկետում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու հետ կապված»:
Խոսելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ուղարկված պատասխանի մասին՝ Գևորգ Կոստանյանն ասաց, որ նրա դիմումը քաղաքացու կամ ֆիզիկական անձի դիմում է այլ պետության, բայց ինքը չի կարող գնահատականի արժանացնել կամ քննարկման առարկա դարձնել Զարուհի Փոստանջյանի կամ այլ անձի դիմումի պատասխանը, դրա անհրաժեշտությունն էլ չի տեսնում՝ առնվազն նկատի ունենալով, իր հարցերին դեռևս պաշտոնապես պատասխան չունի:
Գևորգ Կոստանյանն ասաց, որ որքան էլ հանրությունը հետաքրքրված է, թե ինչ բովանդակություն ունի ՌԴ գլխավոր դատախազին ուղված իր միջնորդությունը, այն ծառայողական և նախաքննական գաղտնիք է պարունակում և չի կարող հրապարակվել նաև այլ գործով: