«Հունվարի 12-ին Վ. Պերմյակովից բացի՝ որևէ այլ զինծառայող ինքնակամ լքե՞լ է ռազմաբազայի տարածքը». Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը ստացել է միջնորդության պատասխանը
Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանի միջնորդության վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ գործողությունների մի մասը կատարվել են, մյուսը մասը դեռևս կատարվում են: 168.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ կատարված գործողությունների արդյունքների մասին տեղեկությունների տրամադրման մասով միջնորդությունը հետաձգվել է. նշվել է, որ արդյունքների վերաբերյալ տեղեկություններին կծանոթանան օրենքով սահմանված կարգով՝ հետագայում:
Երեմ Սարգսյանը նշել էր, թե հաշվի առնելով, որ մինչ օրս էլ դեռևս պարզաբանված չեն այն հարցերը, թե ինչպե՞ս է մեղադրյալ Վալերի Պերմյակովը Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայից գնացել Ավետիսյանների՝ նույն քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ տուն, արդյո՞ք պատահական է ընտրվել հենց այդ տունը, թե՞ ոչ, ինչպե՞ս է Վ.Պերմյակովը նշված տանից գնացել մինչև Բայանդուր, Երազգաորս գյուղեր՝ հայ-թուրքական սահմանի մոտ, որտեղ էլ հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ սահմանապահների կողմից, անձամբ գնացել, մանրակրկտորեն ուսումնասիրել է դեպքի վայրը և դրա հարակից տարածքները, ռուսական ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն և այդտեղից դեպի Բայանդուր գյուղ տանող հնարավոր երթուղիները, Բայանդուր և Երազգաորս գյուղերի տարածքները, ինչպես նաև բուն հայ-թուրքական սահմանի հարակից հատվածը, որտեղ Վ.Պերմյակովը հայտնաբերվել էր:
Ամփոփելով վերը նշված ուսումնասիրությունների արդյունքները՝ փաստաբանը միջնորդություն էր ներկայացրել նախաքննական մարմնին, որպեսզի քրեական գործի որոշ էական հանգամանքների բազմակողմանի հետազոտման և բացահայտման նպատակով կատարեն մի շարք քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Ըստ նրա՝ այդ տարածքների ուսոումնասիրություններից ակնհայտ էր, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան և Ավետիսյանների տունը միմյանցից գտնվում են նվազագույնը 2-3կմ հեռավորության վրա, իսկ որոշ երթուղիներով նույնիսկ՝ 4-5 կմ հեռավորության վրա: Բացի այդ, բոլոր հնարավոր երթուղիներն էլ բավականին բարդ են և տարածքին անծանոթ անձի համար գրեթե անհնար կլիներ հատուկ նպատակով ինքնուրույն գնալ հենց այդ տուն: Ըստ նրա՝ այս առումով նաև կասկած են հարուցում շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր Պերմյակովը նշված տուն է մտել ջուր խմելու համար, քանի որ նախքան նշված տուն հասնելը, այդ ողջ ճանապարահատվածում առկա են բազմաթիվ այլ բնակելի տներ, առավել ևս մթերային կրպակներ:
Դեպքի վայրի հարակից տարածքի ուսումնասիրության ընթացքում փաստաբանի կողմից հատուկ ուշադրության է արժանացել Ավետիսյանների տան անմիջապես դիմացը՝ երկու այլ տների միջնամասով անցնող նեղ ճանապարհը, որն այնուհետև միանում է ընդհանուր ճանապարհին և որն էլ ուղիղ գծող շարունակելու դեպքում հատվում է երկաթգծի հետ:
Իսկ առավել հետաքրքրական էր, որ նշված երկաթգիծն անմիջապես անցնում է Երազգաորս և Բայանդուր գյուղերով: Այսինքն, ըստ նրա, չի բացառվում, որ տարածքին անծանոթ Վալերի Պերմյակովը Բայանդուր գյուղ հասնելու համար որպես ուղենիշ վերցրած լինի հենց երկաթգիծը: Ուշադրության է արժանի է նաև այն փաստը, որ երկաթգծով մինչև Բայանդուր գյուղ հեռավորությունը կազմում է մոտ 13կմ, իսկ մայրուղիով՝ մոտ 28 կմ:
Ըստ փաստաբանի՝ Երազգաորս գյուղում գտնվող հայ-թուրքական սահմանին հարակից՝ սահմանապահների կողմից սահմանը վերահսկելու համար նախատեսված առաջին աշտարակը, որի մոտ էլ, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել և ձերբակալվել է Վալերի Պերմյակովը, երկաթգծից գտնվում է մոտ 1,1 կմ հեռավորության վրա և անզեն աչքով տեսանելի է երկաթգծից: Իսկ առավել մեծ ուշադրության է արժանի այն փաստը, որ չնայած որ երկաթգծով դեպի Բայանդուր գյուղ՝ դեպքի հայ-թուրքական սահման գնալիս ճանապարհին առկա են նաև նմանատիպ այլ աշտարակներ, սակայն վերը նշված աշտարակը, որտեղ հայտնաբերվել է Վ.Պերմյակովը, առաջինն է, որը երկաթգծով շարժվելիս տեսանելի է անզեն աչքով:
«Այս ամենից ելնելով կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել, մասնավորապես, որ Վ.Պերմյակովն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով նախապես իրազեկված է եղել այդ կողմնորոշիչների մասին և, հետևաբար՝ Ավետիսյանների տանից դուրս գալուց հետո կարող էր անմիջապես դիմացի նեղ ճանապարհով ուղիղ գնալ մինչև երկաթգիծ, այնուհետև դեպի աջ թեքվելով, երկաթգծով ուղիղ գնար այնքան ժամանակ՝ մինչև իր աջ կողմում կտեսներ նշված աշտարակը կամ կարող էր դուրս գալ մայրուղի և որևէ տրանսպորտային միջոցով, այդ թվում՝ տաքսիով հասնել նշված աշտարակի մոտ»,- նշել էր Երեմ Սարգսյանը:
Վերը նշվածից ելնելով, հավասարապես չբացառելով Ավետիսյանների տունը դիտավորյալ կամ պատահական ընտրված լինելու, ոտքով կամ տրանսպորտային միջոցներով նշված տուն գնալու և այնտեղից հեռանալու վերաբերյալ բոլոր վարկածները, ինչպես նաև քրեական գործի համար էական այլ հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզաբանման նպատակով, փաստաբանը միջնորդել էր.
1. Ձեռնարկել անհրաժշետ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ պարզելու, թե Վ.Պերմյակովը ռազմաբազայի տարածքից մինչև Մյասնիկյան 188-րդ տուն և այնտեղից դեպի Երազգաորս՝ հայ-թուրքական սահմանին հարակից հատված, կոնկրետ ո՞ր երթուղիներով է գնացել, ոտքո՞վ է գնացել, թե՞ որևէ տրանսպորտային միջոցով:
– Այդ նպատակով ի թիվս այլ գործողությունների, նաև օպերատիվ հարցումներ կատարել Գյումրիում և հատկապես ռուսական ռազմաբազայի տարածքում տաքսի ծառայություններ մատուցող անձանց շրջանում և ինչպես նաև հարցաքննել նրանց:
– Առավել մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկել ՀՀ-ում Վ.Պերմյակովի հնարավոր հարազատական կամ ընկերական կապերը, ինչպես նաև, թե ռազմաբազայի զինծառայողներից՝ շարքային և սպայական անձնակազմից ում հետ է նա առավել մտերիմ եղել, նրանցից ովքեր են այդ օրը որևէ օրինական կամ անօրինական հիմքով գտնվել զորամասից դուրս, ապա նաև ստուգել նրանց հնարվաոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների, հարցաքննություններրի և այլ գործողությունների միջոցով պարզել՝ 2015 թվականի հունվարի 12-ին Վ.Պերմյակովից բացի որևէ այլ զինծառայող կամ զինծառոյողներ ինքնակամ լքե՞լ են ռուսական ռազմաբազայի տարածքը, թե՞ ոչ: Եթե այո, ապա պարզել, թե որտեղ են գտնվել այդ ընթացքում և ինչ են արել, ինչպես նաև ստուգել նրանց հնարավոր կապն ու առնչությունը կատարված հանցագործությանը:
3. Համապատասխան հարցումներով և քննչական գործողությունների միջոցով պարզել` 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրի-Երևան ուղղությամբ գնացք գործել է, թե` ոչ, եթե այո, ապա` ո՞ր ժամին է այն անցել Ավետիսյաննների տան հարակից հատվածով և ո՞ր ժամին` Երազգաորս և Բայանդուր գյուղերով (նկատի ունենալով, որ Վ.Պերմյակովը կարող էր նաև գնացքով հասնել հայ-թուրքական սահմանի հարակից հատված):
4. Քանի որ որոշ լուրեր են շրջանառվել այն մասին, որ հիմնականում ռուսական ռազմաբազայի հարակից տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդներից մեկը դեպքի օրը ծառայություն է մատուցել նաև Վ. Պերմյակովին, իսկ որոշ լուրերի համաձայն` նաև այդ մասին տեսանյութեր են հրապարակվել «Ցայգ» և «Շանթ» հեռուստաընկերություններով, ուստի ձեռնարկել համապատասխան գործողություններ այդ լուրերի իսկությունը ստուգելու նպատակով, այդ թվում` վերը նշված հեռաուստաընկերություններից պարզել նմանատիպ տեսանյութերի առկայությունը, իսկ առկայության դեպքում նաև առգրավել դրանք և ձեռնարկել համապատասխան գործողսություններ այդ տեղեկատվության աղբյուրը պարզելու և հապատասխան տաքսու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
5. Համապատասխան գործողությունների միջոցով պարզել` ՀՀ-ում զինծառայության ընթացքում Վ.Պերմյակովը որևէ պատճառով, այդ թվում` ծառայության բերումով այլ զինծառայողների հետ վարժանքների նպատակով Գյումրու Մյասնիկյան փողոցում կամ Բայանդուր, Երազգաորս գյուղերում, հատկապես սահմանին հարակից հատվածում, եղել է, առավել ևս նշված տարածք գնացքով ուղևորվե՞լ է, թե՞ ոչ:
6. Անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների միոջոցով պարզել` դեպքի հնարավոր ժամանակահատվածում Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում կամ ռազմաբազայից դեպի Ավետիսյանների տուն տանող հնարավոր ճանապարհներին գտնվող որևէ բնակելի տուն, խանութ կամ այլ օբյեկտ մուտք գործելու, դրանց դռները կամ պատուհաններն ապօրինի բացելու և վնասելու փորձեր եղե՞լ են, թե՞ ոչ: Նշվածը ստուգել նաև օպերատիվ ճանապարհով, քանի որ չի բացառվում, որ այդպիսի դեպքեր եղած լինեն, սակայն համապատասխան տեղեկատվություն ոստիկանությանը տրամադրված չլինի»: