Բաժիններ՝

Ինչու է շտապում կառավարությունը

ՀՀ կառավարությունը հրատապ կարգով Ազգային ժողով է ներկայացրել մի նախագիծ, որով ցանկանում է մասնատել պետական պարտքը` կառավարության պարտքի և Կենտրոնական բանկի պարտքի:

Կառավարության պարտքի համար գործելու է սահմանափակում` չպետք է գերազանցի ՀՆԱ 60%-ը, ԿԲ պարտքի համար սահմանափակում չկա: Ըստ էության, օրենքի փոփոխության արդյունքում պետական պարտքից ավտոմատ կերպով դուրս է գալիս ԿԲ պարտքը, որն այս տարվա ապրիլի դրությամբ 440 մլն դոլար է, ու առնվազն այդ չափով «տեղ է բացվում» նոր պարտքի համար: Միաժամանակ, ԿԲ-ի պարտքն այսուհետ չի սահմանափակվի:

Երեկ ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխությունները` հայտարարեց, թե փոփոխությունը կատարվում է ավելի շատ վիճակագրությունը, քան թե բովանդակությունը հստակեցնելու համար: Նրա խոսքով`
ՀՀ-ն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում է, ՀՆԱ/պարտք ցուցանիշը մոտ 44% է և բավականին հեռու է գտնվում նախատեսված վտանգավոր սահմանաչափերից: Ըստ փոխնախարարի` Հայաստանը 2015-ը կավարտի 4.8-4.9 մլրդ դոլարի չափով պետական պարտքով: Ա.Ջանջուղազյանը հայտարարեց, թե դեֆոլտի որևէ ռիսկ չի առաջանում. «Եթե մենք դեֆոլտի թեկուզ փոքր ռիսկ ունենայինք, ոչ մի պարագայում եվրապարտատոմսեր չէինք կարող տեղաբաշխել: Ներդրողների հետաքրքրությունը չի կարող լինել մի սուբյեկտի նկատմամբ, ով դեֆոլտի փոքր նշույլ է պարունակում»,- ասաց նա: Վստահեցնելով, թե որևէ ռիսկ չի տեսնում, եթե կառավարության պարտքը ՀՆԱ-ի 60%-ի չափով լինի, Ա.Ջանջուղազյանը պնդեց, թե փոփոխության բուն նպատակը նոր պարտք վերցնելը չէ:

Մինչդեռ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի գնահատականով` այս փոփոխությունը լայն հորիզոններ է բացում կառավարության համար՝ նոր պարտք ներգրավելու համար, և սա նշանակում է, որ կառավարությունն էլ ավելի է մեծացնելու ՀՀ պարտքը, որն այս տարվա ապրիլին կազմել է 4.7 մլրդ դոլար: Նա նշեց, որ 2015թ.-ին 2008թ. համեմատ ՀՀ պետական պարտքն ավելացել է 3 անգամ, այդ ընթացքում ՀՆԱ-ն 11.6 մլրդ-ից իջել է 10.9 մլրդ դոլարի, իսկ այս տարվա ՀՆԱ-ի սպասելիքները դոլարի հետ կապված՝ բացասական են: Նրա կարծիքով՝ տրամադրվող վարկերի տոկոսները գնալով ավելի բարձր են լինելու, այսինքն` ՀՀ վերցրած պարտավորությունները լինելու են ավելի ծանր:

Ա.Մանուկյանը նշեց, որ առաջիկայում 1.5 մլրդ-ի պարտքի բեռի ավելացում է սպասվում, և այս տեմպերով շարունակվելու դեպքում 2 տարի անց ՀՀ պարտքը կկազմի 7 մլրդ դոլար: Ըստ նրա, պարտք ունենալը վատ բան չէ, ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը չի որոշում քո երկրի անկախությունն ու հաջողությունը, խնդիրը պարտքի կիրառման արդյունավետությունն է:

«Դուք մեր ո՞ր արտաքին առևտրի ցուցանիշներով եք մտնում մեյդան: 1.5 միլիարդ արտաքին առևտուր ունենք, 40%-ը հումքն է: Դուք ստեղծե՞լ եք ինչ-որ բան, որ բերելու է ինչ-որ բան, և էդ պարտքերը փակենք: Մեր պարտքը կազմում է 5 մլրդ, արտաքին առևտուրը կազմում է 1.5 մլրդ: Ի՞նչ ունենք տալու, ի՞նչ ենք ստեղծել էս եղած վարկերով, որ վարկեր նորից վերցնենք ու կարողանանք փակենք: Ասեք ծրագիրը, թե որով ենք փակելու, ոչ թե ինչի համար ենք վերցնում: Դուք պարտքը վերցնում եք` ուրիշի պարտքը փակելու, պարտքը վերցնում եք համակարգը պահելու համար»,- հայտարարեց Ա.Մանուկյանը` կառավարությանը մեղադրելով, որ երբեք չի վերցրել պարտք, որ աշխատատեղ է ստեղծում ու բյուջեի 5%-ը նվազեցնում է:

Պատգամավորը նշեց, որ ՀՀ-ում մեկ շնչին ընկնող պարտքը 2000 դոլար է, մինչդեռ ՌԴ «Համաքաղաքացիներ» ծրագրով Հայաստանից մեկնող յուրաքանչյուրին 2000 դոլար են տալիս, Սիբիր և ավելի հեռու գնացողը ստանում է 5000 դոլար, ու դրա համար են գնում: Մանուկյանը նկատեց, որ արտագաղթելու հաշվին պարտքի բեռը գնալով ավելանում է մնացողների համար, և դա նպաստելու է, որ մարդիկ ավելի շատ գնան: «Սա ուղղակի Հայաստանի Հանրապետության սնանկացման քաղաքական ծրագիր է»,- հայտարարեց Ա.Մանուկյան` հավելելով, որ դա նաև ՀՀ ինքնիշխանության կորստի ճանապարհ է:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով դեռ արտահերթ նստաշրջանի սկզբում էր հայտարարել, որ այս օրինագիծն անընդունելի է, երեկ նախագծի քննարկումների ժամանակ փաստեց, որ պետական պարտքից Կենտրոնական բանկի պարտքի տարանջատման արդյունքում խաթարվում է պարտքային մեխանիզմը:

«ԿԲ-ի և կառավարության կողմից ներգրավված պարտքային քաղաքականությունն իրար հետ փոխկապակցված են»,- ասաց Ա.Մինասյանը: Ըստ նրա` օրենքը պետք է ամբողջությամբ վերանայել: Պնդելով, որ օրինագիծը բացասական սպասումներ է առաջացնում, ՀՅԴ պատգամավորը հորդորեց, առաջարկեց ու խնդրեց` հանել առաջին և երկրորդ ընթերցումն ու ետ տանել:

Պատգամավորների հարցերը, թե ինչո՞ւ է կառավարությունը շտապում այս փոփոխությունն իրականացնել, փոխնախարարն այդպես էլ անպատասխան թողեց: Սակայն նկատենք, որ մինչև հաջորդ ԱԺ նստաշրջանի սկիզբը Ֆինանսների նախարարությունը սկսելու է 2016 թ. պետական բյուջեի կազմումը: Ակնհայտ է, որ այս փոփոխության թաքնված նպատակը բյուջեում նոր պարտքերի ներգրավման հնարավորություն ստեղծելն ու դրանք վերցնելն է. ապահովագրվելով «վտանգավոր պարտքային բեռ ունեցող» երկրի կարգավիճակ ստանալուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս