Փոխադարձ վիրավորանքներ Ազգային ժողովում

Այսօր ԱԺ նիստում ՀՅԴ-ականների և Թևան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննակման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պնդեց, որ ընտրական ցուցակները պետք է հրապարակվեն, ընտրությունների խայտառակ արդյունքները պետք է ի ցույց դրվեն, որպեսզի երևա՝ երկրից դուրս գտնվողները, մահացածները քվեարկե՞լ են, թե՞ ոչ: Նա հղում արեց թերթերից մեկին, որի համաձայն՝ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններին բավականին լուրջ, աղաղակող մասնակցություն է եղել և գերազանցել է իրական ընտրողների թիվը: Բիշարյանը հայտարարեց, որ պլաստիկ քարտերով ընտրություններ են եղել, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե սա ընտրական օրենսգրքի կարևոր բաղկացուցիչներից է: Նա կարևորեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, բայց նշեց, թե շահարկում են այն, քանի որ հանձնաժողովն ընդունում է, որ կան տեղեր, որտեղ պետք է ապահովել գաղտնիությունը, օրինակ՝ իսլամական երկրներում, մինչդեռ Հայստանում նման խնդիր չկա, և ինքնանպատակ է օգտագործվում այն փաստը, որ ընտրողների ցուցակների հրապարակումը խախտում է մարդկանց իրավունքները, անգամ երկրներ կան, որտեղ ընտրության չգնացողին տուգանում են:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ արեց իրերն իրենց անունով կոչել և ժողովրդին բացատրել, թե ինչ է կատարվում: Նրա համոզմամբ՝ Սերժ Սարգսյանն ունի լրջագույն խնդիր՝ կապված սահմանադրական արգելքի հետ՝ իր երրորդ ժամկետի վերընտրման համար, և այդ արգելքը շրջանցելու նպատակով նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ, որի ամբողջ իմաստն է՝ անցումը դեպի խորհրդարանական համակարգ, որի դեպքում Սերժ Սարգսյանը, պահպանելով վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնը, իրականում պահպանելու է իր անձնական իշխանության ռեժիմը:

Լ.Զուրաբյանի խոսքով՝ այս հարցը կարող է լուծվել հանրաքվեի միջոցով, և այժմ քննարկում են այս կանոնների սահմանումը: Ըստ նրա՝ իրենք մասնակցելու են հանրաքվեին ու այն վերածելու են Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու գործընթացի: Նա կոչ արեց խաղալ ազնիվ կանոններով ու չդիմադրել իրենց առաջարկներին՝ փոփոխել նաև ընտրական օրենսգիրքը և ապահովել հեռուստատեսությամբ հավասար քարոզչություն անցկացնելու հնարավորությունը: Զուրաբյանի կարծիքով՝ քննադատության չի դիմանում այն առաջարկը, թե այս հանրաքվեն էլ թող կեղծվի, հետո ձեռնամուխ կլինեն բարեփոխումներին:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ հանրաքվեն ժողովրդավարական չի լինի, քանի որ առաջարկում են միայն խմբակցություններին հեռուստատեսությամբ քարոզչության համար տալ օրական երկուական րոպե, իսկ արտախորհրդարանական ուժերին դեն են գցում, այդպիսով՝ խախտվում է հավասարության սկզբունքը, «այո»-ի և «ոչ»-ի միջև ընտրարշավի հավասարությունը: Նա դժգոհեց, որ օրինագծի հեղինակները քաղաքական մեծամասնության հետ են համաձայնեցրել՝ ՀԱԿ-ի առաջարկն ընդունե՞լ, թե՞ ոչ, իսկ իշխանությունն ընդունել է միայն այն առաջարկները, որ չեն վնասում իրենց ընտրվելու հնարավորությանը. «ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն դաշնակցել են ոչ միայն այս սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու գործում, այլ նաև այդ «այո»-ն կեղծելու և ոչ լեգիտիմ հերթական սահմանադրություն ունենալու գործում: Պետք է զգուշացնեմ, որ ՀՅԴ-ն ում հետ համագործակցել է, նրանք հետո շատ վատ վախճան են ունեցել»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց թողնել պրովոկացիաները:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ իրենց որակական հիմնական առաջարկներն ընդունված չեն, մասնավորապես՝ ցուցակների հրապարակման առաջարկը: Նա նշեց, թե պետք չէ Վենետիկի հանձնաժողովը դարձնել «սուրբ կով» և անընդհատ հղում անել նրանց, վստահեցրեց, որ ազատ-արդար ընտրությունների և ցուցակների հրապարակման դեպքում կողջունեն, Վենետիկի հանձնաժողովի անդամներն ու նախագահն էլ «հաստատ չեն կախվի», իսկ եթե ցուցակները չհրապարակեն, բայց վատ ընտրություններ անցկացնեն, դա կարժանանա միջազգային կառույցների վատ գնահատականին:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կոչ արեց ընդդիմադիրերին ուշադրություն դարձնել նախագծի հեղինակներին: Դիմելով Լ.Զուրաբյանին՝ Բաղդասարյանը հայտարարեց՝ «ինչքան շատ խոսեք, մեր օգուտն է»: Ըստ նրա՝ ընտրողների վստահության հարցը պարզ երևում է համայնքային ընտրությունների դեպքում ու դրանցում ՀՀԿ-ի հաջողությունն է այդ հիստերիայի պատճառը: Նա հակադարձեց Հ.Բիշարյանին, ասաց, որ ընտրողների թիվը համապատասխանում է իրականությանը, ու հորդորեց թերթերի թվերին հղում չանել:

ՀՀ նախագահի՝ վերարտադրվելու մասին Բաղդասարյանը նշեց, թե «տապոռային» քաղաքականություն վարելու ցանկության դեպքում իրենք այդպես էլ կանեին: Նա բողոքեց, թե սահմանադրական բարեփոխումներում «խլրտումներ» են մտցնում, բայց չեն մասնակցում «ապագայի օրենքի» մշակմանը: Բաղդասարյանը հիշեցրեց, որ 90-ականներից խոսում են կառավարման խորհրդարանական մոդելի մասին, բայց հիմա քարկոծում են: Նա նկատեց, թե առանց ընդդիմադիր դաշտի կայացման, իշխանություններին դժվար է աշխատել, ու իրենք շատ շահագրգիռ են, պատրաստ են օգնել, որ ընդդիմադիրները կայանան:

Օրինագծի համահեղինակ, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ապահովում է «կողմ» և «դեմ» քարոզչության հավասարությունը, նաև դրա համար տրվում են նվազագույն երաշխիքներ, ապահովվում է հավասար վերաբերմունք, և այդ ամենն իմանալու համար պետք էր կարդալ օրենքը: Դիմելով ՕԵԿ ներկայացուցիչներին՝ Ա.Մինասյանը հայտարարեց, թե «իրավական անգրագիտություն ստեղ պետք չի հնչեցնել»: ՕԵԿ-ականների հնչեցրած ռեպլիկներին ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը կոչ արեց չխանգարել զեկուցողին:

Ա.Մինասյանն անդրադաձավ նաև ՀԱԿ-ի «պաթոսով հնչեցրած մոտեցումներին» ու նշեց, որ միակ գրավոր առաջարկությունը ներկայացրել է ՀԱԿ-ը, մնացած խմբակցություններից ոչ մի արձագանք չեն ստացել:

Այս ընթացքում Հ.Բիշարյանը շարունակում էր տեղից ռեպլիկներ հնչեցնել ու Մինասյանին անվանեց չհասկացող:

«Չհասկացողը դո՛ւ ես, տիկի՛ն Բիշարյան»,- իրեն չզսպեց Ա.Մինասյանը:

Պլաստիկ քարտերի խնդիրը, ըստ Մինասյանի, լուջ խնդիր է, բայց դա ոչ թե հանրաքվեի, այլ ԸՕ-ի հարց է: Ցուցակները մաքրելու առաջարկության վերաբերյալ Մինասյանը նշեց, որ դա իրենց սկզբունքային դիրքորոշումն է եղել, բայց դա ողջ ընտրական իրավունքին է վերաբերում, նաև իրականության մեջ կարող է ի վնաս աշխատել սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվողներին, քանի որ ընտրողների թվի նվազումը նշանակում է՝ անցողիկ շեմի փոքրացում: Մինասյանն անդրադարձավ նաև Լևոն Զուրաբյանի «աշխարհացունց հայտարություններին» ու ցավ արտահայտեց, որ նա չարժևորեց քաղաքական ուժերի հետ աշխատանքի և փոխադարձ հարգանքի ապահովումը և, փոխանակ գոհունակություն հայտնեն, որ ինչ-որ քայլ է արվել դեպի առաջընթաց, փորձ է արվում նեղ, ճղճիմ հայտարարությունների միջոցով հերթական դիվիդենտները շահել: Ըստ նրա՝ երբ ՀՅԴ-ն այս գաղափարների կրողն էր, ՀԱԿ-ը «սկի ծնված էլ չէր»: Նա ՀԱԿ-ականներին, նախկին իշխանություններին մեղադրեց «կեղծարարության» մեջ ու ասաց, որ, եթե քարոզչության ժամերի 50 %-ը տան ՀԱԿ-ին, գուցե այդ ժամանակ գոհ լինեին: Այս հայտարարությունները հարուցեցին Զուրաբյանի դժգոհությունը, ով Մինասյանին մեղադրեց ստախոսության մեջ:

«Ստախոսը դու ես, որ էս ամբիոնից՝ կանգնած՝ ինչ ասես ասում ես,- հակադարձեց Ա.Մինասյանն ու հայտարարեց, թե չի կարելի «էդ աստիճան իրավական տգիտություն» հնչեցնել,- Սա քաղաքական համաձայնեցման հնարավորություն է: Առաջարկներ ներկայացնում եք, թռնում եք Իրկուտսկ է, Յակուտսկ է… ու հետո կանգնում աշխարհացունց բաներ եք ասում»:

Մինասյանը ԲՀԿ-ին մեղադրեց աչքակապության մեջ, որ չեն ասում, որ «դեմ»-երին կրկնակի ավելի ժամեր են տրվում քարոզչության համար, ու հայտարարեց, որ նրանց «քաղաքական հայրից են սկսվել ժողովրդավարության տրամաբանության խախտումները»:

Տեսանյութեր

Լրահոս