Բաժիններ՝

Վատ պարողի հավկիթները

Իբր մեր դարդը քիչ էր՝ հիմա էլ խալխի դարդով ենք տապակվելու: Ամեն օր ահաբեկված հետևում էինք դրամ-դոլար փոխարժեքին: Հիմա պիտի նաև ռուսական ռուբլի-դոլար փոխարժեքին էլ ահասարսուռ հետևենք: Իշխանական ու ոչ այնքան իշխանական փորձագետները, խոսքները մեկ արած, պնդում են, որ մեր ներքին շուկայում ընթացող գնաճն արևմտյան պատժամիջոցների հետևանք է: Էդ է հա, հավատացել էինք: Բայց վերջին տարիների հիմնական թեման շեղեց բոլորիս ուշադրությունը: 2010թ. հետո ամեն, գարուն ու աշուն, ձուն, այսինքն` հավկիթը, անզուսպ թանկանում է:

Իսկ դա հրաշալի առիթ է, որ ՀՀ գյուղնախարարությունը հիշեցնի իր գոյության մասին: Ամեն անգամ Գյուղնախարարության որևէ պաշտոնատար նույն տեքստն է ասում: Ըստ նրանց` գարնանը՝ Սրբ. Հարության տոնից առաջ, ձուն թանկանում է, որովհետև վառեկները դեռ չեն հասցրել ածան հավ դառնալ: Իսկ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ասում են, որ վառեկներն արդեն ածան հավեր են, բայց սկսել են ավելի մեծ ձվեր ածել: Պարզից էլ պարզ է, որ մեծ ձուն ավելի թանկ պիտի վաճառվի, քան փոքրը: Ուստի, մեր պաշտոնյաների խոսքերով` ձուն չի թանկացել: Պարզապես մեծացել է ու թանկ է վաճառվում: Տրամաբանական նման հակասությունն Արիստոտելի ժամանակներից պարադոքս է կոչվում: Բայց դա, այսինքն` տրամաբանությունը, հիմա աժմեական չէ:

Կարևորը պաշտոնյաների թվերը հիշելն է: 2010թ. ճգնաժամի ժամանակ նշվում էր, որ ձվի արտադրությունը 10-20 տոկոսով գերազանցում է սպառումը: Մինչ այդ գերարտադրված ծավալն արտահանվում էր Վրաստան: Մեր թռչնաբույծները ժամանակին չհասցրեցին նկատել, որ Վրաստանում ներքին արտադրությունն արդեն բավարար մակարդակի է հասել ու հայկական արտադրության ձվի կարիք չունի:

Մեկ-երկու ամիս տեղական արտադրության ձուն ներքին շուկայում 15-20 դրամով էր վաճառվում: Հետո այն պարզապես վերացավ: Թռչնաբուծության համար դա լրջագույն հարված էր: Խանութներում հայտնվեց ներկրված՝ հիմնականում Ուկրաինայից, հավկիթ: Չդրոշմանշված ձվերի վաճառքի մի քանի սկանդալային պատմությունից հետո իրավիճակը կարծես շտկվեց: Ոլորտում սեփականատերեր փոխվեցին: Որոշ ձեռնարկություններ սնանկացան ու շուկայից դուրս մղվեցին: Ու ձևավորվեց տարին երկու անգամ անտրամաբանական բացատրություններ տալու ավանդույթը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում տարեկան սպառվում է մոտ 700 մլն հատ ձու: Ինքներդ որոշեք` հավատա՞լ այս թվին, թե՞ ոչ: ՀՀ քաղաքացին տարեկան ուտում է մոտ 225 հատ հավկիթ: Խաշած-թերխաշած, պոմիդորով-առանց պոմիդորի ձվածեղի, տեղական արտադրության մակարոն-թխվածք, խմորեղենի տեսքով:

Այլ կերպ ասած՝ ամեն օր հինգ ՀՀ քաղաքացի մեկ ձու են ուտում: 2010թ. ճգնաժամից առաջ հայտարարվում էր, որ Հայաստանում օրական 700 հազար ձու է արտադրվում: Հիմա պատկերը փոխվել է: ՀՀ գյուղնախարարության Անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանի տվյալներով՝ հիմա օրական 900 հազար հավկիթ է արտադրվում: Օրական սպառումը 730 հազար հատ է: Հետևաբար` ամեն օր, պահեստավորվում է 170 հազար ձու: Այ հենց այդ պահեստավորված հավկիթն էլ վաճառքի կհանվի ամանորյա տոներին: Ըստ ՀՀ գյուղնախարարության պաշտոնյայի՝ Ամանորյա առևտրի ծավալը 16 մլն հատ է:

Հետևաբար` Նոր տարվա առևտրի օրերին ձվի պակաս չի զգացվի: Տոներին, փաստորեն, յուրաքանչյուրս մարդ ա հինգ հատ ձու կսպառենք: Կսպառենք ու կբավարարվենք: Պակաս չի լինի: Երևի: Պարզապես առաջին անգամ մեկ ձվի դիմաց` 100 դրամ կամ ավելի կվճարենք: Բայց դա թանկացման հետևանք չէ: Մեզ արդեն բացատրել են, որ հավկիթը չի թանկացել: Այն պարզապես մեծացել է: Եվ որպեսզի պաշտոնական թվերն ավելի արժանահավատ լինեն, նույնիսկ գնագոյացման համակարգն են ներկայացրել: Բայց սա չէ կարևորը: Պաշտոնապես հրապարակվող թվերում մի գլուխ խառնաշփոթ է: Տեսեք, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 543 մլն ձու:

Բայց եթե փորձեք ինքներդ հաշվարկել, կտեսնեք, որ օրական արտադրվել է ավելի քան երկու մլն ձու: Մինչդեռ այս թվերը հրապարակող պաշտոնյան նշում է, որ օրական արտադրության ծավալը 900 հազար է: Նաև նշվում է, որ տարվա կտրվածքով ակնկալվող քանակը 630-640 մլն հատ հավկիթ է: Անգամ նվազագույն ակնկալիքի՝ 630 մլն հատի պարագային օրական միջին քանակը 1 մլն 725 հազար կկազմի: Ա՛յ այսպես էլ ոլորտ են կառավարում: Մոտավորապես ինչ-որ թվեր գրելով ու հաշվարկելով: Երբեք չվերլուծելով ու հաշվի չառնելով ո՛չ արտադրողի, ո՛չ իրացնողի, ո՛չ էլ սպառողի շահերը:

Ընդունեք, որ նման խառնաշփոթից հետո բարդ չէ պնդելը, որ տնտեսությունն աճում է, իսկ գնաճ չկա: Բոլորն էլ գիտեն, թե վատ պարողին ինչն է խանգարում: Իսկ հիմա ակնհայտ դարձավ, որ վատ կառավարողին էլ հավկիթներն են խանգարում: Խանգարում են առանձին վերցրած` տնտեսության մեկ ոլորտում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս