Ազատեկում ջրի հարցը ոչ մի կերպ չի լուծվում
Ամռան արդեն երրորդ ամիսն է սկսվում, իսկ Վայոց ձորի մարզի Ազատեկ համայնքում ոռոգման ջուր չկա: Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին իրենց դժգոհությունը, որ այգիներն ու բոլոր մշակաբույսերը չորանում են, մրգերը նորմալ չեն հասունանում, մնում են փոքր ու անհրապույր, որ շուկայում այլևս վաճառքի ենթակա չեն, իսկ մթերող գործարաններն էլ ժամանակին չեն վճարում խոստացված գումարները:
Ազատեկի բնակիչներից Հրայր Սարգսյանի խոսքով՝ ամբողջ խնդիրն այն է, որ Կեչուտի ջրամբարից Ազատեկ ոռոգման համակարգը, որից գյուղը ջուր պետք է ստանա, փաստացի չի գործում, իսկ Ջրային պետական կոմիտեի մասնագետներն էլ չեն կարողանում պարզել, թե պատճառը որն է: Նա նշեց, որ դիմել են թե գյուղապետին, թե մարզպետին, թե կոմիտե, եկել, ստուգել են, բայց խոստացել են աշնանը կարգավորել. «Ասել են՝ եթե հիմա գործով զբաղվենք, լրիվ կչորանա, թողել են աշնանը: Գուցե Կեչուտ-Ազատեկ ջրագծի վրա եղած ՀԷԿ-ն էլ է ազդում: Կառավարության որոշմամբ՝ ոռոգման ժամանակաշրջանը պետք է ավարտվի, նոր ՀԷԿ-ն աշխատի, բայց իրականում այդ ժամկետները չեն պահպանվում և ոռոգման շրջանի ընթացքում էլ ՀԷԿ-ն աշխատում է»:
Գյուղացները նաև դժգոհեցին, որ ոռոգման գործող ինքնահոս ջրագծի չաշխատելու հետ միաժամանակ ապամոնտաժվում են պոմպակայաններով գործող, դեռ ԽՍՀՄ տարիներին կառուցված ոռոգման համակարգի խողովակները: Արդյունքում՝ գյուղի 200 տնտեսությունմոտ 450 հահողատարծով, բարդ իրավիճակում է հայտնվել:
Ազատեկ համայնքի ղեկավար Սիրակ Հովսեփյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ջրի խնդիրը գյուղում դեռ 2010-11 թթ-ից է, միշտ էլ դիմել են պատկան կառույցներին ու միշտ էլ հարցը չի լուծվել. «2011-ին փոփոխություն արվեց ջրագծի միացումների հետ կապված, բայց նորմալ արդյունք չտվեց: Կոմիտեից մարդ են ուղարկել, հիմա նորից պիտի փոփոխություն անեն»: Անդրադառնալով ՀԷԿ-ին՝ Հովսեփյանը նշեց, որ այն Գնդեվազ համայնքի տարածքում է, ամբողջ տարին աշխատում է. «Այս տարի խնդիրը շատ է լարվել, պետք է որ չաշխատի: Ջրօգտագործողները շատ են մինչև ջուրը գյուղ հասնելը բոլորը ջուր են հանում ու մեզ չի հասնում»:
«Սա ջրային ռեսուրսների վատ կառավարման շատ լավ օրինակ է»,- 168.am-ին ասաց «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը՝ հավաստելով, որ ՀԷԿ-ի խնդիր չկա:
Նա նշեց, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեից իրենց հայտարարել են, որ Ազատեկ համայնքի տնամերձ հողատարածքները ոռոգվում են Փոռի ջրթափ ավազանից սնվող ջրագծի միջոցով, որի նախագծային թողունակությունը կազմում էր 86 լ/վրկ, սակայն այսօր այն 50լ/վրկ-ից չի գերազանցում, ինչն էլ որոշ ջրօգտագործողների դժգոհությունն է հարուցում.««Վայք» ՋՕԸ-ն որոշ քայլեր է կատարել խնդիրը կարգավորելու համար, մասնավորապես, հարևան Փոռ համայնքի ջրօգտագործողները նախկինում նույնպես սնվում էին վերը նշված ջրագծից, սակայն նրանց համար կառուցվել է սնման նոր աղբյուր և Փոռի ջրթափ ավազանի ծանրաբեռնվածությունն այս կերպ նվազեցվել է: Համայնքի սեփականաշնորհված հողատարածքներն ընկած են նույն ջրթափ ավազանից սնվող` դեպի Զեդեա տանող ջրագծի վրա, որից, բացի Ազատեկից, բավարար չափով ջուր են ստանում ևս 2 համայնքներ, որոնք դժգոհություն չունեն»: