ՀԱՅԵ՛Ր, ՄԻԱՑՐԱԾ ՊԱՀԵՔ ՈՂՋ ՄՆԱԼՈՒ ՌԵԺԻՄԸ․ ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ՝ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՆՉՈՒ Է ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ. ՋՈՆ ԱՅԲՆԵՐ

Հայաստանն այսօր կանգնած է ադրբեջանա-թրքացման և Էրդողանի նեոօսմանյան աշխարհի կողմից կլանվելու վտանգի առաջ։ Սա է այսօր հայ ազգի ամենամեծ մարտահրավերը՝ պահպանել իր գոյությունն ու ինքնությունն իր իսկ սեփական հայրենիքում։ Այս մասին իր երևանյան այցի ընթացքում «168 Ժամ»-ին տված հարցազրույցում ասել է «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները՝ խոսելով Արցախում հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված էթնո-կրոնական զտումների, Հայաստանում մարդու իրավունքների վիճակի, իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների, Եկեղեցու և հոգևորականների հալածանքների և քրիստոնեական հավատքի կարևորագույն նշանակության մասին հայ ժողովրդի համար։

Իրավապաշտպանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնո-կրոնական զտում, և այժմ վտանգը հասել է Հայաստանի Հանրապետությանը։

«Մեծ հարց է՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը պահպանել իր գոյությունը»,- ասել է իրավապաշտպանը։

Կարդացեք նաև

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավարը շեշտել է, որ Հայոց ցեղասպանության գործընթացը չի ավարտվել և շարունակվում է մինչ օրս։

«Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ներառյալ Եկեղեցին, որպես ազգի պատնեշ, միտումնավոր քայքայվում է այն ուժերի կողմից, որոնք ցեղասպանության ժառանգորդներն են։ Եվ Ալիևը պարզապես ցեղասպանության հանցագործության ժառանգորդ չէ։ Նա ցեղասպանության մասնագետ է, նա էթնո-կրոնական զտումների գործնական կիրառող է։ Դա կատարվում է մեր աչքի առաջ»,- ընդգծել է Ջոն Այբները։

Ջոն Այբները կոչ է արել հույս չդնել միջազգային երաշխիքների վրա և ցույց տալ հավաքական կամք՝ կանխելու Հայաստանի ադրբեջանա-թրքացումը։

«Ես այն մարդը չեմ, որ կարող է գնահատել Հայաստանի ինքնապաշտպանության կարողությունները։ Դա իմ ոլորտը չէ, բայց ես մի բան հաստատ գիտեմ, որ միակ երաշխիքը կարող է գալ Հայաստանի ներսից։ Այն պետք է սկսվի ողջ մնալու, փրկվելու, գոյատևելու կամքից։ Այն պետք է սկսվի հոգևոր ուժից և քրիստոնեական հավատքի ու ավանդույթների նորոգումից»,- նշել է նա։

Հիշեցնելով, որ հայ ժողովուրդն ամենամռայլ ժամանակներում էլ ապրելու կամք է ցույց տվել, նա խրախուսում է հայ ազգին՝ հավատարիմ մնալ իր պատմությանը, իր ավանդույթներին, իր քրիստոնեական հավատքին և «միացրած պահել ողջ մնալու ռեժիմը»։

«Դուք պետք է հավատաք ապագային, որը հիմնված է ձեր անցյալի վրա, և դա ողջ մնալու կամքն է»,- ընդգծել է Ջոն Այբները։

Արամ Սարգսյան.- Պարոն Այբներ, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։

Ջոն Այբներ.- Շատ շնորհակալ եմ։ Ինձ համար մեծ պատիվ է և հաճույք Ձեզ հյուրընկալվելը։

– Դուք մասնակցել եք Աղոթքի նախաճաշ միջոցառմանը Երևանում, նաև հանդիպում եք ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև հանդիպել եք Հայաստանի քաղբանտարկյալների հարազատներին ու փաստաբաններին՝ ներառյալ հայ բարձրաստիճան հոգևորականները և Հայ Առաքելական Եկեղեցու աջակիցները։ Կխնդրեմ նախ և առաջ պատմեք Ձեր հանդիպումների ու տպավորությունների մասին. ինչպիսի՞ն է այժմ մարդու իրավունքների վիճակը Հայաստանում՝ կապված Հայ Առաքելական Եկեղեցուն պաշտպանելու համար կալանավորված քաղբանտարկյալների հետ։ 

Ջոն Այբներ.- Ինչպես Դուք նշեցիք՝ մենք սիրով հրավիրված էինք մասնակցելու Հայաստանի Հանրապետության Աղոթքի նախաճաշին և այնտեղ հանդիպեցինք տարբեր մարդկանց, զրուցեցինք հրավիրված հյուրերի հետ։ Մենք հանդիպեցինք Նորին Սրբություն Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև՝ մարդու իրավունքների ոլորտի զանազան ներկայացուցիչների հետ, և մենք խորապես մտահոգված ենք, քանի որ եկեղեցի-պետություն հարաբերություններում ակնհայտ ճգնաժամ է։

Մեզ համար խիստ մտահոգիչ է այն, որ Հայաստանի վարչապետը պահանջում է հայ ազգի ամենահզոր հաստատության՝ Եկեղեցու առաջնորդի հրաժարականը։ Եկեղեցին ավելի ուժեղ է, քան ցանկացած քաղաքական կուսակցություն։ Քանի՞ տարեկան է Երրորդ Հանրապետությունը։ Կարծում եմ՝ այնքան էլ մեծ չէ տարիքով։ 

– Ոչ, ընդամենը 35 տարեկան։ 

Ջոն Այբներ.– Այո՛, իսկ Եկեղեցին եղել է դարեր ի վեր՝ ծառայելով հայ ժողովրդին, քարոզելով Ավետարանը և կատարելով այլ գործառույթներ՝ հայությանը հնարավորություն տալով գոյատևել տարբեր տեսակի հալածանքների և ճնշումների պայմաններում։ Եվ այսօր քաղաքական պահանջ կա, որ կաթողիկոսը հրաժարական տա։ Եվ ոչ միայն պահանջ կա, այլև հարկադրական միջոցառումների լայն շրջանակ է կիրառվում՝ հոգևոր իշխանության փոփոխություն պարտադրելու համար, այդ թվում՝ արքեպիսկոպոսների, եպիսկոպոսների, բարերար և Եկեղեցու նվիրատու Սամվել Կարապետյանի կալանքը, նաև այլ անձինք են բերման ենթարկվում հարցաքննության համար, քրեական գործեր են հարուցվում, և մարդկանց հետապնդումները Հայաստանում գնալով շատանում են։ Սա շատ մտահոգիչ է մեզ համար։

«Քրիստոնեական համերաշխություն միջազգային» կազմակերպությունը կրոնական ազատության կազմակերպություն է, և մենք համերաշխ ենք հայ ազգի հետ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակներից ի վեր։ Եվ մենք խորապես մտահոգված ենք այս իրավիճակով, երբ ըստ վարչապետի՝ Ղարաբաղի հարցը փակված է։ Ժողովուրդը տեղահանվել է։

Ղարաբաղում տեղի է ունեցել էթնո-կրոնական զտում։ Եվ այժմ վտանգը հասել է Հայաստանի Հանրապետությանը։ Մեծ հարց է՝ կկարողանա՞ արդյոք Հայաստանի Հանրապետությունը պահպանել իր գոյությունը։ Եվ այս իրավիճակում տեսնում ենք այնպիսի ազգային ինստիտուտների խարխլման գործընթաց, ինչպիսին Եկեղեցին է, որպեսզի այն ամբողջությամբ զրկվի իր ժողովրդի ազգային ու քրիստոնեական շահերը պաշտպանելու կարողությունից։

– Եվ ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանը փորձում փոխել հոգևոր իշխանության ղեկավարին՝ կաթողիկոսին։ Ընդհանրապես, դա նորմա՞լ է՝ իրավական, բարոյական կամ որևէ այլ առումով։ 

Ջոն Այբներ.– Ո՛չ, իրականում հարկադրանքի կիրառումը սահմանադրական չէ: Իհարկե, վարչապետը կարող է կարծիք ունենալ, ինչպես և կաթողիկոսը կարող է կարծիք ունենալ: Բայց կիրառվում են հարկադրանքի միջոցներ: Տվյալ պարագայում պետական ​​իշխանությունն օգտագործվում է պետությունը վարչապետի կամքին ենթարկեցնելու նպատակով: Բայց հետո Դուք ինքներդ Ձեզ հարց եք տալիս՝ ինչո՞ւ է դա տեղի ունենում: Մենք գիտենք՝ ինչ է տեղի ունենում: Սրանք փաստեր են:

Ես կարող եմ ենթադրություններ անել, թե ինչու է սա արվում: Եվ բոլոր փաստերը մատնացույց են անում, որ սկզբունքային հակասություն կա այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Վարչապետն ասում է՝ հարցը փակված է, կաթողիկոսն ասում է՝ ո՛չ, հարցը փակված չէ։ Կաթողիկոսի հալածանքների այս գործընթացը սկսվեց անմիջապես այն բանից հետո, երբ կաթողիկոսը Շվեյցարիայում մասնակցեց Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված համաժողովին։ Եվ նա շատ հստակ խոսեց միջքազգային հանրության հետ՝ ընդգծելով, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի վերադառնալու: Նա պահանջեց ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։

Այսպիսով, Եկեղեցու համար Ղարաբաղի հարցը փակված չէ, և այն իրականում չի կարող փակված լինել: Այն կարող է փակված լինել հայկական պետության համար, բայց ոչ կաթողիկոսի, որովհետև նա Ամենայն Հայոց կաթողիկոսն է, ոչ թե՝ միայն Հայաստանի Հանրապետության, անկախ նրանից՝ նրանք Ղարաբաղի՞ հայերն են, թե՞ Լոս Անջելեսի։ Նա պատասխանատվություն ունի ապահովելու իր հոտի հոգևոր և, որքան հնարավոր է՝ նաև նյութական և ֆիզիկական բարեկեցությունը։ Նա չի կարող իրենից օտարել այդ իրավունքը։

Այսպիսով, սա, կարծես թե, խնդրի բուն էությունն է, բայց դա միայն այն պատճառով չէ, որ վարչապետն ու կաթողիկոսը տարբեր տեսակետներ ունեն։ Մենք գիտենք, որ Թուրքիան և հատկապես Ադրբեջանը պահանջներ են ներկայացնում։ Ադրբեջանը, նրանց ղեկավար դեմքերը մեղադրում են Հայ Առաքելական Եկեղեցուն խաղաղությանը խոչընդոտելու մեջ։ Նրանք բացահայտ են խոսում այդ մասին։ Ես դա կարդացել եմ նույնիսկ անգլերենով։

– Մեղադրում են իբրև թե «ռևանշիստ» լինելու մեջ։

Ջոն Այբներ.– Ահա թե նրանք ինչից են վախենում։ Նրանք ասում են, թե Հայաստանը խոչընդոտում է խաղաղությանը, կամ, որ Առաքելական եկեղեցին է խոչընդոտում։ Դա նշանակում է, որ նրանք չեն ստորագրի խաղաղության համաձայնագիրը, մինչև որ Առաքելական Եկեղեցին քաղաքականապես անկարող չդառնա՝ բարձրացնելու Ղարաբաղի հարցը։ Նրանք դա անվանում են «ռևանշիզմ»։ Այսպիսով, սա է Ադրբեջանի պահանջը։

Մենք տեսնում ենք, որ վարչապետը կատարում է այդ պահանջը։ Հավանաբար նա իր սեփական պատճառներն ունի դրա համար։ Կարելի է հարցնել նրան՝ ինչո՞ւ։ Բայց արևմտյան տերությունների լռությունից զգացվում է, որ առնվազն լուռ համաձայնություն կա այդ ամենին։ Ալիևն ասում է, որ ուժն է որոշում ապագան։ Նա շատ հստակ է խոսում այդ մասին։ Ես կարդացել եմ դա։ Նա ասում է, թե բազմակողմ միջազգային ինստիտուտների և համաձայնագրերի ժամանակներին անցել են, և այլն։ Ուժն է կարևոր, և այդ պատճառով նա ուժի կողմից է։ Նա հաղթել է, Ադրբեջանը հաղթել է Հայաստանին և այդ դիրքում է թելադրելու կապիտուլյացիայի պայմանագրի պայմանները։

Ահա թե որն է քննարկման առարկան։ Նա դեռ չի ստորագրել այն, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կատարել նրա բոլոր պայմանները։ Եվ մենք չգիտենք, թե որոնք են բոլոր այդ պայմանները։ Դրանցից մի քանիսը նա հրապարակել է, օրինակ՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, Հայ Առաքելական Եկեղեցին և այլ ուժեր, որոնք կարող են դիմադրել, պետք է քաղաքականապես մեկուսացվեն և զրկվեն որևէ դիմադրություն ցույց տալու հնարավորությունից կամ կարողությունից։ Այսպիսով, ուժն է որոշում ամեն ինչ, և ինչ-որ մեկը կարող է ասել, որ դա այդպես չէ՞։ Ինչո՞ւ Հայաստանը չպետք է ռևանշիստ լինի։ Գիտեք, Հայաստանն այժմ պարզապես չի կարող ռևանշիստ լինել։ Սա պարզ փաստ է։ Եվ արևմտյան տերությունները, որոնք մի ժամանակ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման հիման վրա, որոշեցին մոռանալ այդ մասին։ Միայն ուժն է կարևոր։ 

– Այսինքն՝ միջազգային իրավունքն այլևս չի՞ գործում։

Ջոն Այբներ.– Ալիևն է այդպես ներկայացնում, և, կարծես թե, դա է իրականությունը։ Ահա թե ինչու Մինսկի խումբը լուծարվեց։ 

– Դուք հանդիպե՞լ եք Հայաստանում քաղբանտարկյալների փաստաբանների հետ, այդ թվում՝ այն քաղբանտարկյալների, որոնք հանդես են եկել ի պաշտպանություն Հայ եկեղեցու, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանի, արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանի, Բագրատ Սրբազանի և այլ հոգևորականների։ Ինչպիսի՞ն է այժմ իրավիճակը՝ կապված նրանց հիմնարար իրավունքների հետ, և ի՞նչ եք անելու դրանք պաշտպանելու համար։

Ջոն Այբներ.– Այո՛, մենք հանդիպել ենք փաստաբանների և մարդու իրավունքների այլ մասնագետների հետ, և ակնհայտ է, որ տեղի են ունեցել մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք վերաբերում են թե՛ նրանց ձերբակալելու եղանակին, թե՛ դատավարությունների անցկացմանը, և որոշ դեպքերում այն տպավորությունն է, որ ապացույցները կեղծվել են, և պաշտպանները կարողացել են ներկայացնել գաղտնալսված հեռախոսազրույցներն ու խոսակցությունները: Մարդիկ գաղտնալսվել են: Գիտեք, սա… օրինական չէ: Լավ, մենք գիտենք, որ դա օրինական չէ: Աշխարհը գիտի, որ այս բաներն օրինական չեն: Հայաստանի բնակիչները գիտեն, որ դա օրինական չէ: Բայց դա տեղի է ունենում: Եվ դա տեղի է ունենում իշխանության պատճառով, և, որովհետև նրանք իշխանություն են։

Ամեն ինչ շատ պարզ է: Եվ, անշուշտ, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանն այնպիսի պետություն է, որտեղ գերիշխում է օրենքի գերակայությունը, թե՞ ոչ: Նկատի ունեմ՝ ներկա Հայաստանի Հանրապետությունը: Իմ սերնդի մարդիկ հիշում են այն ժամանակները, երբ Հայաստանում՝ խորհրդային ժամանակաշրջանում, օրենքի գերակայություն չկար: Հիմա մենք վերադառնում ենք այն իրավիճակին, երբ նմանատիպ մեթոդներ են կիրառվում Եկեղեցին կառավարելու և վերահսկելու նպատակով։ 

– Ես այդ մասին նշեցի շաբաթ օրը տեղի ունեցած Ձեր մամուլի ասուլիսի ժամանակ և Ձեր թույլտվությամբ կկրկնեմ, որ Հայաստանը, ինչպես գիտեք, ոչ միայն աշխարհում առաջին երկիրն է, որը պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, այլև ամենաշատ տուժած քրիստոնյա ազգերից մեկն է պատմության մեջ, և դա վերաբերում է ոչ միայն պատմությանը, ոչ միայն միջազգայնորեն ընդունված Հայոց ցեղասպանությանը, նույնիսկ մինչ այդ՝ օսմանյան տիրապետության ողջ ընթացքում հայերի հալածանքներին ու կոտորածներին, Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին տեղի ունեցած ջարդերին, այլև ներկա ժամանակներին՝ ինչպես Դուք նշեցիք՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումները։ Բայց մենք շատ բան չգիտենք, թե ինչպես է քրիստոնյա աշխարհը վերաբերվում այս ամենին։ Նկատի ունեմ՝ մենք ունե՞նք արդյոք քրիստոնյա աշխարհի համերաշխությունը՝ նկատի ունենալով, որ աշխարհի հզորագույն տերությունների մեծ մասը քրիստոնյա երկրներ են։

Ջոն Այբներ.– Ո՛չ, ցավոք սրտի, դուք չունեք այդ համերաշխությունը։ Դա պարզապես փաստ է։ Այդ համերաշխությունը կար այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, որը ես անվանում եմ Հայոց մեծ ցեղասպանություն։ Դա մեծ ցեղասպանություն էր։ Իհարկե, ամերիկացի և եվրոպացի քրիստոնյաները բոլորը գիտեին, թե ինչ է կատարվում, և նրանք ցնցված էին, նրանք մեծ օգնություն ցուցաբերեցին։ Նրանք շատ մարդկանց օգնեցին փրկվել։ Գրեթե յուրաքանչյուր ամերիկացի ցեղասպանությունից հետո կամ ավելի ուշ իմացել է, թե ինչ է տեղի ունեցել, և նրանք ուզում էին արձագանքել՝ որպես քրիստոնյա։ Բայց Արևմուտքը՝ ոչ, Դուք այն չեք կարող այլևս անվանել քրիստոնեական աշխարհ։ Դա հետքրիստոնեական աշխարհ է։ Մարդկանց մեծ մասն այլևս նվիրված քրիստոնյաներ չեն։

Քրիստոնեական արժեքներն անհետանում են հասարակությունից, և մենք տեսնում ենք անտարբերություն և արձագանքելու անկարողություն։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս՝ մենք սովորաբար նկատի ենք ունենում 1915-1918 թվականները։ Մենք դա անվանում ենք Հայոց ցեղասպանություն։ Ես կցանկանայի երկու բան նշել այդ մասին։ Առաջինն այն է, որ գործընթացը սկսվել է մինչև 1915 թվականը։ Օսմանյան կայսրությունում պարբերաբար կոտորածներ են եղել, և ես դա դիտարկում եմ՝ որպես շարունակական գործընթաց, որը չի ավարտվել, և, որ եղել են կոտորածների և էթնո-կրոնական զտումների ալիքներ։ Եվ հետո եղել է մեծ ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բայց գործընթացը դրանով չի ավարտվել, այն շարունակվել է, հատկապես՝ Կովկասում։ 

– Որովհետև նրանք քրիստոնյանե՞ր էին։

Ջոն Այբներ.– Որովհետև նրանք քրիստոնյաներ էին։ Դա երկրորդ կարևոր հանգամանքն է, որ ես ուզում եմ նշել։ Բայց այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Ամենավերջին ալիքը Լեռնային Ղարաբաղի էթնո-կրոնական զտումն էր։ Բայց դրանով էլ այն չի ավարտվել։ Այս գործընթացը շարունակվում է, և հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ ներառյալ Եկեղեցին՝ որպես ազգի պատնեշ, միտումնավոր քայքայվում է այն ուժերի կողմից, որոնք Ցեղասպանության ժառանգորդներն են։ Եվ Ալիևը պարզապես ցեղասպանության հանցագործության ժառանգորդ չէ։

Նա ցեղասպանության մասնագետ է, նա էթնո-կրոնական զտումների գործնական կիրառող է (practitioner)։ Մենք այժմ դա տեսնում ենք։ Այսինքն՝ դա կատարվում է մեր աչքի առաջ։ Դա հնագույն պատմություն չէ։ Դա կատարվում է մեր ժամանակներում։ Եվ հետո, ինչպես Դուք շատ ճիշտ նկատեցիք, այն, ինչ մենք անվանում ենք Հայոց ցեղասպանություն, միայն հայերի ցեղասպանություն չէր։ Կային նաև այլ ժողովուրդներ, որոնք ոչնչացվեցին միաժամանակ կամ զուգահեռ գործընթացներով։ Որտե՞ղ են այսօր Թուրքիայի հույները։ Որտե՞ղ են ասորիները կամ բնիկ սիրիացիները, արամեերեն խոսող ժողովուրդները։ Նրանք ոչնչացվել են։ Եվ նույն գործընթացն այսօր տեղի է ունենում Սիրիայում։ Իսկ Սիրիան ապաստան էր այդքան շատ հայերի համար։ Նրանք այնտեղ անվտանգություն գտան և փրկվեցին։ Հալեպը մի հրաշալի վայր էր, որտեղ մարդիկ կարող էին ապրել խաղաղության և արժանապատվության մեջ, ունենալ իրենց գործը, պահպանել իրենց կրոնական ավանդույթները և համայնքային կյանք վարել։

– Ինչպես և շատ քրիստոնյա փոքրամասնություններ, ոչ միայն հայերը։

Ջոն Այբներ.– Այո՛, ոչ միայն հայերը։ Կան բազմաթիվ քրիստոնեական համայնքներ։ Բայց հետո, երբ սկսվեց «Արաբական գարնան» ապստամբությունը, գլուխ բարձրացրեցին ջիհադիստական ​​խմբավորումները՝ թիրախավորելով ոչ միայն հայերին, այլև քրիստոնյա այլ ժողովուրդներին, որոնց համարում են «անհավատ»։ Եվ նրանք թիրախավորվեցին։ Եկեղեցիները պայթեցվեցին։ Քահանաները, քրիստոնյաները մահապատժի ենթարկվեցին։ Մարդկանց գնդակահարեցին։ Եվ հիմա այս ուժերը, որոնք իրականում ջիհադիստներ են և աջակցություն են ստանում Թուրքիայից և արևմտյան հատուկ ծառայություններից, վերահսկում են իրավիճակը։ Եվ սպանությունները շարունակվում են մինչ օրս։ 

– Քանի որ Սիրիայում իշխանության եկավ իսլամիստական, թրքամետ խմբավորումը, այդպես չէ՞։

Ջոն Այբներ.– Այո՛։ Այն պարզապես թուրքամետ չէ, ավելին, քան պարզապես թուրքամետ։ Գիտե՞ք, նախագահ Թրամփը երբեմն որոշ ճշմարտություններ է ասում։ Նա ակամայից բացահայտում է դրանք։ Երբ նա վերջերս հանդիպեց Էրդողանի հետ, շնորհավորեց Էրդողանին Սիրիան վերադարձնելու կապակցությամբ։ Նա ասաց. «Թուրքիան շատ երկար ժամանակ փորձում էր վերադարձնել Սիրիան, և հիմա դուք հաջողության եք հասել։ Շնորհավորում եմ»։

Նա շատ լավ գիտի, որ պարոն Ալ-Ջուլանին, այժմ՝ Ահմեդ Աշ-Շարաան, Թուրքիայի «պրոքսի»-ն է, և, որ թուրքերն են այսօր կառավարում Սիրիայի անվտանգության առանցքային մարմինները՝ հատուկ ծառայությունները։ Սիրիան այլևս անկախ պետություն չէ, այն կցորդ է։ Այն ներառվել է Էրդողանի նոր նեոօսմանյան աշխարհի մեջ։ Եվ հիմա հարցն այն է, թե արդյոք սա՞ է Հայաստանի ապագան, արդյո՞ք նույնը սպառնում է նաև Հայաստանին։ Այս բոլորը փոխկապակցված են՝ Թուրքիա, Սիրիա, Հայաստան, Ադրբեջան։

– Այսպիսով, Դուք Հայաստանին և հայ քրիստոնյաներին սպառնացող վտանգը դիտում եք՝ որպես Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի ազդեցություն։ Ճի՞շտ եմ հասկանում։

Ջոն Այբներ.– Անշուշտ, այդ ամենը փոխկապակցված է։ Չկա պարզապես հայկական խնդիր։ Այո՛, այստեղ կա խնդիր։ Մենք խոսում էինք եկեղեցու խնդրի մասին, այդպես չէ։ Հայաստանում կա եկեղեցի-պետություն հարաբերությունների խնդիրը։ Բայց այդ խնդիրը կապված է ամբողջ տարածաշրջանի մյուս բոլոր խոշոր խնդիրների հետ։ Սա միայն տեղական խնդիր չէ։ Եվ այն այդքան դժվար լուծելու պատճառն այն է, որ այն կապված է այս մեծ խնդիրների և այն բանի հետ, թե ինչ տեսլական ունի Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանի համար։

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարաքն ամբողջ այս տարածաշրջանի փոխարքայի դեր է կատարում։ Նա խոսում է տարածաշրջանի վերաձևման մասին՝ Միջերկրականից մինչև Կասպից ծով։ Այլ խոսքերով՝ այն փաստը, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նաև Սիրիայի հարցով հատուկ բանագնացն է, արդեն իսկ ինչ-որ բան ասում է, որ իրականում այս տարածաշրջանը դիտվում է որպես մեկ միավոր, և Բարաքը պատասխանատվություն ունի նաև Հայաստանի համար։ Նա խոսում է Առաջին համաշխարհային պատերազմից հետո հիմնադրված ազգային պետությունների մասին՝ որպես իրական լեգիտիմություն չունեցողների։

Դա վերաբերում է նաև Հայաստանին։ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվել է պատերազմի ժամանակ։ Նա այդ պետությունների մասին խոսում է շատ կոպիտ ու ցինիկ բառապաշարով, կարծես նրանք պարզապես ցեղեր են, որոնց դրոշ են տվել, և արևմտյան տերությունները որոշակի սահմաններ են գծել, և, որ նրանք իրականում ազգ-պետություններ լինելու իրավունք չունեն։

Սա Հայաստանի Հանրապետության հանրային ապալեգիտիմացման փորձ է՝ որպես պետության, որը հիմնադրվել է՝ որպես տուն և անվտանգ ապաստան Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի և նրանց սերունդների համար։ Այսպիսով, փորձ է արվում ջնջելու այս ամենը։ Ստեղծվում է նոր Մերձավոր Արևելք, որը մեծ մասամբ կապված է տնտեսական գործընթացների հետ։ Բաց սահմաններ՝ նրանք անհամբեր սպասում են դրան, և ես դեմ չեմ Թրամփի երթուղուն կամ միջանցքին, կամ, ինչպես էլ որ այն կոչվի, ես դեմ չեմ, որ տնտեսական կապերը զարգանան։ Բայց Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մենք տեսնում ենք, որ դա ավելին է, քան պարզապես մարդկանց և ապրանքների տեղաշարժ։ Այսօր մենք այս հարցազրույցն անում ենք մի երկրում, որն Ալիևն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ 

– Դա ծիծաղելի է։

Ջոն Այբներ.– Իր տեսանկյունից՝ սա Հայաստանի Հանրապետություն չէ, սա «Արևմտյան Ադրբեջան» է։ 

– Այո, մենք գիտենք իր այդ հայտարարությունները, բայց մի՞թե դա ծիծաղելի չէ։ Որովհետև մինչև 1918 թվականը ո՛չ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության տարածքում, ո՛չ էլ, առավել ևս, այս տարածքում «Ադրբեջան» անունով աշխարհագրական կամ պետական միավոր երբևէ չի եղել։

Ջոն Այբներ.– Դա ծիծաղելի է, բայց մյուս կողմից՝ ծիծաղելի չէ, քանի որ, կրկին, մի ժամանակ այս տարածքը լցված էր բազմաթիվ տարբեր ժողովուրդներով։ Այստեղ կային մուսուլմաններ, թուրքեր, ազերիներ՝ Երևանում և շրջակայքում, ուստի նա բացահայտ ասում է, նա պնդում է, որ սա պատկանում է իրենց, և իրենք պատրաստվում են վերադառնալ։ Եվ նրա վերջին հայտարարություններից մեկն ասում է.

«Այժմ մենք ստիպված չենք տանկերով գալ։ Մենք կարող ենք գալ մեքենաներով և բեռնատարներով։ Մենք կարող ենք գալ քաղաքացիական տրանսպորտային միջոցներով»։ Որովհետև նա հասկանում է, որ եթե այս գործընթացը շարունակվի, փողն Ադրբեջանից, Թուրքիայից, Ծոցի երկրներից կհոսի Հայաստան՝ հող գնելու համար, վերաբնակեցում կլինի։

Արդեն այսօր մենք լսում ենք, որ թուրքական մամուլում լուրեր են տարածվում այն մասին, որ Էրդողանը պահանջում է մզկիթներ կառուցել Հայաստանում, Ադրբեջանի, այսպես կոչված, մեծ շեյխը նմանատիպ պնդումներ է անում։ Ալիևն ասում է՝ «մենք վերադառնում ենք»։

Դե ինչ, միանգամայն պարզ է, թե որն է նրանց օրակարգը, և դա այն է, որ եթե այստեղ «հայկական պետություն» կոչվող ինչ-որ բան պետք է լինի, ապա այն պետք է գործի որպես վասալ, որպես Ադրբեջանի և Թուրքիայի վասալ։

Կրկնում եմ, ինչպես որ ես եմ տեսնում և ընկալում գործընթացները՝ այստեղ ձևավորվում է մի նոր տեսակի կազմավորում։ Ես այն անվանում եմ թուրք-ադրբեջանական համատիրություն։ Այս եզրույթը կարող է ծանոթ լինել Ձեզ 19-րդ դարից, երբ բրիտանացիները ստեղծեցին անգլո-եգիպտական համատիրությունը, որը կառավարում էր նաև Սուդանը։ Եվ համանման մի բան, կարծես, տեղի է ունենում նաև այս տարածաշրջանում։ Այն վերափոխվում և վերակառուցվում է։ Եվ Հայաստանն այս թուրք-ադրբեջանական համատիրության անմիջապես կենտրոնում է։

– Հատկապես այս համատեքստում, երբ խոսում ենք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կազմակերպված արշավի մասին, ըստ Ձեզ՝ սա զուտ ներքաղաքակա՞ն երևույթ է, թե՞ տեսնում եք նաև արտաքին հետքեր՝ հարձակվելու Հայ Եկեղեցու վրա, հայ ազգի վրա՝ որպես քրիստոնյաների։

Ջոն Այբներ.– Ոչ, սա զուտ ներքին երևույթ չէ, սա տարածաշրջանի գլոբալ վերաձևավորման մի մասն է։ Այն, որ սա ներքին ծագում ունեցող հարց չէ, որ սա պարզապես վարչապետի կողմից կաթողիկոսի հետ վեճ և անհամաձայնություն ունենալու հարց չէ, ապացուցում է այն փաստը, որ դա են պահանջում Ադրբեջանը և Թուրքիան՝ որպես խաղաղության պայման։ Խաղաղության համաձայնագիրը դեռևս չի ստորագրվել։ Այնպես որ, դուք դեռևս ապրում եք հրադադարի պայմաններում՝ ինչպես տարիներ առաջ։ Նրանք, ովքեր ամեն գնով ցանկանում են, որ Ադրբեջանը ստորագրի խաղաղության համաձայնագիրը, կստիպեն Հայաստանին անել անհրաժեշտ զիջումները, քանի որ կարծում են, որ եթե ամբողջ այս տարածքը լինի ադրբեջանական և թուրքական տիրապետության տակ, Ռուսաստանի և Իրանի համար տեղ չի մնա։ Սա է նրանց տեսլականը։ Սա է Միացյալ Նահանգների թիվ մեկ ռազմավարական նպատակն Արևմուտքում, որ Ռուսաստանը և Իրանը թուլանան և ավելի ու ավելի քիչ ազդեցություն ունենան։ Բայց ամերիկացիները չեն կարող վերահսկել այս տարածքը։ Ամերիկան ​​չափից ավելի հեռու է դա անելու համար։ Ամերիկան ​​աշխատելու է Թուրքիայի միջոցով, ինչպես որ դա անում է Սիրիայում և ինչպես այսօր անում է նաև այստեղ։ 

– Նույնիսկ, եթե համաձայնագիրը ստորագրվի, դա կբերի՞ խաղաղություն։ Կարծում եք՝ հնարավո՞ր է հասնել իրական, տևական ու կայուն խաղաղության մի իրավիճակում, երբ տեսնում ենք արցախահայության իրավունքների այսպիսի աղաղակող խախտումները և Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանդների խոշտանգումները։

Ջոն Այբներ.– Դե, գիտեք, Թոմ Բարաքն ասում է, որ իրական խաղաղությունը պատրանք է, և, որ խաղաղությունը գալիս է միայն հնազանդության կամ հպատակության միջոցով։ Ահա թե ինչ է նա ասում։ Պետք է ենթադրել, որ նա նկատի ունի, որ այս համատեքստում կայունություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանը հպատակվի։ Սա այն պայմանն է, որն այժմ պահանջվում է, և ինչպես տեսնում ենք՝ այդ հպատակեցումը տեղի է ունենում։ Քանի՞ պայմանագիր է ստորագրվել այս տարածաշրջանի վերաբերյալ։ Մենք հիշում ենք Սևրի և Լոզանի պայմանագրերը։ Ի՞նչ են նշանակում այս պայմանագրերն այսօր։ Ի՞նչ է նշանակում Մինսկի համաձայնագիրը… Դրանք բոլորը մնացել են թղթի վրա ուժի միջոցով։

Այսպիսով, չկա որևէ պատճառ կարծելու կամ ենթադրելու, որ այժմ ստորագրված որևէ համաձայնագիր կհարգվի և չի խախտվի։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Վստահ եղեք, որ այդպես էլ լինելու է, եթե Հայաստանը չունի ուժ այն պաշտպանելու։ Սա է հարցը՝ Հայաստանն այսօր ունի՞ ուժ հակազդելու համաձայնագրի խախտումներին։ Ես ոչ մի տեղ չեմ լսել Միացյալ Նահանգների կողմից որևէ երաշխիքի մասին որևէ հիշատակում։

Միակ երաշխիքը, որը կարող էր որևէ արժեք ունենալ, այն է, որ Միացյալ Նահանգները հայտարարեր, որ՝ մենք ռազմականապես կմիջամտենք՝ խաղաղության համաձայնագիրը երաշխավորելու համար։ Եթե որևէ խախտում լինի, մենք կգանք և պատրաստ կլինենք ուժ կիրառելու՝ նման խախտումները կանխելու համար։ Ոչ ոք այդպիսի բան չի հայտարարել։ 

– Բայց այս պարագայում նա հանդես է գալիս՝ որպես վկա։

Ջոն Այբներ.– Լավ, իսկ ի՞նչ է վկան։ Անցյալում էլ եղել են այլ պայմանագրերի վկաներ։ Նկատի ունեմ՝ մարդիկ, ովքեր գիտեն տարածաշրջանի և մեծ տերությունների դերակատարության պատմությունը, տեղյակ են, որ թղթի մի կտորի ստորագրումը չի բերելու հավերժական խաղաղություն, ինչը նրանք խոստանում են։ Դա ինձ միշտ հիշեցնում է Իրաքի ասորիների դեպքը, որոնք ինչ-որ առումով ձեր հարևաններն են, քրիստոնյա հավատակիցները, և նրանցից շատերն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել են բրիտանացիների զինակիցները։

Նրանք ունեին իրենց աշխարհազորայիններն այն տարածքում, որը հետագայում դարձավ Իրաքի պետությունը։ Նրանք վախեցած էին, երբ բրիտանացիները պատրաստվում էին դուրս գալ Իրաքից, ուստի նրանց առաջնորդը գնաց բրիտանացի գեներալ-նահանգապետի մոտ և ասաց. «Խնդրում եմ, մի՛ հեռացեք, մի՛ թողեք մեզ անպաշտպան»։ Եվ գեներալ-նահանգապետն ասաց. «Մի՛ անհանգստացեք, Ազգերի լիգան կպաշտպանի ձեզ»։ Եվ ընդամենը մեկ տարի անց՝ կոտորած։ Ազգերի լիգան չպաշտպանեց նրանց։ Ի՞նչ վստահություն կարող է լինել թղթի կտորների կամ Միավորված Ազգերի Կազմակերպության վրա, որն ասում է, որ նման բաներ անելը սխալ է։ 

– Այսպիսով, Ձեր հիմնական միտքն այն է, որ պետք է ուժեղ լինել և հույս չդնե՞լ օտար տերությունների աջակցության վրա։

Ջոն Այբներ.– Դա միակ իրական երաշխիքն է, եթե երկիրը կարող է պաշտպանվել, եթե ժողովուրդը կարող է պաշտպանել ինքն իրեն։ Եթե նա չի կարողանում ինքն իրեն պաշտպանել, ապա, իհարկե, պետք է փոխզիջումների գնա։ Դուք ուզում եք պահպանել ձեր գոյությունը և պետք է գտնեք լավագույն ձևը։ Ամեն ինչ շատ պարզ է։

Ես այն մարդը չեմ, որ կարող է գնահատել Հայաստանի ինքնապաշտպանության կարողությունները։ Դա իմ ոլորտը չէ, բայց ես մի բան հաստատ գիտեմ, որ միակ երաշխիքը կարող է գալ Հայաստանի ներսից։ Այն պետք է սկսվի ողջ մնալու, փրկվելու, գոյատևելու կամքից։ Այն պետք է սկսվի հոգևոր ուժից և քրիստոնեական հավատքի ու ավանդույթների նորոգումից։ Սա իսկապես շատ կարևոր է, եթե հայ ազգն ուզում է ողջ մնալ և գտնել ինքնապաշտպանության միջոցներ, դա պետք է անի ոչ թե այլ երկրների վրա հարձակվելու կամ ռևանշիստ լինելու միջոցով, այլ ստեղծի մի իրավիճակ, երբ Հայաստանի վրա հարձակման գինն ավելի բարձր կլինի, քան ագրեսորը պատրաստ է վճարել, և դա չափից ավելի մեծ խնդիր կդառնա նրանց համար: 

– Իսկ ի՞նչ մեխանիզմներ կամ հնարավորություններ եք տեսնում արցախահայության վերադարձի համար մոտ ապագայում կամ որևէ հեռանկարում։

Ջոն Այբներ.– Իրատես լինելու համար չեմ կարող ասել, որ տեսնում եմ հեռանկար մոտ ապագայում կամ երբևէ, բայց դա անհնար չէ, քանի որ աշխարհը փոխվում է: Կան որոշ մեխանիզմներ կամ առնվազն մեկ մեխանիզմ, որն առկա է: Շվեյցարիայի կառավարությունը հանդես է եկել Խաղաղության շվեյցարական նախաձեռնությամբ: Այն Շվեյցարիայի կառավարության օրակարգում է: Այն ներկայացվել է Շվեյցարիայի խորհրդարանի կողմից: Շվեյցարիայի կառավարությունը մանդատ ունի հրավիրելու համաժողով, որտեղ մի կողմից՝ լինելու է Ադրբեջանը, և մյուս կողմից՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչները՝ երկու կողմերի միջև երկխոսություն սկսելու նպատակով, քանի որ այս պահին որևէ շփում չկա:

Կան պատանդներ, ղեկավարության մեծ մասը մի քանի օր առաջ Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման: Եվ Շվեյցարիայի կառավարությունը մանդատ ունի փորձելու դա անել, որպեսզի նրանք պարզապես սկսեն խոսել իրար հետ: Այսքանը: Ադրբեջանը չի ուզում դա անել: Հայաստանի կառավարությունը չի խրախուսում դա:

Կրկին, վարչապետն ասում է՝ Ղարաբաղի հարցը փակված է: Բայց կան որոշ ազդակներ, որ արևմտյան կառավարությունները կարծում են, որ լավ կլինի նման երկխոսություն ունենալը: Բայց դա շատ ծանր ու քրտնաջան աշխատանք է պահանջում։ Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ։ Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին քայլեր ձեռնարկել։ Հայ համայնքի ներկայացուցիչները հավանաբար տեղյակ են, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գլխավորում է հայտնի հայերից բաղկացած հանձնաժողով, որը ներկայացնում է այդ համայնքն արտասահմանում։ Այսպիսով, մենք եղել ենք նրանց հետ Վաշինգտոնում, եղել ենք Լոնդոնում, Բեռլինում, և այս աշխատանքը շարունակվելու է։ Եվ կան առաջընթացի որոշ նշաններ, փոքր նշաններ։

Մասնավորապես, մենք գիտենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակավ հայտարարել է, որ իրենք բարձրացրել են այդ հարցն Ադրբեջանի, նաև Հայաստանի հետ բանակցություններում։ Այսպիսով, սա ցույց է տալիս, որ հարցն իրականում փակված չէ։ Նրանց հայտարարությունները չեն համընկնում Հայաստանի վարչապետի ասածների հետ։ Հայաստանի վարչապետն ասում է՝ հարցը փակված է, նրանք ասում են. «Ո՛չ, մենք խոսում ենք, մենք փորձում ենք խոսել կողմերի հետ այդ մասին»։

Մենք գիտենք, որ պետությունները դժվարանում են խոսել այն կողմերի հետ, որոնք պետություն չեն, ինչպիսիք են Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները։ Բայց, իհարկե, կան խորհրդապահական ուղիներ, կան հաղորդակցվելու եղանակներ։ Եվ, իհարկե, խնդիրը չի գալիս Ղարաբաղի հայերի ներկայացուցիչներից, այն գալիս է Ադրբեջանից, որը չի ցանկանում երկխոսել։ Ուստի մենք ուզում ենք փորձել ստեղծել որոշակի խթան, որպեսզի մարդիկ միմյանց հետ խոսեն։ Եվ մենք չգիտենք, թե ինչ արդյունք կլինի։

Շվեյցարիան չի ասում, որ պետք է լինի այս կամ այն ​​արդյունքը։ Եթե նման բանակցություններ լինեն, այդ ժամանակ Ղարաբաղի հայերը կկարողանան ասել՝ առաջարկված պայմաններն ընդունելի՞ են, թե՞ ընդունելի չեն։ «Եթե մենք վերադառնանք, մեր մարդկային արժանապատվությունը, մեր հիմնարար իրավունքները կհարգվե՞ն, թե՞ ոչ»։ Եթե դա անհնար է, այդ դեպքում նրանք չեն վերադառնա։ Բայց մենք ուզում ենք փորձել սկսել այս զրույցն այնպես, որ Ադրբեջանը պարտավոր լինի խոսել այն համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց բռնի տեղահանել է, և որոնք տեղահանվել են էթնո-կրոնական զտման պատճառով։

Մենք կարծում ենք, որ նրանք պետք է խոսեն այդ համայնքի անդամների հետ վերադարձի պայմանների մասին։ Մենք չենք խոսում սահմանների և այս տեսակի բաների, ինքնորոշման մասին։ Մենք խոսում ենք այն մասին, որ ստեղծվեն պայմաններ, որոնք թույլ կտան ղարաբաղցիներին վերադառնալ իրենց տները։ 

– Էթնո-կրոնական զտումը ցեղասպանության տեսակ կարո՞ղ ենք համարել։

Ջոն Այբներ.– Կարծում եմ՝ այո։ Մի շարք իրավագետներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, կարծում են, որ այդպես է։ Կան նաև այլ իրավագետներ, որոնք այդպես են կարծում։ Սակայն հարցն այն չէ, թե արդյո՞ք դա դատարանի կողմից իրավականորեն ճանաչվել է որպես ցեղասպանություն, թե՞ ոչ։ Մարդիկ բռնի կերպով տեղահանվել են։ Անկասկած, սա էթնո-կրոնական զտման մի տեսակ է։ 

– Նկատի ունեք ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի տեսանկյունից, այո՞։

Ջոն Այբներ.– Եթե կարդաք ՄԱԿ-ի կոնվենցիան, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբերին իրենց տներից բռնի տեղահանելը կամ դուրս մղելը հստակ ցեղասպանություն է։ Պարտադիր չէ սպանել բոլորին՝ ցեղասպանության հանցագործության համար մեղավոր ճանաչվելու համար։ Բավական է բռնի կերպով վտարել մարդկանց իրենց հայրենիքից։ Ահա թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղում։

Այսպիսով, դա շատ հստակ համապատասխանում է ցեղասպանության սահմանմանը։ Բայց հետո հարց է առաջ գալիս, թե արդյո՞ք պետություններն ու միջազգային հանրությունը նույնպես ասում են, որ դա ցեղասպանություն է։ Կամ գուցե նրանք ցանկանում են ձեռնպա՞հ մնալ դա անելուց, քանի որ դա իրականում պարտավորություն է դնում նրանց վրա։ Ըստ Ցեղասպանության կոնվենցիայի, որն, անշուշտ, բոլոր արևմտյան կառավարություններն են ստորագրել, երբ նրանք տեսնում են ցեղասպանության նշաններ, պարտավոր են գործել։ Բայց նրանք նախընտրում են չգործել, այդ պատճառով էլ չեն անվանում դա ցեղասպանություն։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Միացյալ Նահանգներն ընդամենը մի քանի տարի առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հիշում եմ՝ ես Երևանում էի և տեսա մեծ պաստառներ Ջո Բայդենի հետ, որոնց վրա գրված էր. «Շնորհակալություն»: Ոչ թե Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ցեղասպանությունը, այլ հարյուր տարի առաջ տեղի ունեցած մեծ ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այսպիսով, Միացյալ Նահանգներից մոտ հարյուր տարի պահանջվեց, որ գան այդ որոշմանը. «Օ՜, այժմ մենք կարող ենք դա անվանել ցեղասպանություն և մենք պարտավոր չենք ոչինչ անել դրա հետ կապված: Մենք որևէ պարտավորություն չունենք»: Սա է իրականությունը։

-Պարզապես պատմական փաստի ճանաչում, որը, ինչպես իրենք էին նշում, զոհերի հիշատակը հարգելու մասին է, ոչ թե իրավական հետևանքների կամ Թուրքիային մեղադրելու:

Ջոն Այբներ.– Ոչ, նրանք դա չեն անում: Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների էթնիկ-կրոնական զտում բացարձակ անպատժելիությամբ: Ոչ մի պատիժ, ոչ մի պատժամիջոց: Ոչինչ: Ավելին, Միացյալ Նահանգները համաձայնել է ավելի շատ զենք ուղարկել նրանց:

Կա տեսանյութ, որը հրապարակել էին ադրբեջանական լրատվամիջոցները, թե ինչպես է Ալիևն Օքսֆորդում զրուցում Շվեյցարիայի այն ժամանակվա նախագահի հետ, և ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ նրանք խոսում էին էթնիկ զտումների ենթարկված Լեռնային Ղարաբաղում շվեյցարական ներդրումների մասին: Դա շատ պատկերավոր ցույց է տալիս, թե ինչպիսին է նրանց իրական դեմքը: Այո, ինչպիսին է արևմտյան քաղաքականությունը: 

– Իսկ ամոթ չէ՞ նրա ձեռքը սեղմելը։

Ջոն Այբներ.– Անձամբ ես կարծում եմ, որ ամոթ է։ Բայց խնդիրն այն է, որ ամոթն անհետանում է մեր մշակույթից։ Մարդիկ այլևս ոչնչից չեն ամաչում։ Այսօր կարևորը միայն փողն է ու իշխանությունը, և մարդիկ չեն ամաչում։ 

– Բաքվի բանտերում պահվող և խոշտանգումների ենթարկվող հայ ռազմագերիների և պատանդների առնչությամբ՝ ի՞նչ կարելի է անել նրանց ազատ արձակելու համար։ Մենք հիշում ենք, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Թրամփն ասաց Նիկոլ Փաշինյանին, որ խնդրելու է պարոն Ալիևին ազատ արձակել նրանց, բայց մենք առայժմ որևէ առաջընթաց չենք տեսնում այդ հարցում։

Ջոն Այբներ.– Ոչ, ուստի և պատանդների ազատ արձակմանը հասնելու միակ տարբերակն, ըստ իս, Միացյալ Նահանգների պես երկրի կողմից դա պնդելն է, որպեսզի դա դառնա գործարքի մաս: Մենք դա կանենք ձեզ համար, բայց պայմանով, որ դուք ազատ արձակեք պատանդներին: Սպիտակ տանը տեղի ունեցած դրվագի առնչությամբ խոսուն էր այն, որ Թրամփն այդ գործն արտապատվիրակեց Փաշինյանին: Նա չի ասել. «Ես ասելու եմ Ալիևին ազատ արձակել քրիստոնյաներին»:

Նա ասել է. «Դուք, պարոն վարչապետ, դուք ասեք Ադրբեջանի նախագահին, որ ազատ արձակի նրանց»: Մենք չգիտենք՝ Փաշինյանը խնդրե՞լ է, թե՞ ոչ: Բայց մենք գիտենք, որ նա հրապարակավ ասել է, որ հարցը փակված է: Այսպիսով, մենք պետք է ենթադրենք, որ նա չի խնդրում: Հետևաբար, մենք պետք է փորձենք հիշեցնել նախագահ Թրամփին, որ այս մարդիկ դեռ այնտեղ են, և ակնկալենք, որ նա կանի դա: Հնարավոր է՝ հաջորդ ընտրություններից հետո ինչ-որ բան տեղի ունենա, քանի որ վարչապետն իրեն ավելի ապահով կզգա այստեղ, և այն գործընթացը, որի մասին ես խոսեցի, շարունակվի, և գուցե այդ ժամանակ ինչ-որ փոփոխություն լինի Բաքվում պահվող պատանդների հարցում։ Եվ գուցե նույնիսկ Ադրբեջանը մտածի, որ ժամանակն է ազատվել այդ խնդրից։ Գուցեև՝ ոչ։ 

– Իսկ ի՞նչ կարող եք ասել որպես եզրակացություն՝ ամփոփելով ձեր այցը։

Ջոն Այբներ.– Հայաստանը ճգնաժամի մեջ է, և պարզ լուծում չկա։ Եվ մենք՝ որպես ոչ կառավարական կազմակերպություն, կառավարություն չենք։ Մենք շատ սահմանափակ ենք։ Մենք միայն կարող ենք խրախուսել հայ ազգին հավատարիմ մնալ իր պատմությանը, իր ավանդույթներին, իր քրիստոնեական հավատքին և լինել ողջ մնալու ռեժիմի մեջ։ Ուսումնասիրեք բոլոր հնարավորությունները՝ ձեր ապագան ձեր սեփական երկրում ապահովելու համար։

Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել։ Ես չեմ կարող դա անել հայերի փոխարեն։ Հայ անհատները չեն կարող դա անել ինքնուրույն։ Պետք է լինի այս իրավիճակը հասցեագրելու հավաքական կամք՝ կանխելու այն, ինչը ես տեսնում եմ՝ որպես Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանա-թրքացում։ Մարդիկ հաճախ են խոսում դեպի Արևմուտք շրջադարձի մասին։ Բայց եթե նայեք, թե ինչ է քաղաքականապես կատարվում այս բռնաճնշումների առնչությամբ, ապա կտեսնեք, որ Հայաստանն ավելի ու ավելի է նմանվում Ադրբեջանին և Թուրքիային, քան Միացյալ Նահանգներին կամ Արևմտյան Եվրոպային։ 

– Իսկ կարծում եք՝ կկարողանա՞նք կանխել Հայաստանի այդ «ադրբեջանա-թրքացումը»։ Հայաստանն ունի՞ դաշնակիցներ այդ հարցում։

Ջոն Այբներ.– Ինձ այդքան էլ չի թվում, որ դուք ունեք ուժեղ դաշնակիցներ միջազգային հանրության մեջ։ Դուք ունեք համակիրներ, բայց համակիրները դաշնակիցներ չեն։ Եվ նույնիսկ ցեղասպանության ժամանակ, որը մենք անվանում ենք Մեծ եղեռն, Ամերիկայում մեծ համակրանք կար այն մարդկանց կողմից, ովքեր գիտեին այդ մասին, և մարդիկ իսկապես գիտեին այդ մասին։ Բայց արդյո՞ք Միացյալ Նահանգները միջամտեց պատերազմին՝ հայերին փրկելու համար։ 

– Ոչ, և, ցավոք, Վիլսոնյան Հայաստանի ծրագիրն իրականություն չդարձավ։

Ջոն Այբներ.– Իհարկե, կար Վիլսոնյան տեսլականը, կար նախնական պայմանագիր, բայց դրանցից որևէ մեկը չիրականացավ, քանի որ, ի վերջո, ուժային հարաբերություններն էին որոշում ապագան։ Ես չեմ կարող ասել, թե կա ինչ-որ քայլերի հաջորդականություն, որոնք անելու դեպքում կարելի է ողջ մնալ։ Բայց ես գիտեմ, որ կան որոշակի բաներ, որոնք անհրաժեշտ են ողջ մնալու համար, և ես քիչ առաջ ուրվագծեցի դրանցից մի քանիսը։

Դուք պետք է հավատաք ապագային, որը հիմնված է ձեր անցյալի վրա, և դա ողջ մնալու կամքն է։ Հայ ազգն ամենամռայլ ժամանակներում էլ ապրելու կամք է ցույց տվել։ Հայ ազգը հավատարիմ է մնացել իր հավատքին։ Հայերն անգամ մահվան սպառնալիքի տակ չհրաժարվեցին իրենց հավատքից ու չդարձան մուսուլման։ Մի պահ պարզապես մտածեք այդ մասին։ Ինչո՞ւ նրանք պարզապես մուսուլման չդարձան։ 

– Լավ հարց է։ Որովհետև հավատքը շատ կարևո՞ր է նրանց համար։

Ջոն Այբներ.– Անշուշտ։ Թուրքիայում կան հայ մուսուլմաններ։ Ցեղասպանության ժամանակ, կրկին, կա մի ասացվածք, որ յուրաքանչյուր քուրդ հայ տատիկ է ունեցել։ Այսպիսով, կան մարդիկ, ովքեր էթնիկ հայեր են, նրանց ԴՆԹ-ն հայկական է, և նրանք այժմ մուսուլմաններ են։ Նրանք կորցրել են իրենց ինքնությունը։ Նրանք լիովին ինտեգրվել են թուրքական հասարակությանը։ 

– Եվ կորցրեցին իրենց ինքնությունը։

Ջոն Այբներ.– Նրանք նորը ձեռք բերեցին։ Նրանք ունեն նոր ինքնություն։ Նրանք թուրք են։ Նրանք մուսուլման են։ Ուրեմն ինչո՞ւ դա չանել այստեղ։ Սա է հայ ազգի առջև ծառացած մարտահրավերը, որովհետև կարող եմ վստահեցնել Ձեզ, որ դա է այն, ինչի հետ դուք բախվելու եք։ 

– Շատ ճիշտ նկատեցիք։ 

Ջոն Այբներ.Դա սարսափելի կանխատեսում է։ Ես չէի ուզենա այդպիսի բաներ ասել, բայց այսօրվա զարգացումների տրամաբանությունը բերում է դրան, որ դա է անհրաժեշտ գոյությունն ու ինքնությունը պահպանելու համար։ Ես հիշում եմ Նարեկ Կարապետյանի՝ վերջերս տված հարցազրույցը, և նա միանգամայն ճիշտ էր։

– Այո, Թաքեր Կարլսոնի հետ։

Ջոն Այբներ.– Որ հայերի համար փրկվելու միակ ճանապարհն իսլամ ընդունելն էր։ Հարցն ազգային պատկանելությունը չէր։ Թուրքերը չէին ուզում սպանել բոլոր նրանց, ովքեր հայկական արյուն ունեն, այլ դա հիմնականում ուղղված էր քրիստոնյաների դեմ։ Եվ եթե դուք դավանափոխ լինեիք, ապա ողջ կմնայիք։ Եվ սա է այսօր հայերի մեծ մարտահրավերն իրենց սեփական հանրապետությունում, քանի որ նեոօսմանյան աշխարհը կարող է պարզապես կլանել նրանց։ Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը հայկական քրիստոնեական քաղաքական կազմավորումը համարում են խոչընդոտ թյուրքական և մուսուլմանական Կենտրոնական Ասիայի հետ կապվելու ճանապարհին և ուզում են վերացնել այդ խոչընդոտը։ 

– Շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Այբներ, և շնորհակալ եմ հայ ազգին ցուցաբերած աջակցության համար։ Մենք դա իսկապես գնահատում ենք։

Ջոն Այբներ.– Ինձ համար մեծագույն հաճույք էր և պատիվ խոսել Ձեր լսարանի առջև, քանի որ լի եմ հիացմունքով։ Իհարկե, ես որոշ բաներ գիտեմ պատմությունից, բայց շատ բաներ նաև իմ աչքով եմ տեսել։ Ես Լեռնային Ղարաբաղում էի 1991 թվականին։ Ես նկուղներում էի, երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտը «Գրադ»-ի արկերով։ Ես այնտեղ էի կանանց և երեխաների հետ, և ես կարող էի տեսնել ապրելու, քրիստոնյա ժողովուրդ մնալու վճռականությունը սեփական հողում, և դա ինձ ոգեշնչում է։ Այնպես որ, ամենաքիչը, որ կարող եմ անել, բարձրաձայնելն է։ 

– Շնորհակալ եմ։

Ջոն Այբներ.– Սիրով։

Տեսանյութեր

Լրահոս