Բավարարի խնդիր. ընդդիմությունը կարող է հաղթել, եթե…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Նիկոլ Փաշինյանի գոյությունն իշխանության կարգավիճակում անոմալիա է: Դա մի անգամ տեղի է ունեցել 2018թ. և շարունակվում է արդեն ութ տարի՝ սպառնալով չընդհատել պետության կործանման ընթացքը նաև հունիսի 7-ից հետո:

Հասարակությունը, եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ առնվազն որակյալ շերտերով գիտակցում է այդ անոմալիան: Միևնույն ժամանակ, նույն հասարակությունը գրեթե անհաղորդ է քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ այսօր ընթացող նախընտրական արշավին, և ոչ համարժեքորեն է արձագանքում պետության առջև ծառացած սպառնալիքների մասին ահազանգերին ու դրանք կանխելու համար իշխանությանը հեռացնելու անհրաժեշտության մասին կոչերին: Որպես կանոն՝ դա կոչեր հնչեցնողների կողմից որակվում է որպես լատենտ իշխանամետություն, որպես ՔՊ-ին ոչ բացահայտորեն աջակցելու վարքագիծ:

Իրականության մեջ, սակայն, անհաղորդ շերտերը եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա զգալի մասով անտարբեր են ոչ թե՝ որովհետև ուզում են թաքուն աջակցել Նիկոլ Փաշինյանին, այլ չեն տրվում ընդդիմադիրների ագրեսիվ կարգախոսներին և մտածելու դեպքում հաճախ չեն գտնում հարցի պատասխանը, թե ի՞նչ է լինելու, եթե հաջողվի ՔՊ-ին հեռացնել իշխանությունից:

Մաթեմատիկական լեզվով, ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Դա մի կողմից՝ նշանակում է, որ առանց ՔՊ-ի հեռացման՝ Հայաստանը կործանումից փրկվելու շանս գործնականում չունի: Բայց մյուս կողմից՝ ՔՊ-ի ու Փաշինյանի հեռացումն ավտոմատաբար չի ենթադրում շանսի հայտնություն ու պետության փրկություն միայն կործանողների հեռացման բերումով:

Կարդացեք նաև

Մարդիկ ցանկանում են իմանալ, թե ինչ է լինելու հունիսի 7-ից հետո, եթե վերջապես միասնական ուժերով հաջողվի ունենալ առանց ՔՊ-ի Հայաստան: Մեղադրել մարդկանց այդ ցանկության մեջ՝ առնվազն ազնիվ չէ, որովհետև իրենց այդ ցանկությամբ պարզ մարդիկ ցուցաբերում են շատ ավելի լուրջ պետականամետություն, քան բոլոր նրանք, ովքեր ամեն ինչի փրկությունը կուրորեն տեսնում են միայն իշխանափոխության մեջ՝ երկրորդական համարելով դրանից հետոյի անելիքը:

Հայաստանն այս ողբերգական վիճակում է հայտնվել, ի թիվս այլ գործոնների, նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ այն պատճառով, որ 2018-ին մարդիկ հենց կուրորեն նետվել են հրապարակներ, իսկ շատերին նետել են հրապարակներ՝ հանուն սոսկ իշխանափոխության, որն այն ժամանակ հռչակվել էր՝ որպես ոչ թե ինչ-որ բարձր նպատակի սպասարկող միջոց, այլ գերնպատակ:

Բոլոր նրանք, ովքեր այսօր կասկածամտորեն են վերաբերվում միայն իշխանափոխությամբ, բայց ոչ հետոյի մասին հստակ տեսլականով կոչերին, չեն ուզում կրկնել հենց ութ տարի առաջվա սխալը, չեն ուզում երկրորդ անգամ մասնակցել գործընթացի, որը կարող է ավարտին հասցնել պետության կործանման վերջին արարը:

Ընտրություններին մնացել է ուղիղ երեք շաբաթ ժամանակ: Դա մի կողմից՝ անհուսորեն քիչ է, բայց մյուս կողմից՝ արդյունավետ աշխատելու դեպքում՝ առնվազն բավարար, որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան մարդկանց ոչ միայն ուղղակի տեղեկացնել, այլև հավատ առաջնացող խորությամբ բացատել, թե ինչ է լինելու իշխանափոխությունից հետո:

Հայաստանն այսօր գտնվում է ոչ թե լավ կամ լավագույն լուծումների, այլ վատթարագույնից խուսափելու հրամայականի առաջ: Բոլոր մտածող մարդիկ վստահաբար կարող են դառնալ ընդդիմության աջակիցն ու ընտրողը, եթե նրանց ներկայացվի «անհրաժեշտից» հետո նաև «բավարարի» բաղադրիչը:  

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031