Մակրոնը ստում է… Նրա արածը Արցախն Ադրբեջանին տալն էր… Էդ Դուք եք գալո՞ւ՝ Հայաստանի սահմանները պահեք… Սյունիքը մեր Հորմո՛ւզն է. Հարությունյան
Սյունիքը մեր Հորմուզն է, և այն որևէ մեկի անմիջական կամ անուղղակի վերահսկողության տակ թողնելն անթույլատրելի է։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ (1992-93 թթ.) Խոսրով Հարությունյանը՝ խոսելով Հայաստանի շուրջ տարածաշրջանային գործընթացների մասին։

«Արտաքին սպառնալիքները չեզոքացնելու գլխավոր ռեսուրսը մեր աշխարհագրական դիրքն է՝ այն աշխարհաքաղաքական ներուժի վերածելու առումով։ Եթե դու աշխարհագրական դիրքը չես դարձնում աշխարհաքաղաքական ներուժ, այսինքն՝ չես փորձում աշխարհագրական դիրքն օգտագործելով՝ հայտնվել միջազգային կարևորության այնպիսի մեգանախագծերի մեջ, որի արդյունքում քո անվտանգությամբ մեգանախագծերի կարևոր դերակատարներն են դառնում շահագրգռված՝ իրենց իսկ նպատակներից ելնելով, ապա քո աշխարհագրական դիրքը ոչինչ չի տալիս քեզ։
Այդ տեսանկյունից Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին միացնելը, հետագայում նաև Իգդիրով դեպի Կարս դուրս գալը Հայաստանին ոչինչ չի տալիս։ Ասեմ ավելին՝ Սյունիքը մեզ համար նույն «Հորմուզն» է. ինչ նշանակություն Հորմուզն ունի Իրանի համար, Սյունիքն էլ մեր «Հորմուզն» է, և այն որևէ մեկին անմիջական կամ անուղղակի, կարճաժամկետ, երկարաժամկետ վերահսկողության տակ թողնելն ուղղակի անթույլատրելի է»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Նախկին վարչապետի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Պեկինում մեկնարկած բանակցություններով միգուցեև սկիզբ է դրվում նոր՝ երկբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։
«Տեսնենք՝ ինչ արդյունքներ կտան այս բանակցությունները։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները մտահոգ են չինական տնտեսության և Չինաստանի աշխարհատնտեսական ազդեցության ընդլայնմամբ, և դա բնական է։ Ի տարբերություն Միացյալ Նահանգների՝ Չինաստանն իր միջպետական հարաբերությունները ձևավորում է ոչ թե ուժի ակնհայտ դրսևորմամբ՝ բիրտ ուժով, այլ փորձում են անել այնպիսի առաջարկներ, որոնք ձեռնտու են կողմերին։ Դրանք, որպես կանոն, լինում են ենթակառուցվածքային բնույթի ներդրումներ, որոնք շատ ձեռնտու են լինում այդ երկրներին, որից շահում է նաև Չինաստանը։
Չինացիները բոլորովին այլ քաղաքականություն են վարում, և այդ քաղաքականությունն այսօր միանգամայն արդարացված է, ընդ որում, չինացիների ազդեցությունը գլոբալ հարավում անհամեմատ ավելի մեծ է, և գլոբալ հարավի պետություններն այսօր ի դեմս Չինաստանի՝ տեսնում են շատ վստահելի գործընկերոջ, որը գործում է երկուստեք փոխշահավետ նախաձեռնությունների սկզբունքով, մինչդեռ Միացյալ Նահանգները գործում է գործարքի սկզբունքով.
«Ձեզ պե՞տք է անվտանգություն՝ վճարե՛ք, ես կապահովեմ Ձեր անվտանգությունը»։ Սրանք տարբեր երկրներ են, և Իրանի հետ առճակատման հետևանքով այժմ Ծոցի երկրների վիճակը բավականին խոցելի դարձավ այդ տեսանկյունից, հետևաբար՝ մենք հավանաբար ականատես կլինենք գլոբալ աշխարհատնտեսական զարգացումների այս երկու կոնցեպտների մրցակցությանը։ Ելնելով այս ամենից՝ ենթադրում եմ, որ մենք ականատես ենք ապագա երկբևեռ գլոբալ համակարգի ձևավորման հիմնաքարի տեղադրմանը։

Տնտեսական առումով չինացիներն ակնհայտորեն առաջատար են և հիմա փորձում են հասնել Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին նաև իրենց միջուկային կարողություններով։ Կտեսնենք՝ ինչպիսին կլինեն զարգացումները, որովհետև անորոշությունները շատ են։ Միայն Մերձավոր Արևելքի այս առճակատումը ցույց տվեց, թե ինչքան խոցելի է գլոբալ տնտեսական համակարգը»,- մեկնաբանում է Խոսրով Հարությունյանը։
Այս համատեքստում նա հավելում է, որ Իրանի դեմ պատերազմ սանձազերծելով՝ Միացյալ Նահանգները կամա թե ակամա Իրանը դարձնում է գլոբալ ազդեցիկ խաղացող։
Խոսրով Հարությունյանը շեշտում է՝ պետք է շատ լրջորեն ուսումնասիրենք Իրանի դիմադրողականության հիմնական կռվանները, որոնք թույլ տվեցին Իրանի Իսլամական Հանրապետությանը հաջողությամբ դիմակայել աշխարհի թիվ 1 գերտերությանն ու նրա դաշնակցին։
Նա ուշադրություն է հրավիրում հատկապես իրանական հասարակության արժեհամակարգի և պետականամետության կարևորագույն գործոնի վրա, որի հիմքի վրա իրանցի ժողովուրդը, չնայած գերագույն առաջնորդի և ռազմաքաղաքական մի շարք ղեկավարների սպանությանը, պահպանեց իր միասնականությունը և համախմբվեց արտաքին վտանգին դեմ հանդիման։ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ իրանական այս ֆենոմենը շատ լավ օրինակ է Հայաստանի համար, որտեղ հայ ինքնության արժեհամակարգն այսօր սիստեմատիկ «հիբրիդային» հարձակումների է ենթարկվում գործող իշխանության կողմից։
«40 տարի Իրանը գտնվում սարսափելի պատժամիջոցների տակ, բայց բժշկագիտության ոլորտում 4-րդն է աշխարհում, իմպլանտների արտադրության ոլորտում 2-րդն է։ ԱԹՍ-ների արտադրություն, ռեակտիվ կարողություններ, գերձայնային հրթիռների արտադրություն՝ այս բոլորը խոսում է այն մասին, որ Իրանի գիտատեխնոլոգիական մակարդակն այս 40 տարվա ընթացքում ոչ թե նվազել է, այլ բարձրացել։ Նրանք ոչ թե ընկճվել են այս ամենից, այլ ճիշտ հակառակը՝ ոգևորվել են, որ իրենք ունակ են և պատրաստ պետք է լինեն դիմագրավելու այդ բոլոր ճնշումներին։
Արժեհամակարգի իմաստը սա է։ Հիմա եթե դա փորձում ենք տեղափոխել հայաստանյան իրականություն, խոսում են ինչ-որ «հիբրիդային» ազդեցությունների մասին, բայց, ներեցեք, գործող իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունն ամենաիրական հիբրիդային պատերազմն է հայ ինքնության դեմ։ Սա ակնհայտ է։ Շատ պարզ բան եմ ուզում հարցնել՝ Ռուսաստա՞նն է ստիպել, որ մենք Մասիս սարի նշանակությունը նսեմացնենք։ Իհարկե ոչ»,- նշում է Հարությունյանը։

Զրուցակիցը կասկածում է, որ նույնիսկ Թուրքիան նման քայլեր պարտադրած լինի Փաշինյանին։ Նրա խոսքով՝ նման բաներ կարող է իրեն թույլ տալ Ալիևը, որը զարմանում է, թե «ինչո՞ւ Հայաստանում կան ուժեր, որոնք ատում են ադրբեջանցիներին», բայց Սևակն է ասել՝ հայերն աշխարհի այն բացառիկ ազգերից են, որոնք, այսքան դժբախտություններ տեսնելով, ատելություն չեն ձևավորել նույնիսկ իրենց թշնամու նկատմամբ։
Խոսրով Հարությունյանը հավելում է.
«Մենք շատ ուժեղ ենք մեր պատմական անցյալով, մեր հոգևոր-մշակութային ատաղձով, և ալիևները կգան ու կգնան, բայց հայ ժողովուրդը մնալու է։ Ես չեմ կարծում, թե մենք՝ հայերս, երբևէ կառաջնորդվենք ատելությամբ։ Իհարկե, կա կարծիք, որ ատելությունը նաև կարևոր գործոն է վճռական գործողություններ անելու համար, բայց ես կարծում եմ՝ մեր պարագայում ավելի շատ պետք է մտածենք ոչ թե վճռական գործողությունների, այլ մասին, թե ռազմավարական ինչ քայլեր պիտի անենք, որ դիմացինը ստիպված հաշտվի մեր գոյության անխուսափելի անհրաժեշտության հետ։ Այսօր որևիցե մեկը չի կարող ինձ հակառակում համոզել, որ Ալիևը չի մտածում հայոց պետականության կործանման մասին։ Դա իր աստեղային ժամն է, իրեն թվում է, թե ինքը «կինոյի տղան ա», և իրեն թվում է, թե իր անունն իր ժողովրդի պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու»։
Խոսրով Հարությունյանը շեշտեց՝ մեր հիմնական զենքը մեր հոգևոր ժառանգությունն է, և հայ ժողովուրդը միշտ պետք է համախմբված լինի այդ արժեհամակարգի շուրջ։
Այս տեսանկյունից նա առավել վտանգավոր է համարում մեր կարողությունները ջլատող փաշինյանական փորձերը։ Խոսրով Հարությունյանը պատասխանում է Փաշինյանի հայտարարությանը, թե «որտե՞ղ է գրված, որ Արցախը հայկական է»։
«Ա՜յ քեզ բան… Որտե՞ղ է գրված։ Ասեմ՝ այնտեղ, որտեղ գրված էր Պապ թագավորի մասին։ Ասում եմ՝ էնտեղ, որտեղ գրված էր Պապ թագավորի մասին։ Շատ պա՞րզ եմ ասում, չէ։ Գնա, կարդա՝ որտեղ է գրված, որ Արցախը հայկական է»,- հայտարարեց նախկին վարչապետը։
Վերադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ Խոսրով Հարությունյանն անդրադառնում է Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններին, «եվրոպական երկրների արշավանքին» Հայաստանում՝ եվրոգագաթնաժողովներին, և պատասխանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններին Երևանում.
«Մեր տարածքը փորձում են օգտագործել իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Մակրոնը մեղադրում էր Ռուսաստանին 44-օրյա պատերազմում Հայաստանին չպաշտպանելու համար։ Պարոն Մակրոն, 44-օրյա պատերազմի ժամանակ Դուք ի՞նչ եք արել։ Մի փորձ արեցիք հրադադար հաստատելու՝ չստացվեց։ 44-օրյա պատերազմը դադարեց ուղղակիորեն Ռուսաստանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։ Սա փաստ է։ Եռակողմ հայտարարության տակ Մակրոնի ստորագրությունը չկա… Մակրոնի արածն Արցախն Ադրբեջանին տալն էր։ Ասում է՝ 4000 ռուս զինվոր կա սահմաններին։ Էդ Դուք եք գալո՞ւ՝ Հայաստանի սահմանները պահեք։ Դուք մի Կիլիկիա չկարողացաք պահել 1920 թվականին։

Ի դեպ, ասեմ՝ այս վերջին 30 տարվա ընթացքում, իմ խորին համոզմամբ, Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է, և արժե, որ այս մասին իմանա նաև ֆրանսահայությունը։ Ուզում եմ ասել՝ այս եվրոպական արշավը Փաշինյանին այս նախընտրական փուլում փիառ աջակցություն ցուցաբերելուց բացի՝ ուրիշ ոչ մի խնդիր Հայաստանի համար չի լուծել։ Մակրոն-Էրդողան-Հաքան Ֆիդան-Ալիև քառյակի երազած վարչապետը Փաշինյանն է… Մակրոնը ստում է, որովհետև նույն 2018 թվականին Հայաստանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի հավաքը…»։
Խոսրով Հարությունյանը համոզված է՝ առաջիկա ընտրությունների արդյունքում ունենալու ենք որակապես նոր իշխանություն։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



