Հայաստանն ընտրություններից առաջ. Փաշինյանի պատասխանը Պուտինին, հարևանների հետ բանակցությունները և թվային «ուրվականները»
Երևանն ու Բաքուն քննարկում են առևտրատնտեսական կապերի ընդլայնումը
ՀՀ վարչապետը, ԱԺ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո ձևական արձակուրդի մեկնած, այս պահին ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում երկրի գտնվելու ընտրության վերաբերյալ հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում. «..․կանցկացնենք այն պահին, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն կլինի»:
Ռուս-հայկական հարաբերությունների «անխուսափելի տրանսֆորմացիայի» խորապատկերին Երևանը դեռ չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, հավելել է «Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը՝ շարունակելով. «Այս թեմայով բազմիցս եմ արտահայտվել։ Ռուսաստանի նախագահի հետ այս հարցով աշխատանքային քննարկումներ ենք ունեցել։ Հրապարակավ ասել եմ՝ մինչև այն պահը, երբ ընտրության անհրաժեշտություն չլինի՝ դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգ չենք դնի։ Ես համաձայն չեմ «ամուսնալուծություն» ձևակերպման հետ, որովհետև երբեմն մենք միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ»։
«Հայաստանը հարգանքով է վերաբերվում՝ ինչպես ԵԱՏՄ բոլոր անդամներին, այնպես էլ՝ միությանը սեփական մասնակցությանը, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու նպատակ չկա, իսկ Վլադիմիր Պուտինի հետ պահպանվում են աշխատանքային հարաբերությունները, որոնք հիմնված են «փոխադարձ վստահության վրա։ Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք հանգիստ, հարգալից, բարեկամական մթնոլորտում»:
Ինչ վերաբերում է մայիսի 4-ին «Եվրոպական քաղաքական հանրության» գագաթնաժողովում Զելենսկու հայտարարություններին, որոնք հարուցել են Մոսկվայի կտրուկ արձագանքը, ապա Փաշինյանը չի կարծում, որ հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակով պետք է զբաղվի գրաքննությամբ կամ անպայման արձագանքի ամեն ինչին, քանի որ, իբր, «սա բազմակողմանի հարթակ է, և մարդիկ պետք է հնարավորություն ունենան արտահայտվելու։ ..․ Եղել է, իմ ներկայությամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարբեր երկրների հասցեին հայտարարություն է արել, բայց ես չեմ հիշում, որ Ռուսաստանն ինձնից արձագանք սպասեր»։
Ինչպես և սպասվում էր ավելի վաղ, Փաշինյանը կրկին նախընտրական քարոզարշավի պատճառաբանությամբ չի մասնակցի մայիսի 28-ին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստին, ինչի մասին նա արդեն տեղեկացրել է Ռուսաստանի (դեռևս ապրիլի 1-ին) և Ղազախստանի ղեկավարներին: Հայաստանն այդ օրն Աստանայում կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 9-ին, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր հանրաքվե անցկացնել Եվրոպական միության (որտեղ, նկատենք, որպես լիիրավ անդամ կամ գոնե թեկնածու՝ Երևանին ոչ ոք չի կանչել և չի պատրաստվում կանչել) և Եվրասիական տնտեսական միության միջև, որտեղ գտնվելուց փոքր կովկասյան երկիրը զգալի արտոնություններ է ստանում։
«Եվրոպամետ» օրակարգին հավանություն տալու դեպքում Ռուսաստանը պատրաստ է «քաղաքակիրթ ամուսնալուծության» գործընթաց սկսել։ Ամեն դեպքում, Մոսկվան կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն Ուկրաինայում ապակառուցողական գործընթացները սկսվում էին հենց անխոհեմ «եվրաինտեգրման» մասին քննարկումներից։

Հայաստանի առանձնահատկությունը կայանում է այն բանում, որ իրականությունից կտրված «եվրոպական» հռետորաբանության շղարշի հետևում խոսքը բրյուսելյան կառույցների ֆինանսական աջակցությամբ «թյուրքական աշխարհում» հանրապետությունը ներդնելու մասին է, կարծում է լրագրող և քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում ուղիղ սահմանային հաղորդակցության բացման շուրջ՝ շրջանցելով Վրաստանի տարածքը։ Անդրսահմանային առևտրի վերսկսումը կարող է լրջորեն փոխել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի կառուցվածքը։ Արդիականացնելով Բաքվի նավահանգիստը՝ Ադրբեջանը հավակնում է առանցքային տարանցիկ օղակի դեր ստանձնել Չինաստանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Եվրոպայի միջև, և Հայաստանը կարող էր այստեղ որոշակի արտոնություններ ստանալ (իհարկե, «լավ վարքի» և ներկայացվող պահանջների անշեղ կատարման դեպքում)։
Երևանն ու Բաքուն բանակցություններ են վարում Հայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղի, հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի և տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունների շուրջ, հունվարին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Ըստ հայաստանյան լրատվամիջոցների՝ Հայաստան նավթամթերք ներկրող ընկերությունները կապված են խոշոր գործարարներ Խաչատուր Սուքիասյանի և Սամվել Ալեքսանյանի հետ:
Դեռևս 2024 թվականին Ալիևը հայտարարել էր․ «արտահանման հնարավորությունների ընդլայնման շրջանակներում Բաքուն թույլ է տալիս Հայաստանի տարածքով անցկացնել էլեկտրահաղորդման գծերից և գազատարներից մեկը։ Հայաստանը կարող է պոտենցիալ դառնալ Ադրբեջանից գազ ստացող»։
Աղվերանում կայացած վերջին բանակցությունները (այդ թվում՝ բիզնես համայնքների գծով) և հայ-թուրքական շփումները «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում կարող են ներկայացվել՝ որպես ինչ-որ «ապահովագրական մեխանիզմ» Ռուսաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա դեգրադացիայի դեպքում։
Եվ ահա արդեն Փաշինյանը ազդարարում է թուրքական կողմի կողմից երկկողմ առևտրի դյուրացման մասին, ձեռքի հետ էլ պնդում՝ Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել, որովհետև այնտեղ իբր ոչինչ չի կառուցվել։ Իր հերթին, Ադրբեջանի առաջնորդը նախազգուշացնում է հայ ժողովրդին «ռևանշիստական ուժերի» իշխանության գալուց «մեծ անախորժություններ»:

Հավանաբար, քվեարկության արդյունքները ճշգրիտ կանխատեսել չի կարող ոչ ոք։ Տեղական Gallup International Association սոցիոլոգիական գործակալության տվյալներով՝ պոտենցիալ ընտրողների մի փոքր ավելի, քան 24%-ը ներկայումս պատրաստ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երկրորդ տեղում է՝ զգալի առավելությամբ (ավելի քան 13%), որին հաջորդում են գործարար Գարիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստանը» և Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։
Նախընտրական մրցավազքը շատ սուր բնույթ է կրում, չեն բացառվում կտրուկ քայլերը, ընդհուպ՝ մինչև ընտրապայքարից «Ուժեղ Հայաստանին» դուրս բերելու փորձը, ինչը կդառնա հերթական ընդգծված-ցուցադրական հակառուսական ժեստը:
Կուսակցության մարզային գրասենյակներում անդադար խուզարկությունները, հեռախոսների գաղտնալսումները, ակտիվիստների ձերբակալություններն «իրավապահների» գործողությունների սիրված մեթոդն են, առավել ևս՝ վրդովվեցուցիչ՝ դատական որոշումների բացակայության խորապատկերին։
Որևէ լուրջ հաստատում չեն գտնում նաև ՔՊ ֆունկցիոներների պարբերական հղումները Կրեմլի կողմից իբր վարվող «հիբրիդային պատերազմին»։ Նախօրեին մարտի է դուրս եկել «ծանր հրետանին»՝ ի դեմս Սթարմերի կառավարության, որը սոցիալական նախագծման գործակալությանը մեղադրել է Հայաստանում «ռուսամետ կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձի մեջ։
Բացի այդ, բրիտանացիները «Դիալոգ» (ինտերնետ-հաղորդակցության ոլորտում իրավասությունների միջգերատեսչական կենտրոն) գործունեությունը կապել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմի և ռուսական հատուկ ծառայությունների հետ՝ պնդելով, որ այդ կառույցը մասնակցել է Հայաստանի ներքին քաղաքականության վրա ազդեցության արշավներին։
«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ»,- ասվում է Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ: Հենց Արևմուտքը պետք է հրաժարվի մոլդովական և ռումինական սցենարներով ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելուց։

Ընդհակառակը, հայկական իշխանությունն ակտիվորեն օգտագործում է այդ «հիբրիդային պատերազմի» հնարքները, հատկապես՝ սոցիալական ցանցերում, ձգտելով փոխել իր համար անբարենպաստ միտումները խոշոր քաղաքներում և առաջին հերթին՝ մայրաքաղաքում։
Օրինակ, նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ և դրա մեկնարկից անմիջապես հետո, բազմամյա «ձմեռումից» հետո կտրուկ ակտիվացան 2020-2023 թվականներին (նախորդ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին) ստեղծված տասնյակ էջեր տարբեր սոցիալական ցանցերում, որոնք սկսեցին, ասես հրահանգով, տարածել «Քաղաքացիական պայմանագրի» և նրա ընդդիմախոսների դեմ ուղղված «սևացնող» քարոզչական նյութերը։

Հատկանշական է՝ հազարավոր կամ նույնիսկ տասնյակ-հազարավոր դոլարներ են ծախսվում նպատակային գովազդային արշավների վրա, սակայն Meta կորպորացիայի արխիվում համապատասխան հայտարարությունները չեն պահպանվում, քանի որ դրանց հեղինակներն ուղիներ են գտնում իրենց գրությունները «քաղաքական գովազդ» նշումով չուղեկցելու, ստվերում մնալու, անձնական տվյալները թաքցնելու և այլն, ինչն ընդհանրապես ուղղակիորեն հակասում է Ֆեյսբուքի և այլ սոցիալական ցանցերի կանոններին:
Այնուամենայնիվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, ոչ մի «կանոն» գոյություն չունի, եթե խնդիր է դրված առաջ մղել «ճիշտ» թեկնածուին՝ հաշվի չնստելով ոչ մի բանի հետ, ինչպես դա եղավ Մոլդովայում. բոլորն ամեն կերպ առաջ էին մղում Մայա Սանդուին և նրա թիմին՝ կիրառելով այնպիսի մեթոդներ, որոնք անհիմն կերպով վերագրվում էին հակառակորդներին։
Անդրեյ Արեշև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



