Թոնդրակեցիների աղանդավորական շարժման ստվերը մեր ժամանակներում. շարժման պատմությունը, գաղափարներն ու վախճանը
«Թոնդրակեցիներ» աղանդավորական շարժումը հիմնադրվեց 9-րդ դարում, որի հիմնադիրն էր Սմբատ Զարեհավանցին: Նա Հայաստանի տարբեր վայրերում քարոզել էր աղանդավորական գաղափարներ։
Հետագայում նա Թոնդրակ ավանում կազմակերպեց մի համայնք և այն վերածեց շարժման կենտրոնի։ Աղանդավորական շարժումը ներգրավեց նորանոր հետևորդների:

Թոնդրակեցիները ձգտում էին վերացնել բարձրագույն հոգևորականությունը և պարզեցնել եկեղեցական ծեսերը։ Նրանք մերժում էին խաչի, եկեղեցու և նրա խորհուրդների պաշտամունքը: Թոնդրակեցիների ուսմունքի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը չէր կարող լինել աստվածային էակ, նա միայն մարդ էր և մարգարե։
Աղանդի ուսմունքով մարդու և Աստծո միջև միջնորդություն իրականացնող բոլոր նյութական խորհրդանիշները՝ խաչը, եկեղեցին, հոգևորական դասը, սրբապատկերները և ծեսերը, դառնում էին անիմաստ: Հայ պատմագրության պատմության մեջ պահպանվել են տեղեկություններ Սմբատ Զարեհավանցու և շարժման մասին:

Մասնավորապես, Լեոն իր «Հայոց պատմություն» աշխատության մեջ հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում Սմբատ Զարեհավանցու և շարժման մասին՝ հղում անելով նաև մի շարք հայ հոգևոր հեղինակների ևս, ովքեր գրել են Զարեհավանցու մասին.
«Սմբատ Զարեհավանցին իրեն անվանում էր Քրիստոս և նրա հետևողները հենց այնպես էլ հավատում էին, թե նա նոր մարմին առած Քրիստոսն էր: …Այս բազմահնար կեղծավորս, զոր Փոտի և Պետրոս Սիկիլացվո հետ՝ Նարեկացին և Մագիստրոս իսկ միաբերան Գերաքրիստոսի կարապետ և Նեռն կը կոչեն, ոչ միայն արտաքուստ քրիստոնյա և քրձազգյաց ճգնող կը ձևանար, այլ նույնիսկ ինքզինքը լույս, կյանք և ճշմարտություն կանվաներ, այլովք հանդերձ, բայց ներքնապես ոխերիմ թշնամի էր ամենայն քրիստոնեական օրինաց և գործով կը ջանար կործանել զայն: Աշխարհական մ՛էր լոկ, և եպիսկոպոս կը ձևանայր: Սադուկեցվոց պես կուրանայր հանդերձյալ կյանքն և հոգվո անմահությունը»: (Լեո, «Հայոց պատմություն», հատոր 2, Երևան, 1967, էջ 462):

Թոնդրակյանների գաղափարական համակարգի մասին հետագա ուսումնասիրողները յուրահատուկ դիտարկումներ ևս արել են: Մասնավորապես ուսումնասիրողներից մեկը հետաքրքիր կապ զուգահեռներ է տեսնում թոնդրակյանների և մասոնական համակարգի մի շարք գաղափարական կետերի հետ և այն համարում մասոնության առաջին նախատիպ-շարժում.
«Նորահնար բառիս ճիշտ նշանակությամբ (Թոնդրակեցիները) հին աշխարհի ճշմարիտ ոչնչականներն էին և ընկերավարակներ, և ամեն բան կուզեին ոչնչացնել: Անկրոնք և անաստվածք էին, ոչ միայն ի գործնականին, այլև տեսական սկզբամբք:
Այնպես որ նմանությամբ կրնանք ըսել թե Թոնդրակեցվոց աղանդը, նկատելով իբրև պարառություն մ՛ամենայն մոլորությանց և հերեսիովսությանց, վերջին ժամանակաց Սոկինյանության նախածնողը և նախագաղափարն եղած է, իսկ իբրև բացառություն ամենայն կրոնից և աստվածապաշտության՝ կարելի է այժմյան Մասոնության կամ ազատ որմնադրաց աղանդին իբրև նախկին ներկայացուցիչ անվանել զայն»: (Սարգիսյան Հ., «Ուսումնասիրություն Մանիքեա-պավղիկյան Թոնդրակեցիներու աղանդին», «Բազմավէպ», 1893, էջ 62-63):

Թոնդրակեցիների աղանդի մասին իր հետաքրքիր դիտարկումն է անում նաև Գրիգոր Նարեկացին, ով պարզ և հստակ տալիս է այդ աղանդի ամբողջ պատկերը.
«Եւ շարք շանց, և գումար գողոց, և գունդք գայլոց և դասք դիւաց, և ազինք աւազակաց և կոյտք կերչաց, և բոյլք բարբարոսաց և երամք թունաւոր օձից և փառք մարդադէմ գազանաց և կաճառք, հախարդասարաս աղանդաւորաց»: (Նույն տեղում, էջ 464):
Թոնդրակեցիների աղանդի հիմնադիր Սմբատ Զարեհավանցին ինչպես սկանդալային սկսեց իր ճանապարհը, այնպես էլ՝ սկանդալային մահ ունեցավ. Նրան սպանում է իր հակառակորդներից մեկը.
«Ինքը՝ հիմնադիր Սմբատը, ինչպես կարելի է հետևացնել մի քանի ակնարկներից, սպանվեց իր հակառակորդներից մեկի ձեռքով, այսպես ասած՝ փորձի համար սպանողն ասում էր, թե սպանում է այն մտքով, որ եթե Սմբատն իսկապես Քրիստոս է, պետք է, ուրեմն, հարություն առնի եթե ոչ երեք, գոնե երեսուն օրից»: (Լեո, «Հայոց պատմություն», հատոր 2, Երևան, 1967, էջ 464):
Թոնդրակյանները «կարգալույծ» էին անում հոգևորականներին, չէին թույլատրում, որ եկեղեցիներում հոգևորականներն իրականացնեին եկեղեցու ծեսերը: Մի շարք տեղերում նրանք հարձակում էին իրագործում եկեղեցու վրա, թափում մյուռոնը, սպանում հոգևորականին: Սրանք պատմության մեջ մնացած նրանց հոգևոր վայրագություններից նմուշներ են միայն:

Սակայն աղանդն իր զարգացմանը զուգընթաց՝ ունեցավ նաև իր տրամաբանական վախճանը, քանի որ Հայ Առաքելական եկեղեցու հետ մեկտեղ՝ նրանց դեմ պայքարում էին նաև իշխանները, զորավարները, զինվորականները և ադեկվատ ժողովուրդը:
Թոնդրակյանների աղանդի հետքերից մնացորդներ հայ իրականության մեջ շարունակում էր պահպանվել անգամ 19-րդ դարում: Սա Հայոց եկեղեցու պատմության ամենաբարդ և հաղթահարված փուլերից մեկն էր, երբ եկեղեցու դեմ ստեղծված պայքարում համախմբված էին բոլորը՝ շարժման կողմնակիցներից բացի:

Հայոց եկեղեցին դարեր շարունակ եղել է ոչ միայն հավատքի օջախ, այլև ազգային գոյատևման ու ինքնության հիմնական հիմքը։ Երբ գործող իշխանությունը հակադրվում է եկեղեցուն՝ մոռանալով նրա պատմական դերը և առաքելությունը, ապա սկսում է նույն վտանգավոր գործընթացը, ինչի դեմ ժամանակին մղել էին պայքար մեր նախնիները։

Թոնդրակյան շարժման պատմությունը, հետևաբար, ոչ միայն անցյալի աղանդավորական երևույթ է, այլև կենդանի հիշեցում, որ ազգային միասնականության, հավատքի և պետականության միջև պատնեշ դնելը կարող է մեզ կրկին կանգնեցնել նույն վտանգի առաջ, որի վկայությունը մենք արդեն ունեցել ենք անցյալում:
Զ. Շուշեցի

