Շուշիի ռեալական դպրոցի պատմությունը՝ որպես 19-րդ դարի տարածաշրջանային կրթական առաջադեմ մոդել
Արցախի Շուշի քաղաքի պատմության մասին խոսելով՝ տարբեր ժամանակի պատմիչները, ուսումնասիրողներն ու մտավորականներն առանձին բաժնով անդրադարձ են կատարել քաղաքի մշակութային կյանքին և մշակութային զարգացածությանը: Շուշին հատկապես 19-րդ և 20-րդ դարասկզբին եղել է տարածաշրջանի ամենաակտիվ մշակութային կյանք ունեցած քաղաքներից մեկը:

Այս համատեքստում շատ կարևոր է խոսել քաղաքի դպրոցների մասին, որոնցից մի քանիսը բացառիկ էին հատկապես տարածաշրջանային մասշտաբով: Այդ դպրոցների ցանկում առանձնանում է Շուշիի ռեալական դպրոցը: 1881 թվականին բացված դպրոցը բացառիկ էր իր կրթական համակարգով: Այս կոնտեքստում դպրոցը նաև հետաքրքիր «մրցակցություն» առաջարկեց Շուշիում եղած մյուս կրթական կենտրոններին: Դպրոցի կրթական համակարգը և մոդելը բացառիկ էր.
«1881 թվականին Շուշում բացվում է մի նոր տիպի դպրոց ևս՝ Շուշու ռեալական դպրոցը, որը մոտ 40-ամյա գոյության ընթացքում պակաս դեր չի խաղացել Շուշու մատաղ սերնդի կրթության գործում, քան Ղարաբաղի թեմականը, թեև թեմականի նման երկարամյա կյանք չի ունեցել: Այս դպրոցը պետական դպրոց էր, որտեղ ուսումը տարվում էր ռուսերեն լեզվով և որտեղ սովորում էին հայեր, թաթարներ և ռուսներ, սակայն սովորողների ստվար մեծամասնությունը կազմում էին հայերը: Ի տարբերության ռուսական գիմնազիաների, որտեղ ուսման գործում գլխավոր դեր էին խաղում դասական և նոր լեզուները (լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, գերմաներեն), ռեալական դպրոցը գլխավորապես ուշադրություն էր դարձնում բնագիտական ու ֆիզիկամաթեմատիկական գիտությունների վրա։ Այս դպրոցն ավարտողները իրենց ուսումը մեծ մասամբ շարունակում էին Ռուսաստանի տեխնիկական բուհերում և դառնում ճարտարապետներ, հաղորդակցության ուղիների ինժեներներ և նման տեխնիկական գծով աշխատող մասնագետներ»: (Ռ. Հ. Տեր Գասպարյան, «Շուշի», Երևան, 1993, էջ 109):

Դպրոցի բացման և հետագա շրջանում, Արցախի և հատկապես Շուշիի ունևոր խավն ամեն կերպ ցանկանում էր, որ այդ դպրոցում սովորեն իրենց որդիները: Շուշիի ռեալական դպրոցն իր կազմով բացառիկ էր նաև տարածաշրջանի մյուս ռեալական դպրոցների հետ համեմատության մեջ.
«Առհասարակ Կովկասում կային մի քանի պետական գիմնազիաներ ու ռեալական դպրոցներ: Այսպես, 1893 թ. Կովկասի ուսումնական օկրուգում կար 8 ռեալական դպրոց, իսկ 1898 թ. Կովկասի ուսումնական օկրուգի հոգաբարձության հաշվետվության համաձայն օկրուգում կար 9 ռեալական դպրոց 3494 աշակերտներով, որոնցից Թիֆլիսի ռեալականում՝ 632 աշակերտ, Բաքվի ռեալականում՝ 607 աշակերտ, Շուշու ռեալականում 334 աշակերտ, Քութայիսի՝ 241 աշակերտ և այլն: Շուշու ռեալականը իր աշակերտների թվով 3-րդ տեղն էր գրավում Կովկասում: Շուշու ռեալականը ուներ 2 նախապատրաստական և Հիմնական դասարան: Աշակերտները 6-րդ դասարանն ավարտելուց հետո ստանում էին հասունության վկայական, իսկ 7-րդ դասարանն ավարտելուց հետո՝ ավարտական վկայական»: (Նույն տեղում, էջ 110):

Դպրոցն առանձնանում էր նաև իր ուսուցչական կազմով, քանի որ այնտեղ դասավանդում էին ժամանակի՝ իրենց մասնագիտության մեջ մեծ գիտնականներ, մտավորականներ և ուսուցիչներ: Իսկ նմանատիպ կրթական համակարգն ավարտած մարդիկ հետագայում դառնում էին բարձրակարգ մասնագետներ.
«Ռեալական դպրոցն ունեցել է նշանավոր ուսուցիչներ (դիրեկտոր և մաթեմատիկոս Ա․ Ն․ Իվանով, հնագետ Գումմել, Միքայել Ղարաբեկյան՝ գերմաներեն, Հարութ Մելիքյան՝ ֆիզիկա, ֆրանսերեն և այլն), ոչ պակաս նշանավոր աշակերտներ, որոնք դպրոցն ավարտելուց հետո, հետագայում դարձել են ականավոր հասարակական գործիչներ (Բոգդան Միրզաջան Կնունյանց, Լևոն Աթարբեկյան, Աշոտ Հովհաննիսյան, Հայկ Գյուլիքևխյան, Սաքո Սահակյան, Սլավա Կասպարյան)»: (Նույն տեղում, էջ 110):

Համեմատած Շուշիում գործող մյուս դպրոցների հետ, ռեալական դպրոցն ուներ նաև ֆինանսական մեծ միջոցներ, ինչպես նաև կրթական լավ պայմաններ.
«Ռեալական դպրոցը ունեցել է համեմատաբար ավելի ընդարձակ բյուջե, համեմատաբար բարեկարգ ֆիզիկական ու քիմիական կաբինետներ, ընդարձակ ընդհանուր ու ֆունդամենտալ գրադարան (գլխավորապես ռուսերեն լեզվով), որտեղ ես՝ գրքի հեղինակս գրադարանապետի պաշտոն եմ վարել 1918-20 թվականներին։ Ընդարձակ դպրոցական դահլիճ էր նոր շենքում (Առաքելյանի ծախսով կառուցված), ուր դպրոցը տեղափոխվել էր 1908 թվականին (Մովսես բեկի տնից): (Նույն տեղում, էջ 111):

Շուշիի ռեալական դպրոցի պատմությունը ներկայացնում է Շուշիի՝ որպես առաջադեմ, կրթված և ապագային ուղղված քաղաքի կերպար։ Այդ դպրոցի պատերից դուրս եկած սերունդները միայն իրենց ժամանակի մասնագետներ չէին, այլ նաև ժամանակի հայ մտավորականության կարևոր ֆիգուրները: Մեր օրերում, երբ Շուշիի հայկական մշակութային շերտը թշնամու կողմից նպատակաուղղված կերպով ենթարկվում է աղավաղման ու վերաշարադրման փորձերի, նման պատմական փաստերի արձանագրումն ու հրապարակումը դառնում է ոչ միայն գիտական, այլև ազգային պատասխանատվության գործ։
Շուշիի ռեալական դպրոցը հիշեցնում է, որ հայկական քաղաքները ոչ թե պարզապես բնակավայրեր են եղել, այլ քաղաքակրթական կենտրոններ՝ իրենց կրթական ավանդույթներով, մշակութային հավակնություններով և մտավոր ներուժով։ Թեև հիմա Շուշին շարունակում է օկուպացված մնալ թշնամու կողմից, սակայն նրա մշակութային իրական տեղը շարունակում է մնալ հայ մարդու և հայոց պատմության հիշողության առանցքում:
Զ. Շուշեցի



