Հայաստանի համար Իրանի խոսուն օրինակը
Աշխարհն այս օրերին հետևում է, թե ինչպես է Իրանը ենթարկվում Միացյալ Նահանգների և Իսրայելի ագրեսիային: Միևնույն ժամանակ, պատկերն Իրանի դիմադրությունն է ռեսուրսներով իրեն անհամեմատ գերազանցող երկրների տանդեմին, որոնցից մեկը միջուկային գերտերություն է:
Սակայն այստեղ իմ ուշադրության առարկան այս պատերազմի քաղաքական ասպեկտը կամ ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական շերտերը չեն: Իրանի դիմադրության հիմքում ոչ միայն իրանյան ժողովրդի ու վերնախավի կամքն է, այլ իրանյան տնտեսության ներուժը: Մի տնտեսության, որն ավելի քան 40 տարի գտնվում է միջազգային խստագույն պատժամիջոցների ներքո, սակայն որն այդ տարիների ընթացքում օժտվել է արդյունաբերական այնպիսի պոտենցիալով, որը թույլ է տալիս դիմակայել միջուկային գերտերությանը և հասցնել պատասխան հարվածներ, ունենալ երկարատև դիմադրության ներուժ:
Այդ ամենն Իրանի արդյունաբերական կարողությունների շնորհիվ է, որովհետև արդյունաբերությունն է ապահովել այնպիսի ծավալի ռազմական արտադրանքի առկայություն, որն ապահովում է դիմադրունակությունը: Տասնյակ տարիներ գտնվելով խիստ պատժամիջոցների ներքո, Իրանը կարողացել է կառուցել այնպիսի տնտեսություն, արդյունաբերական այնպիսի համակարգ, որը թույլ է տվել ունենալ շոշափելի ինքնաբավություն:
Ընդ որում, սա միայն ռազմական արդյունաբերության հարցը չէ: Ռազմական արդյունաբերություն ունենալու համար, ռազմաարդյունաբերական համալիր զարգացնելու համար պետք է նախ ունենալ կենսունակ արդյունաբերական համալիր ու ավանդույթներ առհասարակ: Ընդ որում, կարելի է պատկերացնել, թե իրանյան տնտեսությունը որքան ավելին կարող էր, եթե լիներ արտաքին ներդրումներ ներգրավելու ավելի նպաստավոր ու լայն միջավայր՝ չլինեին պատժամիջոցները:
Այս օրինակն ըստ էության իր մասշտաբներով նույնական չէ Հայաստանի հետ, սակայն մարտահրավերների տրամաբանությամբ՝ միանգամայն համեմատելի: Ի վերջո, Հայաստանն էլ գործ ունի անվտանգության մի միջավայրի, այդ միջավայրից բխող մարտահրավերների մի հավաքականության հետ, որոնք գերազանցում են Հայաստանի ներուժը մի քանի անգամ: Հետևաբար՝ Հայաստանի համար ևս հրամայական է արդյունաբերականացված տնտեսությունը, որ կապահովի հնարավորինս ինքնաբավություն:
Իսկ Հայաստանը, ի տարբերություն Իրանի, ունի ներդրումներ ներգրավելու ավելի բաց միջավայր, պատժամիջոցների տակ չէ: Ավելին, Հայաստանն ինքն է շահում այն հանգամանքից, որ պատժամիջոցների տակ է, օրինակ, Ռուսաստանը: Բայց Հայաստանը դրանից շահում է միայն «սպեկուլյանտության», այլ ոչ թե արտադրողականության, արժեք ստեղծելու, արդյունաբերական պոտենցիալ զարգացնելու տրամաբանությամբ: Այդ պատճառով էլ Հայաստանում աճում է առևտրի ու ծառայությունների ծավալը, ու նվազում են արտաքին ներդրումները, որոնք միտված կլինեին Հայաստանում արդյունաբերական, արտադրական արժեք ստեղծելու, տնտեսությանը «ծանր կշիռ» հաղորդելու հեռանկարներին:
Որովհետև անվտանգային բարդ ու անհամաչափ մարտահրավերների պայմաններում պետությունը դիմադրունակ է դարձնում ոչ թե տուրիզմը՝ օրինակ, այլ արդյունաբերականացված ծանրաքարշ տնտեսությունը: Իրանն այսօր ոչ միայն չէր կարողանա դիմադրել իրեն նետված մարտահրավերներին, եթե արդյունաբերության տեսակներին զարկ տալու փոխարեն՝ օրինակ, մտածեր պարզապես տուրիզմին ու սպասարկմանը զարկ տալուն, այլև կրելու էր ահռելի վնասներ, քանի որ առաջին իսկ անկայունությունը հարվածելու էր հենց այդ ոլորտներին:
Սա բոլորովին չի նշանակում, որ երկրում չպետք է զարգանան այդ ոլորտները: Պետք է զարգանան, բոլոր ոլորտները պետք է զարգանան: Բայց, երբ մենք խոսում ենք պետության էքզիստենցիալ, գոյաբանական ամրության մասին, կասկածից վեր է, որ դրա հիմքը կարող է լինել միայն «ծանրակշիռ տնտեսությունը»՝ արդյունաբերության տարբեր «երանգներով» հարուստ ոլորտային ողնաշարով:
Ընդ որում, արդյունաբերական, ծանրակշիռ տնտեսության օրինակը տանկեր ու հրթիռներ արտադրելու մասին չէ, այլ պարզապես արդյունաբերական, արտադրական պոտենցիալ զարգացնելու: Որովհետև պետության դիմադրունակությունը համալիր երևույթ է, այն չի չափվում միայն տանկերով ու հրթիռներով: Արդյունաբերական պոտենցիալը ներդրումներն են արժեք ստեղծող տնտեսական պրոցեսներում: Հայաստանն այդ իմաստով հատկապես վերջին շրջանում տապալել է ներդրողների հետ աշխատանքը, ինչի մասին վկայում է ներդրումների բացակայությունը:
Այդ տապալումները ծածկվում են սպասարկման ու ծառայությունների ոլորտի պաշտամունքի հասնող խոսակցություններով ու փառատոնային «էկզոտիկայով»: Իսկ կենսունակ ու մրցունակ պետություն լինելու համար, այդ ոլորտները կարող են լինել տնտեսության կարևոր կցորդիչ, բայց ոչ երբեք՝ լոկոմոտիվ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ



