Մահվան և փրկության սահմանագծին․ Էջմիածնում տիրող ողբերգական վիճակը 1915 թվականին
1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանից փրկված և թուրքական ոճրագործությունից մազապուրծ եղած հայերի մի մասը երկարատև գաղթից, տառապանքից հետո կարողանում է հասնել Արևելյան Հայաստան:
Առաջին իսկ գաղթական խմբերին դիմավորեց և նրանց հետագա հարցերով սկսեց զբաղվել Էջմիածինը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում ապաստան էին գտել շուրջ 60.000 հայ գաղթականներ և մոտ 3 000 որբեր։ Նրանց նյութական և կենցաղային կարիքները հոգում էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V Սուրենյանցը: Էջմիածնի վանքի հարևանությամբ սկսվում է գաղթականների համար կացարանների կառուցումը։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում որբերի խնամքին: Հայ գաղթականների համար որպես ժամանակավոր ապաստան, հիվանդանոց և որբանոց՝ ծառայել են Գևորգյան ճեմարանի, Վեհարանի և Մատենադարանի շենքերը, ինչպես նաև վանքի հարակից մի շարք տարածքներն ու Էջմիածնի մյուս եկեղեցիները:


Նույն շրջանում մի շարք հայ մտավորականներ շտապում են Էջմիածին, որպեսզի զբաղվեն գաղթականների հարցերով: Այդ ցանկում իր մեծ ներդրումն է ունենում Հովհաննես Թումանյանը, ով Էջմիածնից զատ՝ զբաղվում է նաև Ալեքսանդրապոլի, Թիֆլիսի, Կ. Պոլսի և մի շարք այլ որբանոցների հարցերով: Ժամանակակիցների հուշերը, արխիվային փաստաթղթերն ու Թումանյանի օրագրերը, նամակագրություններն ուսումնասիրելով՝ նկատում ենք, որ բանաստեղծն Էջմիածնում զբաղված էր գաղթականների և որբերի գրեթե բոլոր հարցերով:

Այդ ամենին զուգահեռ՝ քաոսային վիճակ էր ստեղծվել Էջմիածնում. ամեն օր մահանում էին հարյուրավոր գաղթականներ, ամենուր տիրում էր սով և համաճարակներ: Էջմիածնի այդ շրջանի մասին հետաքրքիր ինքնակենսագրական հուշ է ներկայացնում մեկ այլ անվանի հայ գրող՝ Գուրգեն Մահարին, ով ևս 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ՝ Վանի հերոսամարտից հետո, գաղթում է Արևելյան Հայաստան և ապրում Երևանի ու Դիլիջանի որբանոցներում: Մահարին ներկայացնում է Էջմիածնում տիրող ողբերգական վիճակը.

«Ամեն առավոտ շրջիկ դագաղ-ֆուրգոնը շրջում էր գաղթականների մեջ և հավաքում էր մեռածներին: Զորանոցային խոհանոց դիմող հում ու վատ մսով բեռնավորված ֆուրգոնների նման մեռելատար ֆուրգոնները առաջ էին շարժվում տեղ-տեղ կանգնելով.
– Մեռել կա…
Մեռել չունեցողներն անիծում էին ծերունի ֆուրգունչուն, իսկ ունեցողներից ոմանք քարացած սրտով և դեմքով օգնում էին նրան դիակը, հաճախ դիակները դիակույտի վրա բարձրացնելու համար: Ամեն մեռելատեր հրճվում էր, որ իր մեռելը չէր պառկում դիակների տակ, բայց լեցվում էր ֆուրգոնը մինչև բերան և նրա կողքերից կախվում էին ճոճվող ձեռներ, ոտներ, գլուխներ: Պատահում էր, որ ուժեղ ցնցումից մի դիակ ներքև էր շպրտվում և ծերունի ֆուրգունչին չէր նկատում: Այդ միջոցին մաքրություն անող հսկիչները կանչում էին.
– Ադա, մեռել վեր գցիր, է՛յ…
Կանգնեցնում էր ֆուրգոնը ծերունին, դժգոհ մրթմրթում էր ինչ-որ, բարձրացնում էր դիակը և խցկում ֆուրգոնի ճաղերի հետև, այնպես, որ երկրորդ անգամ չընկնի ներքև»: ( Գուրգեն Մահարի, «Երկեր», Երևան, 1954, էջ 401:)


Սահմռկեցուցիչ այս տեքստը շարունակվում է և ներկայացվում է մահացած գաղթականների եղբայրական գերեզմաններն ու թաղումը: Հատկանշական է, որ այդ շրջանի Էջմիածնում տիրող իրավիճակի մասին բոլոր փաստերն ու հուշագրություններն ունեն նույն ողբերգական երանգը:
«Գերեզմանափորները ընդունում են ֆուրգոնները և սկսում են դատարկել: Շպրտում են փոսի մեջ իրար վրա ծեր, կին, աղջիկ, տղա, ծծկեր երեխաներ, ընկնում են նրանք կողքի, փորի, կռնակի վրա, բաց, քարացած աչքերով նայում են նրանք, մինչև գալիս են նորեր և ծածկում նրանց մի նոր շերտով։ Մի ծերունի ընկավ դեղին, ցցված բեղերով, նրան ծածկեց սև, երկար մազերով մի երիտասարդ աղջիկ, ծաղրածու դեմքով, անմիտ ժպիտով, մի տղա թռավ և պառկեց կռնակի վրա, նա կարծես մեռած չէր և թռավ իր կամքով, մի կողմից գերեզմանափորին ձեռք առնելու, մյուս կողմից ստուգելու համար, թե ինչպես կարող է այնտեղ զգալ իրեն մեռելը: Բայց նա մնում է անշարժ, նրա ժպտացող դեմքը դառնում է ավելի սարսափելի, և նա դառնում է ավելի մեռել, քան մյուսները, որոնք իսկական մեռելներ են, իսկական մեռելներ: Հետո սկսում են ծածկել արևի տակ չորացած հողով, ծածկում են մինչև կեսօր. թռչում է հողը, ցանվում է դիակների երեսներին, ու թվում է, որ ահա, ահա նրանք կարող են փռշտալ: …Դատարկված ֆուրգոն-դագաղը դղրդալով ներս է մտնում վանքի պարիսպներից և հազարավոր աչքեր նայում են նրան բութ սարսափով»: (Նույն տեղում, էջ 403):
Հայոց ցեղասպանության ողբերգական օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դարձավ ոչ միայն հոգևոր, այլև կենսական ապաստարան հազարավոր գաղթականների և որբերի համար։ Այստեղ իրականացվող մարդասիրական գործունեությունը նպաստեց Ցեղասպանությունից փրկված հայության ֆիզիկական և բարոյական գոյատևմանը։ Չնայած սովին, համաճարակներին և մահվան մշտական ներկայությանը, Էջմիածինը կարողացավ պահպանել ազգային համախմբվածության և փոխօգնության ոգին։ Այդ դժվարին տարիներին Մայր Աթոռի գործունեությունը դարձավ հայ ժողովրդի կենսունակության, հավատքի և վերածնվելու անսասան կամքի վկայությունը։
Զ. Շուշեցի



