«Ազատ եկեղեցի» շարժման զրպարտիչ հրապարակումները հայ հոգևորականների և Էջմիածնի դեմ
1923 թվականին Հայաստանում ստեղծված «Ազատ եկեղեցի» շարժման և նրանց համանուն պարբերականի մասին խոսել ենք թերթի նախորդ համարներում: 1924-1928 թվականների ընթացքում շարժման թերթի առաջին համարներում մանրամասն ներկայացվում էր, թե ինչպիսի՞ «բարեփոխումներ» են ցանկանում իրականացնել շարժման անդամները Հայ Առաքելական եկեղեցում: Նրանք մանրամասն նշում են «բարեփոխման» կետերն ու ընդգծում այդ ամենին հասնելու ճանապարհները:

Հետագա տարիների համարներում արդեն իսկ կարդում ենք նրանց քարոզչական թեզերը, որոնք ուղղված էին Հայոց եկեղեցու պառակտմանն ու կազմաքանդմանը: Այդ տարիների քարոզչական ամենամեծ գործիքը տպագիր մամուլն էր, և հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու և հասարակության մեջ կեղծ տեղեկությունները քննարկման օրակարգ դարձնելու համար թերթի խմբագրակազմը ջանք ու եռանդ չէր խնայում մեկը մյուսի ետևից կեղծ ու շինծու հոդվածներ գրելու: Հոդվածներում նախ ընդհանրական ձևով քննադատվում էր եկեղեցին, վանքերի անբարեկարգ վիճակը և օրվա հոգևորականությունը ներկայացվում էր՝ որպես «թալանչիների խումբ»:

«Այն ինչ մեր խավարամիտ քահանաները միայն իրենց անձնական կաշվի հոգսերով են զբաղված։ Ինչո՞ւ այսօր մեր վանքերը, մեր եկեղեցիները անզարդ, անբարեկարգ ու անապահով վիճակի մեջ խարխափում են, ինչո՞ւ այսօր կոպեկ փող չունի ոչ Ս. Էջմիածնի վանքը և ոչ Ճեմարանը: Ո՞րտեղից առաջացավ այդ նյութական քայքայումը հոգևորականների, այն անձնապաշտ, ավազակ հոգևորականների, որ գնալով որևէ վանքի վանահայր, սկսում են անխիղճ կերպով կողոպտել և թալանել, և քիչ է մնում` որ պատերն էլ քանդեն և քարերն էլ, զարդերն էլ հետները տանեն:

Այն ընչասեր, ապիկար հոգևորականներից, որ գնալով այս կամ այն թեմը հովվելու, հաջորդելու կամ առաջնորդելու, առաջին անգամ նպատակ են դնում և սկսում են շարունակ կաշառակերություններով իրանց անհագ որկորին հագեցում տալ, տզրուկի պես ծծելով համայնքներին, նրանց արյունով ու քրտինքով աշխատած կոպեկները յուրացնում և նշանավոր գումարներ են հավերժացնում մութ և գաղտնի ճանապարհներով իրանց խորհրդավոր «որդիներից և դստրերից», աղա փեսացուներից և ազգականներից ապագայի համար: Եթե ասածս ճիշտ չէ, հապա ի՞նչ է ցույց տալիս վանքերի, եկեղեցիների և ուսումնարանների ներկա ողբալի վիճակը»: («Ազատ եկեղեցի», 1925, N 3-4):

Այս ամենին զուգահեռ՝ կեղծ քննադատության սլաքներն ուղղվում էին արդեն հոգևորականների դեմ: Նրանք ներկայացվում էին՝ իբրև «տգետներ», ովքեր չեն կարողանում հոգևոր ծեսերը ճիշտ իրականացնել, ինչպես նաև հասարակությանը մոլորեցնում են.
«Մի տեղ էլ քահանան կարդում է ավետարանը, ժողովուրդը տավարի պես կանգնած լսում է. Բառեր է, կուլ է տալիս քահանան, նախադասություններ է, որ ականջի տակովն է թռցնում, մի գլուխ բղավում է հլու-հնազանդ տիրացուի վրա «պրանիր-շուռ տուր». Այսինքն ավետարանի էջերը և ընթերցումը, արարողությունը մի շնչում կատարում, պրծնում. սրանից էլ հեշտ բան: Վա՜յ քեզ, հայ ժողովուրդ, վա՜յ քեզ, Ս. Էջմիածին, ահա թե ինչ բառեր են թռչում շրթունքներից և ինչ կսկիծ է այրում սիրտս: Մի ուրիշ տեղ էլ քահանան, որպես քաջ գրաբարագետ, տնօրհնեք է անում և ցույց է տալիս իր հունարը. «օրհնեցէք զայս տունս, զայս պատերս, զայս օճորքս» և այլն: Սա կատարյալ խայտառակություն է: Քահանան, ինչպես ասացի, զարգացած պիտի լինի: Նա պարտավոր է պատշաճ կարգով իր ընթերցած ավետարանից գլուխները բնաբան առնելու և մատչելի լեզվով ժողովրդին հասկացնելու և բացատրելու»: (Նույն տեղում):

Բնականաբար, թերթում մեծ թիվ էին կազմում հոգևորականների շուրջ ստեղծված, հնարված «սեռական սկանդալները»: Որոնք նպատակ ունեին հասարակության մեջ հայ հոգևորականների կերպարը վերջնականապես նսեմացնելու և հասարակության մեջ Էջմիածնի նկատմամբ դիրքորոշման մեջ պառակտում ստեղծելու համար.
«Մի շուշեցի Զանգեզուր գնալիս պատմում էր, թե Ղարաբաղի քահանաներից մեկին, որ սիրում էր երբեմն հարբել, մի օր եպիսկոպոսը կանչում է և հանդիմանում. «որովհետև հարբեցող ես, հրամայում եմ քո վրայից վերցնել փիլոնը, որին արժանի չես»: Քահանան համարձակ կերպով պատասխանում է. «Եթե մի անգամ հարբելու համար իմ փիլոնը վերցնում ես, դու պետք է գիշեր-ցերեկ շնգլհադի (ծիտ-տկլոր) մնաս. Գինի խմե՞լն է մեղք, թե՞ ամբողջ օրերով Մինասի աղջկա հետ ժամանակ անցկացնելը»: Եվ քանի՜ այսպիսի խայտառակ կուրիոզների ենք հանդիպում: Ի՞նչ հողը տա գլխին խեղճ ժողովուրդը, երբ նրան առաջնորդելու ծիրանի հագած այդ վսեմ կոչման և պարտականության անհամապատասխան մարդիկ են գործունեության հրապարակ իջել»: (Նույն տեղում):
1920-ականների «Ազատ եկեղեցի» շարժման գործունեությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավները նոր երևույթ չեն։ Եթե մեկ դար առաջ եկեղեցու վարկաբեկումը կատարվում էր տպագիր մամուլով, ապա այսօր նույն գործառույթն իրականացնում են թվային հարթակներն ու իշխանությանը մոտ կանգնած մեդիաները։ Թիրախում մշտապես եղել են ոչ միայն առանձին հոգևորականները, այլև եկեղեցին՝ որպես ազգային ինքնության հենասյուն։

«Բարեփոխումների» կեղծ գաղափարի ներքո թե՛ անցյալում, թե՛ այսօր առաջ են մղվում գաղափարներ, որոնք փաստացի ծառայում են եկեղեցու արժեզրկմանը և թուլացմանը։
Զ. Շուշեցի


