Մեծ է հավանականությունը, որ Փաշինյանը հունիսի 7-ին ապտակ կստանա․ Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանը չի ճանաչում օրենք, չի հարգում կարգուկանոն և մի բան էլ զարմանում է, թե ինչու սկսեցին իրեն քննադատել։

«Քանի որ Փաշինյանը չունի ո՛չ կրթություն, ո՛չ դաստիարակություն, նա ռեակցիա է տալիս այն ձևով, որով սովոր է։ Ո՞վ էր ակնկալում, որ նա այլ կերպ պետք է արձագանքի կամ այլ պահվածք պետք է դրսևորի։ Գնաց մարզեր, տեսավ իրավիճակը, և դրանից ելնելով՝ համապատասխան հետևություններ է անելու՝ լարելով պարեկներին, ընդլայնելով իր պաշտպանությունը, որովհետև հավանականությունը, որ նա կարող է հունիսի 7-ին ապտակ ստանալ, բավականին մեծ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Փաշինյանի մարզային այցելություններն ու դրանց ընթացքում Փաշինյանի ջղագրգիռ պահվածքն այսպես վերլուծեց մեր զրուցակիցը։

Ադիբեկյանը վստահ է՝ հունիսի 7-ից հետո լինելու են հետընտրական զարգացումներ․ «Հունիսի 7-ից հետո ռեպրեսիաներն ավելի կոշտ են լինելու, և այն բոլոր խոստումները, որոնք տվել են թոշակի բարձրացման, բուժօգնության, բիզնեսի ընդլայնման տեսքով, այդ բոլոր ծրագրերը փակվելու են, որովհետև կառավարությունը չունի այն ֆինանսական բազան, որով կկարողանա ապահովել իր իսկ կողմից հաստատված ծրագրերը»։

Նրա դիտարկմամբ՝ եթե Փաշինյանի մարզային այցելությունների ժամանակ լիներ գոնե մեկ-երկու ընդդիմադիր լուսաբանող, որոնք ցույց կտային այլընտրանքային կարծիք, նոր կտեսնեինք՝ ինչպես են իրականում Փաշինյանին դիմավորում․

Կարդացեք նաև

«Բայց եթե անգամ ես այդ կադրերը չտեսնեի, զուտ ունենալով աչքիս առաջ հետազոտությունների արդյունքները, վստահաբար կարող եմ ասել, որ Փաշինյանին շատ վատ են ընդունում մարզերում՝ անկախ նրանից՝ թոշակ է բարձրացնում, թե ինչ է անում։ Այնպես որ, Փաշինյանն արդեն ժամանակ էլ չունի ինչ-որ բան փոխելու։ Նա 5 տարի ճզմեց, ոչնչացրեց, պառակտեց այս հասարակությունը և նրա ապագան, հետևաբար՝ 2 ամսում դժվար կարողանա շտկել այն վնասը, որը նա պատճառել է այս պետությանը և այս ժողովրդին, հատկապես՝ հաշվի առնելով, որ չակերտավոր լավ բաները, որոնք ուզում է անել, հիմնված են ստի վրա, որովհետև դրանք ընդամենը մարքետինգային քայլեր են։ Նա չունի ֆինանսներ, որ հավերժ սպասարկի այդ ծրագրերը»։

Նախիջևանի օդանավակայանի դեպքերից հետո Ալիևն Իրանին խորհուրդ տվեց չմոռանալ, թե ինչպես «երկաթե բռունցքով» կոտրեցին հայերի գլուխը։ Հարցին՝ այսպիսի՞ն է լինելու խոստացված խաղաղությունը, Արմինե Ադիբեկյանը պատասխանեց՝ խոստացված խաղաղությունն ավելի սարսափելի է լինելու․

«Բռունցքով մեզ զրկելու են մեր երկրից»։

Նա շեշտեց, որ Ալիևի սպառնալիքներն ազդում են միայն Փաշինյանի վրա, որովհետև այդ «բռունցքի» մասին հայտարարություններից հետո նրան շատ արագ բացատրեցին, որ հետևանքներն Ալիևին դուր չեն գա, և շատ արագ նա իր դիրքորոշումը փոխեց․ «Ալիևի բռունցքը գործում է միայն Փաշինյանի պարագայում, և դա ևս մեկ պատճառ է՝ ինչու Փաշինյանը չպետք է վերընտրվի, որովհետև ինձ դուր չի գալիս, որ կա կոմպլեքսավորված «կնյազոկ», որի բռունցքը իմ գլխին է, որովհետև իմ երկրի առաջնորդն ի վիճակի չէ, ժողովրդի լեզվով ասած՝ պորտը տեղը դնել։ Ինձ դուր չի գալիս այն, ինչը Փաշինյանը կոչում է խաղաղություն, որովհետև այն չի համապատասխանում իր բառարանային բովանդակությանը․ դա խաղաղություն չէ»։

Արմինե Ադիբեկյանը հավելեց․ «Նորմալ է, որ Թուրքիան և Ադրբեջանն աջակցում են իրենց դրածոյին՝ Փաշինյանին։ Զարմանալի կլիներ, եթե Թուրքիան, որն այդքան ռեսուրս է ծախսել, որ Փաշինյանին բերի և պահի իշխանության, հիմա սկսի չաջակցել։ Բնական է, որ նա մինչև Փաշինյանի վերջին շունչն աջակցելու է Փաշինյանին՝ որպես ՀՀ վարչապետ։ Որ օրը որ նա չլինի ՀՀ վարչապետ, իհարկե, Թուրքիային և մյուսներին նա 100 տարի պետք չէ։ Նրանք սատարում են ոչ թե Փաշինյանին, այլ մարդու, որը սպասարկում է իրենց շահերը»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս