Ինչպես էր խորհրդային մամուլը վարկաբեկում Էջմիածինն ու հայ հոգևորականներին կեղծ, շինծու պատմություններով

Խորհրդային ժամանակաշրջանում՝ հատկապես 1920-1930-ական թվականներին, պետական գաղափարախոսության առանցքային ուղղություններից մեկը հակակրոնական քարոզչությունն էր, որի նպատակն էր աստիճանաբար թուլացնել քրիստոնեության և եկեղեցու հոգևոր ու հասարակական ազդեցությունը։

Այս քաղաքականության շրջանակում մամուլը վերածվում էր գաղափարական թեզերի հիմնական հարթակներից մեկի: Խորհրդային թերթերում պարբերաբար հրապարակվում էին Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու, հոգևորականների և եկեղեցական կյանքի վերաբերյալ կեղծ, շինծու հոդվածներ։ Դրանք ստեղծվում էին անհիմն մեղադրանքների, մանիպուլյացիաների և «բացահայտումների» քարոզչական հիմքով:

Այս հրապարակումների նպատակն էր՝ ոչ միայն փոխել հասարակական ընկալումները, այլև ներսից քանդել եկեղեցական հեղինակությունը՝ հոգևորականությանը ներկայացնելով՝ որպես անհուսալի, անբարոյական կամ հակաժողովրդական խավ։

Կարդացեք նաև

Պարբերական մամուլում ստեղծվել էր մի միջավայր, որտեղ հոգևոր արժեքների հանդեպ վստահությունը համակարգված կերպով թուլացվում էր, որպեսզի հայ մարդը հետզհետե հեռանար եկեղեցուց և ազգային կրոնական ինքնությունից։ Այդպես մամուլի հակակրոնական, պրոպագանդիստական թեզերը դառնում էին գաղափարախոսական ծրագրի մաս, որն ուղղված էր հասարակության մեջ կրոնական գիտակցության մարմանը:

Խորհրդային հակակրոնական մամուլի հոդվածներում կեղծ և շինծու քննադատության թիրախում Էջմիածինն էր, որը ներկայացվում էր՝ իբրև մի կառույց, որտեղ հայ հոգևորականները զբաղված էին արտերկրի հետ կապեր ստեղծելով, արտերկրից գումարներ ստանալով և հակահեղափոխական գործունեության ծավալելով.

«Էջմիածնի սև որջի ասպետներն իրենց բոլոր ուժերը համախմբում են հակահեղափոխական պայքարի նորաձև կազմակերպման համար: Էջմիածնական որջն ամփոփվում է իբրև ինստիտուտ: Կաթողիկոսի կողքին, որպես օժանդակ և շարժող ուժ ծառանում է կղերական պոլիտիկոսների, դիվանագետների, ապագա կաթողիկոսացուների մի խմբակ, որը հանդես է գալիս իբրև կրոնական միաբանություն:….Իր աշխատանքն ու գործն Էջմիածնական խումբը առաջ է տանում բավական խորամանկ ձևով:

Նա ամենից առաջ աշխատում է առանձին նվիրակների միջոցով ամրացնել կապերն արտասահմանյան նավթային բուրժուազիայի և փարիզյան ու ամերիկյան հայ հարուստների հետ: Արտասահմանից հասցված նյութական օգնությունն ուժ էր տալիս ոչ միայն միաբանությանը, այլև անլեգալ հակահեղափոխական ուրիշ կազմակերպություններին»: («Անաստված», 1933, N 6):

Կեղծ և շինծու հոդվածը ևս փաստում էր այդ ժամանակ գոյություն ունեցող մի իրողություն, որ պատմական ծանր շրջանում, երբ եկեղեցին հալածվում էր, Էջմիածնի միաբաններն ու հոգևորականները համախմբված էին կաթողիկոսի շուրջ:

Հայոց եկեղեցին և հայ հոգևորականներին հասարակության առաջ նսեմացնելու մեթոդներից էր՝ հորինել սուտ տեղեկություններ այն մասին, թե իբր Էջմիածնի հոգևորականները մեծ գողություն են կատարել Էջմիածնից, աշխատող ժողովրդից և հայ մարդուց.

«Էջմիածնի միաբաններն ու եպիսկոպոսները թալանել են Էջմիածնի հարստությունները, որ ձեռք է բերված աշխատավորների միջոցներից: Կարելի է բերել թալանի մի կոնկրետ փաստ, որը կատարել է Էջմիածնի վանքի վարիչ Տիրայր եպիսկոպոսը:

Այդ ոճրագործության, գողության դեպքը կայանում է հետևյալում:

Ն. Նախիջևանի հոգևոր կառավարությունը 1916 թ. հոկտեմբերի 7-ին Էջմիածնի դիվանին ուղարկում է 21 կտոր արծաթեղեն սպասներ: Այդ թանկարժեք իրերն անձամբ հասցեագրվում և ուղարկվում է Տիրայր եպիսկոպոսին, այն նկատառումով, որպեսզի անոթներն օգտագործվեն եկեղեցական արարողության ժամանակ:

«Հերոս» և «ճարպիկ» Տիրայր եպիսկոպոսը հափշտակելով այդ թանկարժեք իրերը, սեփականացնում է այն և սև թանաքով կեղծում է Նախիջևանից ուղարկված գրությունը: Տիրայր եպիսկոպոսը սիստեմատիկաբար կատարել է գողություն, օգտվելով ոչ միայն իր պաշտոնից, այլև մյուս եպիսկոպոսների աջակցությունից, քանի որ մյուս եպիսկոպոսների կողմից խալիների, արծաթեղենի, հացահատիկի յուրացման դեպքեր են եղել, սակայն մնացել է գաղտնի»: («Անաստված», 1934, N 1):

Գողության մեղադրանքներից զատ, հայ հոգևորականների դեմ հորինում էին նաև անձնական կյանքի հետ կապված սուտ տեղեկություններ, լուրեր, ինչը ևս վարկաբեկում էր եկեղեցին և հոգևոր դասին.

«Սիսիանի շրջանի Մազրա գյուղի ծխատեր Հովհաննես քահանա Խալաթյանը, օգտագործելով իր դրացի Բաղդասարենց Հայրոյի կնոջ անտերությունը, խնամատարության պատրվակի տակ, երկու տարի շարունակ ապրում էր նրա հետ, սակայն ասած է․ «գողությունը և անբարոյականությունը քառասուն օր կը պարտակվին»։

Անցյալ տարի, աշնանը, մի օր՝ գյուղացիներից երեք հոգի, իրենց կասկածը փարատելու մտքով, թաքնվում են կնոջ տանը կից մարագում։ Ջրաղացից գալիս է լինում կինը, իսկ նրա հետևից՝ քահանան։ Անպատկառ քահանայի գործողության ժամին դուրս են թռչում թագնվածները և սկսում ծեծել նրան։ Գյուղացիները բռնում են քահանայի օձիքից ու քարշ տալիս դեպի գյուղի ծայրը, այնտեղ գտնվող քարից գլորելու համար»։  («Ազատ եկեղեցի» թերթ, 1928 թվական, մարտ):

Խորհրդային շրջանի հակակրոնական քարոզչության մեթոդները՝ մամուլի միջոցով կեղծ տեղեկությունների տարածումը, հոգևորականների վարկաբեկումը, կրոնական կառույցների հեղինակազրկումն օրինակներ են, թե ինչպես կարող է պետական քարոզչությունը քանդել ազգային ինքնության հիմքերը։

Տասնամյակներ անց մենք կարծում ենք, թե նման գործելաոճը մնացել է անցյալում։ Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ ազգային արժեքների հեղինակազրկման տեխնոլոգիաները և հասարակական գիտակցության մանիպուլյացիաները կրկնվում են:

Խորհրդային հակակրոնական քարոզչության մեխանիզմները մեզ հուշում են, որ եկեղեցու հեղինակազրկումը միշտ էլ սկսվում է կեղծ լուրերի ու վերահսկվող տեղեկատվական հարձակումների շնորհիվ։

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս