ԲԱՅՑ ԻՆՉԻ՞ ՄԵՆՔ ՄԵՐ ՁԱՅՆԵՐԸ ՊԻՏԻ ՏԱՆՔ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գործարար-ֆերմեր, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Մենք Իրանի հետ տնտեսությամբ այնքան ենք փոխկապակցված, որ Իրանի շուրջ ցանկացած գործողություն, պատերազմական իրադարձություն, երբ սահմանները փակվեն, մեզ վրա լուրջ ազդեցություն կունենա: Իրանը հիմա ունի պարենային անվտանգության խնդիր, և իր գյուղմթերքների արտահանումը հասկանալի պատճառներով արգելելով՝ մեզ մոտ երկարաժամկետ կտրվածքով ազդեցություն կունենա: Մենք Իրանից, օրինակ, սերուցք ենք ներմուծում, և կարելի է ասել՝ մեր կաթնամթերքի արտադրությունը հիմնված է իրանական սերուցքի վրա: Իսկ եթե երկար ժամանակ սա տևի, կաթնամթերքի գները մեզ մոտ կթանկանան: Բացի դրանից, մինչև 8000 տոննա տոմատի կոնցենտրատ և այլ ապրանքների արտադրության հումքեր ենք ներկրում Իրանից, դա էլ է թանկանալու: Արդեն իսկ թանկացել են սոխը, բուլղարական պղպեղը, սխտորը, ընդեղենը… Հետևաբար, որքան Իրանի պատերազմը շուտ դադարի, այնքան մեր օգուտն է:
  • Լարսը փակ էր, նոր է բացվել, այլանդակ հերթեր են: Դրանից բացի, վրացական անցակետերում օրերով մեր բեռնատարները կանգնում են, անգամ Թբիլիսիում է հերթ: Ապրանքը փչանում է, վարոդներին պետք է լրացուցիչ վճարել պարապուրդի համար:
  • Աշխարհում չկա որևէ երկիր, որը չփորձի նախ և առաջ լուծել իր պարենային անվտանգության խնդիրը: Հացահատիկի ինքնաբավությունը մեզ մոտ 16-17% է, բայց պետք է ձգտել հասնել 60-70%-ի: Պարենային անվտանգությանն է ուղղված նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ջերմատնային ու մթերման կայանների հիմնադրման ծրագիրը: Դա որևէ ապրանքի դեֆիցիտ չունենալու համար է: Մթերման կայանները բալանսավորող դեր են ունենալու: Ապրանք արտահանելու համար դու պետք է մեծ ծավալի ապրանք արտադրես: Որպես երկրի ղեկավար, միայն այդ ամենն անելու դեպքում դու կարող ես թաքուն ու անձեռոցիկով կարկանդակ ուտել քարոզարշավի գնալիս…

Կարդացեք նաև

  • 2023թ. բենզինի գները շատ ավելի էժան էին, քան հիմա, երբ ադրբեջանական բենզին է գալիս: Մեզ մոտ բենզինը 340-ից դարձավ 520 դրամ: Ադրբեջանական բենզինն այնքան շահարկեցին՝ իբր էժան է, էժան է, ընդամենը 20 դրամ է էժան:
  • Երբ 4-րդ կարգի ցորեն է գալիս, դու չպետք է պրոպագանդես, ասես՝ մենք էդ հացից կերել ենք: Ո՛չ, դուք էդ հացից չեք կերել: Օդում կախված լուրերի համաձայն՝ այդ ցորենն օգտագործվել է սպիրտի արտադրության մեջ: Էդ ցորենն էն քանակի չի եկել, որ նախարարի մակարդակով պրիմիտիվ բաների վրա միավորներ շահեք…
  • Մեր քաղաքացիների անվտանգության համար ի՞նչ արվեց: Ինքնաթիռների տոմսերի գները հասցրեցին աստղաբաշխական թվերի, հետո էլ մուննաթ եկան, թե եթե հանգստի գնալու փող ունեք, կուպալնիկով նկար եք հրապարակում, տոմսի փող էլ կունենաք: Լավ է արել, գնացել է: Էդ կուպալնիկով լողացող քաղաքացին քեզնից շատ հարկ ա տալիս… Բա դու պետություն ես, արածդ ի՞նչ է: Տեսան՝ աղմուկը մեծ է, հիմա էլ ասում են՝ 200.000 դրամով կփոխհատուցենք: Քեզ՝ որպես իշխանություն, չպետք է հուզի՝ քո քաղաքացին ինչ նպատակով է գտնվում Դուբայում կամ Մոսկատում, քո խնդիրը քո քաղաքացուն տեր կանգնելն է: 40 000 հայ ունենք Իրանում, դեսպանությունը, ԱԳՆ-ն ի՞նչ են արել նրանց անվտանգությունն ապահովելու համար:
  • Մեր իշխանությունը ցանկացած ձախողում մեր ժողովրդի վրա կարողանում է վաճառել՝ որպես հաջողություն: 5 տարի գերիներ ունենք Ադրբեջանում, էնքան անկարող էին, չկարողացան բերել, 5 տարի հետո մի քանի գերի բերեցին, ժողովրդի վրա վաճառեցին՝ որպես լավություն: Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը կարողացան վաճառել՝ որպես Հայաստանի ինքնիշխանության բարձրացում: Նիկոլի մոտ դա հաջողվում է: Հիմա էլ անընդհատ շանտաժով շահարկում են պատերազմի թեման: Ասում են՝ եթե մենք չլինենք, խաղաղություն չի լինելու, TRIPP չի լինելու, ոչինչ չի լինելու… Պարզապես ամոթ է: 
  • Սամվել Կարապետյանի դեմքով «Ուժեղ Հայաստանը» մարդկանց հետ ազնիվ է շփվում ու ճիշտն է խոսում: Բայց դա էլ են մեր դեմ պտտում: ՔՊ-ականները մարդկանց մանիպուլացնում են՝ ասելով, թե «Ուժեղ Հայաստանն» իր ձայները տալու է Ռոբերտ Քոչարյանին: Մարզերում մեզ մարդիկ հարցնում են՝ ձեր ձայները տալու եք Ռոբերտ Քոչարյանի՞ն: Բայց ինչի՞ մենք մեր ձայները պիտի տանք Ռոբերտ Քոչարյանին, կամ ինչո՞ւ մենք պետք է ուզենք գուբերնիա դառնալ:
  • Ես վախենում եմ, որ անդառնալիության կետը խախտվի, այդ դեպքում մեր երկրում որոշ համակարգեր վերականգնելը շատ դժվար է լինելու:

  • Նախընտրական շրջանում սրանք խոստանում են ամեն բան: Եթե դու երկրիդ գյուղատնտեսությունը չես թվայնացնում, բոլոր ապահովագրական ընկերությունները հրաժարվելու են ապահովագրել: Ժամացույցի պես աշխատող մեխանիզմ է պետք: Գյուղատնտեսության ոլորտ ահռելի գումարներ են մտնում, բայց դրանք մսխվում են, իսկ առաջընթաց չի լինում: Կապսի ջրամբարի գումարները մսխվեցին, չկարողացան բացել, գերմանական գումարներով էր կառուցվում, փակեցին… 
  • Ապահովագրության հետ կապված՝ Փաշինյանն ասել էր՝ գյուղացին գիտի՝ կարկուտ որտեղ է գալու, հատուկ տանում բերքն այդտեղ է ցանում, որ կարկուտը խփի, ապահովագրություն ստանա: Ինձ որ ասացին, չհավատացի, որ նման անհեթեթ բան է ասել, բայց լսեցի, իսկապես ասել էր: Ես չգիտեմ՝ սա ինչ է: Նախ՝ գյուղացու հողը մի կտոր է, հետո աշխարհում չկա մարդ, ով կգուշակի՝ կարկուտ որտեղ է գալու, և երրորդ՝ գյուղացին բերքը չի ցանում ապահովագրություն ստանալու համար, դա իրեն պետք չէ:
  • Մինչև 10.000 դրամով թոշակը բարձրացնելն առանց օրենքում փոփոխություն անելու ու ԱԺ մտցնելու՝ նախընտրական կաշառք է:
  • Սամվել Կարապետյանի գլխավորությամբ «Ուժեղ Հայաստանը» տնտեսական, գյուղատնտեսական լուրջ ծրագրեր է առաջարկում: Աշխարհի ոչ մի երկրում առանց մթերման կայանների չկա գյուղատնտեսություն: Մթերման կայաններում իր բերքը տեղավորելուց հետո ֆերմերն ունենում է իր բերքը վաճառելու ժամանակ: Գյուղացուն ինքնարժեքով պարարտանյութ, տեխնիկա է տրվելու: Մթերման կայանները լինելու են տեղերում: Մի խոշոր կայանն ունենալու է 10 000 տոննա կարողություն ու աշխատելու է հայկական խանութների ցանցերի հետ: Նվազելու են լոգիստիկ ծախսերը, զուգահեռ՝ զարգանալու է վերամշակման ոլորտը: Թափվող ապրանք չի լինելու: Մթերման կայանը գյուղատնտեսության ամբողջ ցիկլը փակելու է: «Ուժեղ Հայաստանն» այս ճանապարհով է գնալու:
  • Այս իշխանությունների «Խելացի անասնագոմերի» ծրագիրը տապալված ծրագիր էր, սպանդանոցները՝ խնդրահարույց: Այդ մասին բազմիցս ենք խոսել ու ասել՝ չի աշխատելու: 
  • Խոզերի գլխաքանակի, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի անկում ունենք: 500 դրամով թանկացել է տավարի մսի գինը հենց այդ պատճառով: Խոզի մսի գինը չի բարձրանում, որովհետև Ռուսաստանից բավականին էժան գնով խոզի միս են բերում ու վաճառում տեղականի տեղ, ինչը խփում է մեր տեղական ֆերմերներին: 
  • Երբ 2019-2020թթ. իշխանական պրոպագանդան սկսեց տարածել, որ կանեփը փրկություն է, ես դեմ արտահայտվեցի, ասացի՝ ոչ մի տնտեսական հաշվարկ չունեք, կանեփի թելը, յուղը, տետրահիդրոկանաբինոլը, մյուս բաղադրիչները դուրս են գալու, երկու կոմպոնենտով ո՞նց եք արտադրական կանեփ արտադրելու: Դա էլ տապալվեց: Պիլոտային արեցին, տեսան՝ ձեռք չի տալիս, փակեցին: Հիմա սպասում եմ, որ մի օր սրանք թմրանյութն էլ կօրինականացնեն, ու կանեփի արտադրությունը ձեռնտու կլինի, բայց հուսամ՝ այդ օրը չի գա:

  • Գյուղատնտեսության նախարարությունն ամենակարևորն է. այն միայն պարենի խնդիր չի լուծում, ազգային անվտանգության բաղադրիչներից մեկն է: Վստահ եմ՝ շուտով՝ փակելուց 8 տարի անց, կհայտարարեն Գյուղատնտեսության նախարարությունը բացելու մասին ու կմատուցեն որպես մեծ նվեր, ու ոչինչ, որ նախարարությունն իրենք էին փակել, մասնագետներին ցիրուցան արել… 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս