Բաժիններ՝

Մենք կտրում ենք մեր արմատները, ծառը՝ առանց արմատների, դատապարտված է չորանալու

Ի՞նչ հոգևոր կապ ունենք մենք և մեր հայրերը, նախնիները, և արդյո՞ք այդ կապը խզվել է. մեկնաբանում է Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների խորհրդակատար Տեր Արսեն քահանա Սարոյանը:

Չպետք է կորցնենք մեր հոգևոր և ազգային դիմագիծը

«Մենք ունենք ինքնության խնդիր: Մեր հայրերի ու մեր միջև կապը որոշակի առումով խզվել է: Այսօր միտում կա մեր ավանդությունների ոտնահարման: Մենք փորձում ենք մոռանալ մերը, ընդօրինակել օտարին, հեռանում ենք մեր հավատքից, Աստծուց: Ամբողջ աշխարհում մարդուն պարտադրվում է հեռանալ իր արմատներից, իր ազգային նկարագրից, որպեսզի մարդը չդավանի այն ամենին, ինչն իրեն որպես տեսակ պահպանել է: Չպետք է կորցնենք մեր հոգևոր և ազգային դիմագիծը: Մեր հայրերի հետ կապի խզումը կնշանակի մեր տեսակի ավարտ՝ որպես ազգ, հայ մարդ, հայ քրիստոնյա»:

Ծառը, որն արմատ չունի, դատապարտված է չորանալու

Կարդացեք նաև

«Մեր նախնյաց թողած ժառանգությունն այն արմատն է, որի վրա բուսնել է մեր ազգային ծառը: Դարերի հոլովույթում սրբագրված, մաքրամաքուր վիճակի հասած հոգևոր արժեքները, ավանդույթները ժառանգություն են մեզ՝ մեր հայրերից: Մոռանալով մեր ավանդույթները մենք կտրում ենք մեր արմատները: Այն ծառը, որն արմատ չունի, դատապարտված է չորանալու: Մեր ավանդույթները պետք է դարձնենք ապրելակերպ, որպեսզի ունենան հոգի, շարունակականություն: Մեր ժառանգությունը մեզ ստիպում է, որ ապահովենք ու պահպանենք մեր նախնիների հետ կապը, առանց որի չենք կարող ապահովել մեր շարունակականությունը որպես ազգ: Այն մշակութային ժառանգությունը, որը ստացել ենք մեր նախնիներից, պարտավոր ենք պահպանել, զարգացնել ու փոխանցել, ոչ թե մսխել»:

Եկեղեցին միշտ պետք է առաջնորդի իր զավակաց

«Ասել, որ հայ քրիստոնյա ենք, նշանակում է լինել դավանող հոգևոր այն արժեքների, որոնք քարոզվում են Քրիստոսի Սուրբ Եկեղեցու միջոցով և փոխանցվում սերնդեսերունդ: Հայ Եկեղեցին ունի մեծ առաքելություն մեր ժառանգության և հոգևոր արժեքների փոխանցման գործում: Պատահական չէ, որ մեր եկեղեցին կոչվում է ազգային, որովհետև մեծ առաքելություն է իրականացրել հայ ժողովրդի ազգային կյանքում: Այդ ճանապարհով մենք կարողացել ենք մեր հոգուց, սրտից ներս միաձուլել հոգևոր արժեքները և ապրել դրանցով, հանուն այդ արժեքների զոհել կյանքեր:

Եկեղեցին Աստծո լույսը փոխանցում է մարդկանց հոգիներից ու սրտերից ներս, իրականացնում իր հոգևոր առաքելությունը յուրաքանչյուր ընտանիքից ներս, որն իր դռները բացում է Աստծո խոսքի համար: Եվ մեր Եկեղեցին, Սուրբ Հոգու շնորհներով նորոգվելով, միշտ պետք է առաջնորդի իր զավակաց դեպի խաղաղություն, դեպի այն ապագան, որ կարողանանք կրողը լինել հոգևոր արժեքների»:

Պետք է հավատարիմ լինենք մեր առաքելությանը

«Հոգու սովը հնարավոր է հագեցնել այն ժամանակ, երբ մարդը հաշտ է Աստծո, ինքն իր հետ, իր սիրտը, հոգին, մարմինն ու միտքն ունեն ներդաշնակություն: Մարդը կարող է ներդաշնակ լինել, երբ ապրում է Աստծո օրհնության մեջ: Դա հնարավոր է այն դեպքում, երբ մենք հավատարիմ ենք մեր առաքելությանը՝ փնտրել, մեր մեջ գտնել Աստծո պատկերն ու նմանությունը: Մարդ արարածը ստեղծված է Աստծո պատկերով և նմանությամբ: Այն մարդը, որը հեռանում է Աստծուց, հեռանում է նաև իր ինքնությունից»:

Պատրաստեց Անի Ավագյանը

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս