Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթերում վարորդները օրերով սպասում են Հայաստան մուտք գործելուն
Արդեն մի քանի օր է՝ Հայաստան-Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում դեպի Հայաստան բեռնատարների մուտքը դանդաղել է, ինչի հետևանքով սահմանային հատվածում երկար հերթեր են առաջացել։
Այդ մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշել է հերթում սպասող վարորդներից մեկը՝ Վարդան Մանուկյանը, ով արդեն մի քանի օր է գտնվում է խցանման մեջ և սպասում է իր հերթին՝ Հայաստան մուտք գործելու համար։ Նրա խոսքով՝ հայկական կողմում աշխատանքները բավական դանդաղ են ընթանում, ինչի պատճառով բեռնատարները ստիպված են ժամերով, երբեմն նաև օրերով սպասել։
«Արդեն մեկ-երկու օր է այստեղ սպասում ենք, թե երբ հայկական կողմը մեզ կընդունի, որպեսզի կարողանանք մուտք գործել Հայաստան։ Շատ դանդաղ են աշխատում։ Հիմնականում ընդունում են միայն սննդով բեռնված մեքենաներին, այն էլ՝ մեծամասամբ վրացի վարորդների»,-նշեց վարորդը։
Վարդան Մանուկյանի խոսքով՝ բեռնատարների վարորդները ամիսներով ճանապարհ են անցնում տարբեր երկրներով, սակայն հայրենիք հասնելիս հաճախ կանգնում են նման դժվարությունների առաջ։
«Ամիսներով ճանապարհ ենք անցնում, ամբողջ աշխարհը ոտքի տակ ենք տալիս, գալիս ենք, բայց չեն թողնում մտնենք մեր երկիր։ Վրացական կողմն էլ ասում է՝ եթե հայկական կողմը արագ աշխատի և ընդունի մեքենաները, մենք էլ ձեզ կուղարկենք, հակառակ դեպքում այստեղ էլ խցանումներ կառաջանան»,– ասաց նա։



