Պարտքի «ռեկոնստրուկցիա». Ինչպե՞ս է Ֆինանսների նախարարությունը թաքցնում 143 մլն դոլարը
Իշխանությունները որոշել են ընտրություններից առաջ հերթական աչքակապությունն անել, այս անգամ՝ պարտքերի հետ կապված։ Փոխել են պետական պարտքի ներկայացման ձևը, որպեսզի թաքցնեն պարտքերի իրական չափը։
Այն հսկայական պարտքերը, որոնք Հայաստանի այսօրվա կառավարիչներն այս տարիներին կուտակել են, իսկական գլխացավանք է դարձել նրանց համար։ Ինչ ձևով փորձում են արդարացնել, չի ստացվում, ուստի որոշել են պարտքերը «ռեկոնստրուկցիայի» ենթարկել, որպեսզի դրանք քիչ երևան։
Ֆինանսների նախարարության հունվարին հրապարակած տվյալներով, անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կառավարության պարտքը կազմել էր 14 մլրդ 40 մլն դոլար։ Նույն ֆինանսների նախարարության փետրվարին հրապարակած տվյալներով, անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված կառավարության 14 մլրդ 40 միլիոն դոլար պարտքը դարձել է 13 մլրդ 897 մլն դոլար։
Մի «հրաշքով», բառացի նույն օրվա դրությամբ, պարտքը 143 մլն դոլարով պակասել է։
Ի՞նչ է եղել այդքան պարտքը, ոչ մի բացատրություն, ոչ մի պարզաբանում չկա։
Առաջին հայացքից թվում է, թե հաշվարկի փոխարժեքն են փոխել։ Բայց չէ՝ հաշվարկի փոխարժեքը մնացել է նույնը։ Վերցրել ու կառավարության պարտքից հանել են վարկային երաշխիքները։ Նախկինում դրանք ներառված էին կառավարության պարտքի մեջ, հիմա չկան։
Կառավարության պարտքը որոշել են առանց երաշխիքների ներկայացնել։
Թեև այնպես չէ, որ երաշխիքները կառավարության պարտքերից շատ են տարբերվում։
Եթե վաղը կառավարության երաշխիքով տրամադրված վարկերը չվերադարձնեն, կառավարությունն ինքն է պարտավոր դրանք վերադարձնել։
Այնպես որ, երաշխիքները նույն պարտքերն են, որոնք կախված են կառավարության վրա։ Բայց հիմա դրանք չեն երևում կառավարության պարտքերի մեջ։ Այդ պատճառով էլ կառավարության պարտքը, հունվարին ու փետրվարին հրապարակված ցուցանիշներում, նույն օրվա դրությամբ, 143 մլն դոլարով նվազել է։
Անցած տարվա վերջին կառավարության տրամադրած երաշխիքները կազմել էին 207 մլն դոլար, որից 136 միլիոնը, որպես ներքին երաշխիքներ՝ ներառված էին կառավարության, 71 միլիոնը՝ որպես արտաքին երաշխիքներ, Կենտրոնական բանկի պարտքերի մեջ։ Հիմա կառավարության տրամադրած ներքին երաշխիքները հանել են կառավարության պարտքի ցուցանիշներից, չնայած դրանք չեն մարվել, ընդհակառակը՝ ավելացել են։
Կառավարության տրամադրած վարկային երաշխիքներն այս տարվա սկզբին հասել են գրեթե 222 մլն դոլարի։ Ամենամեծ երաշխիքը տրամադրվել է «Լիդիան Արմենիային»։ Փետրվարի 1-ի դրությամբ այն կազմել է 123 մլն դոլար։
Նախկինում ներքին երաշխիքների ձևով տրամադրված այս գումարները կառավարության պարտքերում տեղ չեն գտել։ Դրա արդյունքում էլ կառավարության պարտքը 14 մլրդ 40 մլն դոլարից դարձել է 13 մլրդ 897 մլն դոլար։
Նախորդ տարվա վերջի ցուցանիշն առաջին հայացքից նվազել է, բայց պարտքի չափի մեջ իրականում բան չի փոխվել։ Ընդհակառակը՝ այս տարի էլ կառավարության պարտքը շարունակել է նույն բարձր տեմպերով ավելանալ։
Միայն հունվարին կառավարության պարտքն աճել է գրեթե 212 մլն դոլարով։
Դա տեղի է ունեցել հիմնականում արտաքին պարտքերն ավելացնելու հաշվին։
Կառավարության արտաքին պարտքը նախորդ տարվա վերջի 6 մլրդ 539 մլն դոլարից, այս տարվա հունվարի վերջի դրությամբ՝ դարձել է 6 մլրդ 741 մլն դոլար։
Մեկ ամսում ավելացել է գրեթե 202 մլն դոլարով։ 10 միլիոնով էլ ներքին պարտքն է ավելացել։
Արդյունքում՝ կառավարության պարտքը հունվարի 31-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 109 մլն դոլար, բայց առանց երաշխիքների։ Երաշխիքները ներառած՝ կամ նախկին հաշվարկի մեթոդաբանությամբ, կկազմեր 14 մլրդ 260 մլն դոլար՝ 220 միլիոնով ավելի շատ, քան անցած տարվա վերջին էր։
Պատկերացնելու համար, թե ինչպիսի փոփոխություն է կրել կառավարության պարտքը վերջին մեկ տարում, նշենք, որ 2025թ. հունվարի 31-ին կառավարության պարտքը շուրջ 12 մլրդ 386 մլն դոլար էր։
Մեկ տարում ավելացել է 1 մլրդ 874 մլն դոլարով։
Հիմա պատկերացրեցի՞ք, թե ինչ տեմպերով է կառավարությունը պարտքերն ավելացնում։ Դրա համար էլ այսպիսի մանիպուլյացիաներ է անում պարտքերի հետ։
Որոշել է ոչ միայն տրամադրված ներքին վարկային երաշխիքները հանել սեփական պարտքերից, այլև «թաքցնել» պետական պարտքի ցուցանիշը, որը, ինչպես հայտնի է, ներառում է կառավարության ու Կենտրոնական բանկի պարտքերը։ Իհարկե, Կենտրոնական բանկի պարտքերը չես համեմատի կառավարության պարտքերի հետ, բայց դրանք էլ մի քանի հարյուր միլիոն դոլարի են հասնում։ Հրապարակված վերջին տվյալներով, ԿԲ պարտքերը կազմում են 490 մլն դոլար։ Տարեսկզբին նույնիսկ մի փոքր նվազել են՝ ի տարբերություն կառավարության պարտքերի։
Կառավարության ու Կենտրոնական բանկի պարտքերը, կառավարության տրամադրած երաշխիքները համադրելով՝ կստացվի, որ Հայաստանի պետական պարտքն ընդհուպ հասել է 14.8 մլրդ դոլարի։ Մի քիչ էլ ու կանցնենք 15 միլիարդից։
Այնինչ՝ ՔՊ-ականները, երբ նստեցին իշխանական աթոռներին՝ պետական պարտքն ընդամենը 6.7 միլիարդ էր։ Ավելացել է 8 մլրդ դոլարով։
Կառավարության պարտքն էլ 6.1 միլիարդ էր, հասցրել են 14.2 միլիարդի։
Այլ աճերով են հպարտանում, բայց պարտքի աճից չեն խոսում, որի սպասարկումը չափազանց ծանր բեռ է դարձել պետության ու բյուջեի վրա։ Բյուջեի եկամուտների 11 տոկոսը, հարկային եկամուտների գրեթե 14 տոկոսը գնում է կառավարության պարտքի միայն տոկոսների սպասարկմանը։ Պատճառն այն է, որ ոչ միայն պարտքն են կրկնակիից շատ ավելացրել, այլև պարտքի որակն են էապես վատացրել։ Ու հիմա նման աճպարարություններով՝ փորձում են թաքցնել պարտքի իրական պատկերը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



