Նիկոլ Փաշինյանը մկրտվա՞ծ է. Փաշինյանի խոսնակը չի պատասխանում հեռախոսազանգերին

«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը երեկ «24 news» լրատվականի եթերում խոսելով իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մասին, ասել էր, որ իր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ մկրտված էլ չէ, և հավելել՝ «եթե Նիկոլ Փաշինյանը մկրտված է, ապա թող ասի՝ ո՞վ է մկրտել, մկրտության վկայականը թող դնի, տեսնենք՝ ո՞վ է մկրտել իրեն»։

Արդեն 24 ժամ է անցել Նարեկ Մալյանի այս հայտարարությունից, սակայն իշխանության կողմից որևէ հակադարձող, հերքող  թեկուզ մեկ գրառում համացանցում չկա։

Նկատենք, որ երբ իշխանությունը Վեհափառ հայրապետին մեղադրում է էլ կուսակրոնության ուխտը խախտելու, էլ երեխաներ ունենալու, էլ Ջոն Քենեդու սպանության մեջ, և, որոնց, իհարկե, Վեհափառ հայրապետը որևէ կերպ չի արձագանքում, իշխանությունն ասում է՝ «եթե կաթողիկոսը չի արձագանքում, ուրեմն՝ ամեն ինչ ճիշտ է»։ Հետևաբար՝ հիմա հարց է առաջանում, եթե իշխանությունը չի արձագանքում Նիկոլ Փաշինյանի մկրտված լինել-չլինելու վերաբերյալ հայտարարությանը, ուրեմն ճի՞շտ է։

168.am-ի հետ զրույցում Նարեկ Մալյանն անդրադառնալով իր երեկվա հայտարարությանը, մանրամասնեց՝ ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը մկրտված չէ, իսկ եթե մկրտված է, ապա շատ հեշտ կարող է հաստատել։

Կարդացեք նաև

«Եթե մարդը մկրտված է, ինքը կարող է ասել՝ ե՞րբ ու որտե՞ղ է մկրտվել, ո՞ր եկեղեցում։ Նաև գոյություն ունի մկրտության մասին վկայական, որտեղ այդ ամենը նշված է՝ ո՞ր եկեղեցում, ո՞ր քահանայի կողմից է մկրտվել, ո՞ր թվականին, ընդհուպ գրված է մինչև անգամ այն, թե ո՞վ է կնքահայրը։ Մկրտությունը մարդու կյանքում այն իրադարձությունն է, որը դժվար թե մոռանա… Տարբեր տեղերից ես այս մասին լսել եմ, հակառակն ապացուցող որևէ փաստի չեմ տիրապետում»,- նշեց Նարեկ Մալյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի այս հարցը բացարձակապես կարևոր չէր, քանի որ մարդու անձնական գործն է՝ ինչ կրոնի հետևորդ լինի, կամ չլինի։ Բայց այս պահին այդ հարցը կարևոր է, քանի որ Նիկոլ Փաշինյանն անում է դավանաբանական հայտարարություններ, հետևաբար՝ պետք է ճշտել՝ նման հայտարարություններ անելու իրավունք ունի՞, թե՞ ոչ։

«Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ քննադատություն կարող է հնչել բացառապես եկեղեցու հետևորդների կողմից, իսկ հետևորդ լինելու մեկ տարբերակ գոյություն ունի՝ մկրտությունն է Առաքելական եկեղեցում։ Եթե մեր եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն՝ զրկված է եկեղեցու մասին որևէ կարծիք հայտնելուց, հատկապես դավանաբական առումով։ Մենք, օրինակ, չենք մտնում, չէ՞, սուննի մահմեդականների կամ բողոքականների եկեղեցուն ինչ-որ բաներ պարտադրում կամ խորհուրդներ տալիս։ Չենք գնում Վատիկան ու Հռոմի պապին ասում՝ ինչո՞ւ ես լատիներեն աղոթում, և այլն, մենք դրա իրավունքը չունենք, մենք այդ եկեղեցիների, կրոնների հետևորդը չենք։ Եթե մարդը մկրտված չէ Հայ Առաքելական եկեղեցում, կարող է լինել, օրինակ, բողոքական, հատկապես, երբ ինքն ասում է՝ «իր և Աստծո միջև միջնորդ պետք չէ». այն դեպքում, երբ նման միտք ասում են «Կյանքի խոսքում», «հոգեգալստականները» և այլն, սրանով արժեզրկվում է կանոնային եկեղեցու իմաստը։ Այսպես անում են բացառապես աղանդավորները, ընդ որում՝ անում են հոգեորսության ժամանակ»,- շեշտեց Նարեկ Մալյանը։

Փորձեցինք կապ հաստատել նաև Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, հասկանալու՝ Նիկոլ Փաշինյանը մկրտվա՞ծ է, եթե այո, ապա ո՞ր եկեղեցում, ո՞ր թվականին, ո՞ր քահանան է նրան մկրտել և ո՞վ է նրա կնքահայրը։ Սակայն Նազելի Բաղդասարյանը մեր զանգերին չպատասխանեց։

Դիմեցինք նաև Կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին, վերջինս ասաց, որ բոլոր հարցերն ուղարկենք գրավոր։

Գրավոր հարցումը կուղարկենք, պատասխանը ստանալուց անմիջապես հետո այն կներկայացնենք մեր ընթերցողներին։

 

Տեսանյութեր

Լրահոս