Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամանակի հարց է. Սյունիքի ուղղությամբ կսկսվեն գործողություններ. Արամ Շահնազարյան
Իրանի հանգուցյալ գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհված այաթոլլահ Ալի Խամենեիի որդուն՝ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիին, նոր գերագույն առաջնորդ ընտրելը շատ հստակ արտաքին մեսիջ է Թեհրանի կողմից, որ Իրանն անզիջում է իր քաղաքականության մեջ և այն երկիրը չէ, որը կընկրկի ճնշումների դեմ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանը՝ խոսելով իրանա-իսրայելա-ամերիկյան շարունակվող պատերազմի և Իրանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին։

Արամ Շահնազարյանի խոսքով՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, որը Ալի Խամենեիի երկրորդ որդին է, շիա հոգևորական է, ունի իսլամի շիայական ուղղությունը դավանող Իրանի կրոնական ամենաբարձր աստիճանը՝ այաթոլլահ է, և իր կյանքում զբաղված է եղել կրոնական գիտությամբ, սակայն նաև ունեցել է քաղաքական մեծ ազդեցություն։ Շահնազարյանի խոսքով՝ Մոջթաբա Խամենեին այս տարիների ընթացքում եղել է Իրանի խորքային պետության ամենաառանցքային դեմքերից։
Ըստ քաղաքական վերլուծաբանի՝ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը կարելի է շատ լուրջ հաղթանակ համարել իրանական ժողովրդի համար։
«Ուղերձը շատ հստակ էր։ Եթե հիշեք՝ պատերազմի հենց առաջին օրվանից նպատակը մեկն էր՝ գլխատել Իրանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը, այս անգամ՝ երկրի առաջին դեմքով՝ հանգուցյալ առաջնորդով, հասնել փլուզման և իշխանափոխության, կամ էլ, ինչպես Թրամփն էր նշում՝ իր համար «ընդունելի» մարդը պետք է լինի հաջորդ առաջնորդը։ Այս ընտրությունը շատ հստակ մեսիջ էր, որ Իրանն այն երկիրը չէ, որը կընկրկի ճնշումների դեմ, Իրանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել սպառնալիքների լեզվով, Իրանն այն երկիրը չէ, որ Վենեսուելայի նման կարող ես առևանգել առաջնորդին, կամ Իրանի դեպքում՝ սպանել առաջնորդին ու նշանակել քո ուզած մարդուն երկրի ղեկավարի պաշտոնում։ Սա հստակ մեսիջ էր նաև, որ Իրանը շարունակելու է իր արտաքին քաղաքական ուղղությունը, և որևէ փոփոխություն այդ ուղղությամբ չի լինելու, Իրանը պահպանելու է իր տարածաշրջանային դերակատարությունը»,- մեկնաբանեց Արամ Շահնազարյանը։
Իրանահայ գործչի խոսքով՝ ռազմական ագրեսիային ի պատասխան՝ Իրանի գործողությունների տրամաբանությունը հստակ է՝ այս պատերազմի գինը պետք է վճարեն ոչ միայն Միացյալ Նահանգները և Իսրայելը, այլ ամբողջ միջազգային հանրությունը։
Խոսելով պատերազմից բխող ռիսկերի և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման վտանգների ու սպառնալիքների թեմայի շուրջ՝ քաղաքական վերլուծաբանն ընդգծում է՝ փետրվարի 28-ին սկսվածը ի սկզբանե ռեգիոնալ պատերազմ էր և շարունակվում է որպես ռեգիոնալ պատերազմ, և նույնիսկ որոշ փորձագետներ կարծում են, որ սա դե ֆակտո Երրորդ համաշխարհային պատերազմն է։
Այս համատեքստում Արամ Շահնազարյանը խոսեց կարևորագույն և հայկական տեսանկյունից առավել հետաքրքրական հարցերի մասին՝ իրանական պատերազմի «հրդեհը» կտարածվի՞ դեպի հյուսիս, այն ի՞նչ մարտահրավերներ է առաջացնում հատկապես Հայաստանի անվտանգության և շահերի համար և ինչպե՞ս է ազդում հարավկովկասյան տարածաշրջանի վրա։

Վերլուծաբանը հիշատակեց մարտի 5-ի նախիջևանյան դեպքերը՝ անօդաչուներով հարվածները Նախիջևանի տարածքին՝ կարծիք հայտնելով, որ դա սադրանք էր Իրանի դեմ։ Արամ Շահնազարյանի համոզմամբ՝ Իրանին պատերազմի նոր ճակատ պետք չէ։ Խոսքն, իհարկե, այն մասին է, թե արդյո՞ք Նախիջևանում տեղի ունեցածը իսրայելական կամ ադրբեջանական սադրանք չէր՝ Ադրբեջանի կողմից Իրանի դեմ պատերազմ սկսելու առիթ ստեղծելու՝ Իրանի դեմ ռազմական արկածախնդրության մեջ ներքաշվելու նպատակով։
Արամ Շահնազարյանի կարծիքով՝ ժամանակի հարց է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ներքաշվեն պատերազմի մեջ։
«Ինչ կապված է Նախիջևանին՝ ես կարծում եմ, որ դա սադրանք էր, միանշանակ սադրանք էր։ Սադրանք էր ո՞ւմ կողմից՝ Իսրայելի՞ կողմից, իսրայելա-ամերիկյա՞ն կողմից, թե՞ Ադրբեջանի կողմից, բայց ամեն դեպքում սադրանք էր դա՝ նոր ճակատ բացելու Իրանի դեմ։ Գիտեք, Իրանին անհրաժեշտ չէ նոր ճակատ այս պատերազմում։ Չեն խուսափի դրանից, բայց անհրաժեշտ չէ։ Հաշվի առնենք դրանից հետո Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի հայտարարությունը, որ զգուշացրեց Ադրբեջանին, որ «մենք չենք հարվածել, բայց զգուշացնում ենք ձեզ՝ հեռացրե՛ք սիոնիստներին ձեր տարածքից, որովհետև նրանք կարող են սադրել ամեն ինչ, և այդ սադրանքի անմիջական հետևանքների կրողները լինելու եք դուք»։
Առիթ ենք ունեցել բարձրաձայնելու այդ մասին, որ ոչ միայն Նախիջևանը, այլ նաև մեր օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում գործող երեք օդանավակայանները, այդ փոքրիկ տարածքում ի՞նչ իմաստ ուներ երեք օդանավակայան կառուցել։
Ակնհայտ է, որ դրանք օգտագործվում են ռազմական նպատակներով, և ակնհայտ է, որ դրանք օգտագործվում են Իսրայելի կողմից, և եթե սկսեն օգտագործել Իրանի դեմ, այո՛, միանշանակ թիրախավորելու են, և եթե, Աստված մի արասցե, պատերազմը ավելի լայն ընթացք ունենա և ավելի ընդարձակվի, եթե, Աստված մի արասցե, այնպես լինի, որ ամերիկա-իսրայելական կողմը կարողանա թեկուզ 1 տոկոսով հասնել իր նպատակներին, այսինքն՝ հասարակական փլուզում և իշխանափոխություն, վստահ եմ՝ դա տեղի չի ունենա, բայց պարտավոր ենք քննարկել յուրաքանչյուր տարբերակ, ես վստահ եմ՝ ժամանակի հարց է, որ Ադրբեջանը, Թուրքիան ներքաշվեն այս պատերազմում, և ժամանակի հարց կլինի, ցավոք սրտի, որ կսկսվեն ռազմական գործողություններ նաև Սյունիքի ուղղությամբ։
Ես այդ վտանգը տեսնում եմ և ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնում եմ այդ մասին։ Ամենապարզ սցենարը՝ կհայտարարեն, թե՝ «ստեղծում ենք անվտանգության բուֆերային գոտի, մտնում ենք՝ մեր սահմանները ապահովենք»»,- կարծում է Արամ Շահնազարյանը։

Ինչպես մեկնաբանում է քաղաքական վերլուծաբանը՝ տեսականորեն Իրանի դեմ ցամաքային ռազմական գործողությունների՝ ԱՄՆ-Իսրայել կոալիցիայի կամ նրանց «պրոքսի» ուժերի կողմից ցամաքային ներխուժման հավանականություն կա, սակայն գործնականում «դա խելացնոր բան է»՝ հիշելով Իրանի հսկայական տարածքը՝ մոտ 1 մլն 650 հազար քառ.կմ, ավելի քան 90 մլն բնակչությունը, աշխարհագրական ռելիեֆը, ռազմական ներուժը և շատ ու շատ այլ գործոններ։
Արամ Շահնազարյանի խոսքով՝ Իրանը պատրաստ է շա՜տ երկար պատերազմի՝ անգամ տարիներով։
Շահնազարյանը ծիծաղելի է համարում Թրամփի «կովբոյական մոտեցումն» Իրանի հարցում՝ նշելով, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա չի ճանաչում իրանցի ժողովրդին ու իրանական մշակույթը։ Զրուցակիցն ընդգծում է՝ իրանական ժողովրդի հոգեբանությունը, մշակույթը, արժեհամակարգը պետք է ճանաչել։ Այս համատեքստում նա հիշատակեց նաև պատերազմի համատեքստում կրոնական գործոնի շահարկումը Թրամփի վարչակազմի կողմից՝ նշելով, որ ամերիկյան հասարակությունը դարձել է ծայրահեղական աղանդավորական շարժումների գերին։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



