Թուրքիայում կա մի գյուղ, որտեղ ո՛չ ծխում են, ո՛չ էլ խմում
Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում կա գյուղ, որտեղ մարդիկ ապրում են տարբեր վատ սովորություններից ու կախվածություններից զերծ կյանքով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ գյուղը Թազլարն է, որն օրիանակելի է իր բնակիչներով, որոնք առողջ ապրելակերպի կողմնակից են։
Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը և «Yeşilay»-ի (Թուրքական կանաչ մահիկի միություն) նախագահ Մեհմեթ Դինչն այդ գյուղն այս տարի արժանացրել են կազմակերպության «Ամենականաչ գյուղ» անվանակարգին։ Նշենք, որ կազմակերպությունը զբաղվում է կախվածությունների (ալկոհոլ, թմրանյութ, ծխախոտ և այլն) դեմ պայքարով և առողջ ապրելակերպի խթանմամբ։
«Yeşilay»-ի Աֆյոնքարահիսարի մասնաճյուղի նախագահը նշել է, որ ցանկանում են, որ գյուղը օրինակ լինի Թուրքիայի մյուս գյուղերի և համայնքների համար։ Ըստ նրա՝ երբ ծխախոտը գյուղ չի մտնում, վատ սովորությունները նույնպես չեն մտնում և գյուղացիները շատ ուրախ են իրենց գյուղն այդ անվանակարգին արժանացնելու համար։ Թազլարի գյուղապետ Հիդայեթ Ունալն էլ նշել է, որ գյուղում Կանաչ մահիկի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ծխախոտ և ալկոհոլ չեն օգտագործել, և խաղամոլություն չի եղել: Ունալը, անդրադառնալով նաև գյուղի անցյալին, նշել է.
«Մեր գյուղում ծխելու արգելք է մտցվել 1928-ին։ 5-6 մարդ ծխում էր։ Գյուղապետ Ահմեթ աղան ստիպել է նրանց թողնել ծխելը։ Այդ օրվանից մինչև այսօր մեր գյուղը մաքուր գյուղ է եղել։ Մենք անընդհատ հորդորում ենք մեր երեխաներին և երիտասարդներին չծխել»։



