
Ադրբեջանը գլոբալ հարցեր լուծելու անվան տակ լուծում է «Արևմտյան Ադրբեջանի» հարցերը. Սերգեյ Մելքոնյան
«Պետք է ամեն ինչ անել, որ Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան»,- երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Միխեիլ Կավելաշվիլին, որը, ըստ ՀՀ կառավարության, նախ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, ապա հույս հայտնել, որ շուտով այն կստորագրվի, ինչը տարածաշրջանում կբերի խաղաղություն ու կայունություն։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու «Ապրի Արմենա» գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը, խոսելով Հարավային Կովկասը ուժեղ տարածաշրջան դարձնելու Վրաստանի նախագահի ցանկության մասին, նշեց՝ Վրաստանի ղեկավարի այդ ցանկությունն առաջին հերթին պետք է դիտարկել այդ պետության շահերի տեսանկյունից։
«Վրաստանի պարագայում մենք տեսնում ենք նրանց ակտիվությունն այս տարածաշրջանում՝ պայմանավորված հատկապես Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ակտիվ հարաբերություններով։ Այդ հարաբերությունները բալանսավորելու համար է վրացական կողմը ցանկանում Հայաստանի հետ հարաբերություններ խորացնել, ընդհուպ՝ հայ-ադրբեջանական հարցերի համար դառնալ միջնորդ, որպեսզի վրացական շահերը չտուժեն։
Օրինակ՝ Վրաստանի համար շատ կարևոր է, որ իրենք ներգրավված լինեն Արևելք-Արևմուտք ծրագրում՝ Միջին միջանցքում, որպեսզի կոմունիկացիաների բացման պարագայում իր դերակատարումը չնվազի, եթե անգամ ադբեջանական կողմը փորձի բացել, իրենց ձևակերպմամբ՝ «Զանգեզուրով միջանցք» ասվածը»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Նրա համոզմամբ՝ ադրբեջանական այդ ծրագիրը կյանքի չկոչելու համար իրանական կողմը շարունակում է այլ տարբերակներ առաջարկել. հերթականն Իրանի նախագահ Փեզեշքիանի՝ Ալիևին արված առաջարկն էր՝ Արաքսի միջանցքը Նախիջևանի հետ կապի համար օգտագործելու նպատակով։
«Իրանի գործադրած դիվանագիտական ջանքերն առայժմ բավարար են, որ «Զանգեզուրով միջանցքը» չբացվի։ Ի դեպ, Ռուսաստանն այս հարցում ավելի շատ հարմարվողական դիրքորոշում ունի։ Ռուսաստանը մտածում է, որ, եթե այս տարածաշրջանում Արևմուտքի դերակատարում չկա, դա արդեն լավ է։ Ռուսաստանը չի մտածում, որ հանձնում է Հարավային Կովկասը Թուրքիային, որովհետև Ռուսաստանն ուղղակի չի կապում Թուրքիային Արևմուտքի հետ, ինչը, ըստ իս, շատ կոպիտ սխալ է։ Ռուսաստանը փորձում է համակերպվել Հարավային Կովկասում փոփոխված ստատուս-քվոյի հետ՝ այդ փոփոխված համակարգում փորձելով առաջ տանել իր շահերը»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում, թերևս, միայն հայկական կողմն իր շահերն առաջ չի տանում, ավելին՝ փորձում է առաջ տանել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի կյանքի կոչվելու պարագայում խաչմերուկ է դառնում ոչ թե Հայաստանը, այլ Նախիջևանը, իսկ «Խաղաղության համաձայնագիր» կնքելու գործընթացն առհասարակ փակուղում է։
«Ադրբեջանը պատերազմ չսկսելու նախապայմաններ է դնում, դնում է նաև այդ Խաղաղության համաձայնագիրը կնքելու նախապայմանը, որի կատարման դեպքում, միևնույն է՝ ոչինչ չի ստորագրելու, որովհետև շահ չունի որևէ բան ստորագրելու համար։ Հիմա Ադրբեջանն այլ խնդիր է լուծում՝ ավելի գլոբալ հարցեր լուծելու անվան տակ լուծում է «Արևմտյան Ադրբեջանի» հարցերը»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։