«Սյուրռեալ» Լեռնային Ղարաբաղ․ Ադրբեջանը վերակառուցման քողի տակ վերաբաշխում է նավթադոլարներից հոսող ռեսուրսները․ RFE/RL

Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի մայիսին կտրեց կանաչ ժապավենը՝ Լաչինի միջազգային օդանավակայանը բացելու համար, այն իր տեսակի մեջ երրորդ նմանատիպ օբյեկտն էր։ Երեք օդանավակայաններն էլ գտնվում են միմյանցից 100 կիլոմետրից պակաս հեռավորության վրա և գրեթե չեն օգտագործվում․ ինչպես հաղորդում է ABC Media-ն, այս մասին գրել է Radio Free Europe/Radio Liberty-ին։

Ինչպես շեշտվել է, ԼՂ-ի գրեթե ամբողջ բնակչությունն՝ ավելի քան 100,000 էթնիկ հայեր, լքել են տարածքը Բաքվի կողմից սկսված մի շարք ռազմական հարձակումների հետևանքով, որոնք գագաթնակետին են հասել 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի լիակատար բռնակցմամբ։

Լեռնային Ղարաբաղը պատմականորեն բնակեցված է եղել հիմնականում էթնիկ հայերով:

Ալիևի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում բացվող նոր օբյեկտների մի քանի լուսանկարներ ցույց են տալիս մարդկանց փոքր բազմություն, որոնք հավաքվում են միջոցառումները նշելու համար: Սակայն շրջաններից արված օդային լուսանկարներն աչքի են ընկնում իրենց լանդշաֆտների միայնությամբ:

Ադրբեջանցի տնտեսագետ Թողրուլ Վալիևը RFE/RL-ի հետ զրույցում նշել է, թեպետ պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ «30,000-40,000 ադրբեջանցի է վերադարձել շրջաններ», տարածքում տեղաշարժի խիստ սահմանափակումների պատճառով՝ «դժվար է գտնել կոնկրետ տվյալները»։

Մատեո Չիվիլլինին այն քիչ արևմտյան լրագրողներից է, ովքեր մուտք են գործել այդ տարածքներ: Իտալացին ռեպորտաժ է վարել Լեռնային Ղարաբաղից՝ 2024 թվականի ապրիլին COP 29 կլիմայական գագաթնաժողովից առաջ։

Լրագրողը ռադիոկայանին հայտնել է, որ մամուլի շրջագայությունն անցել է մի քանի անվտանգության ստուգման կետերով, որտեղ լրագրողների փաստաթղթերը «մանրակրկիտ ստուգվել» են մուտք գործելուց առաջ։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տիրում էր «սյուրռեալիստական, մի փոքր դիստոպիկ մթնոլորտ», որը նման էր հսկայական շինհրապարակի։ «Զարմանալի էր, թե որքան քիչ մարդիկ էին իրականում ապրում այնտեղ»,֊նշել է լրագրողը՝ հավելելով, որ ինքը տեսել է «ճանապարհին միայն մի քանի այլ մեքենաներ»․ «կար հստակ անհամապատասխանություն կառուցվող շենքի մասշտաբների և ակնհայտ կարիքների միջև»։

Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից հետո տարածքը լքած ադրբեջանցիներին առաջարկվել է պետության կողմից վճարվող բնակարան, եթե նրանք մշտապես տեղափոխվեն վերագրավված տարածքներ: Շատերը, որպես վերադարձի հիմնական խոչընդոտ, նշել են տարածաշրջանում աշխատանքային հնարավորությունների բացակայությունը: Լաչինի շրջանի նախկին բնակիչներից մեկը հարցազրույցում նշել է. «Ես չէի մտածի վերադառնալու մասին, քանի որ իմ աշխատանքը Բաքվում է»։

Այլ գյուղացի ադրբեջանցիներ նշել են, որ իշխանությունները կառուցում են «գեղեցիկ օբյեկտներ, բայց նրանք մեզ թույլ չեն տալիս նույնիսկ մեկ հավ պահել։ Մենք չենք ապրել Մոսկվայում, մենք ապրել ենք գյուղում»։

Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում վերականգնման և վերաբնակեցման աշխատանքների համար կանխատեսվում է, ընդհանուր առմամբ, մոտ 19.5 միլիարդ դոլար ծախսել։

Տնտեսագետ Վալիևի խոսքով՝ շինարարության մեծածավալ հոսքը մասամբ «ռեսուրսները վերաբաշխելու» միջոց է՝ պետական գանձարան հոսող նավթադոլարներից։ «Մինչ այդ վերակառուցվում էր Բաքուն, իսկ հիմա՝ Ղարաբաղը», – նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս