Նիկոլ Փաշինյանը վախենում է ցանկացած կազմակերպված ուժից, իսկ ի դեմս արցախցիների՝ կազմակերպված ուժ է տեսնում․ Վիգեն Հակոբյան

Գյումրիում և Փարաքարում  պաշտոնը ստանձնեցին ոչ ՔՊ-ական նորընտիր համայնքապետերը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով այս համայնքներում ոչ իշխանական թեկնածուների հաղթանակին՝ շեշտեց․ «Գյումրու ու Փարաքարի արդյունքները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի՝ «նախկիններ-ներկաներ» հնարքն այլևս չի աշխատում։ Ու մասնավորապես Գյումրիում, ըստ էության, իշխանության է վերադարձվել մարդ, որն ուղղակիորեն ասոցացվում է նախկինների հետ՝ 13 տարվա քաղաքապետը։

Այսինքն՝ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այն հեղինակությունը չէ, որի խոսքն ազդում է ընտրողների վարքագծի վրա, ու նաև պետք է փաստել, որ սա նոր տենդենց է․ մենք վերջին տարիներին տեսել ենք մի քանի ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Երևանի ընտրությունները, որտեղ նույնպես իշխանությանը չի հաջողվել ինքնուրույն, առանց մանիպուլյացիաների, ռեպրեսիաների, իշխանություն ձևավորել»։

Ըստ քաղտեխնոլոգի՝ իշխանությունն իր համար ևս արձանագրել է, որ ընտրություններով չի կարողանում վերարտադրվել։

Կարդացեք նաև

Ինչո՞ւ իշխանությունը Գյումրիում չնախաձեռնեց հետընտրական ինչ-ինչ գործողություններ, և հնարավո՞ր է, որ դրանք դեռ լինեն՝ մեր հարցին ի պատասխան՝ Վիգեն Հակոբյանը պարզաբանեց․ «Գյումրիում իշխանությունը չի գնացել կտրուկ գործողությունների, որովհետև ենթադրում են, որ իրենց կտրուկ գործողությունները կարող են պրովոկացիա, տրիգեր դառնալ հետընտրական զարգացումների, ընդորում՝ ոչ միայն Գյումրիում, այլև հետագայում՝ նաև մայրաքաղաքում։ Իշխանությունն ինքը գնահատում է, որ այլևս չունի այն ռեսուրսները, որ հակազդեցության պարագայում իր ռեսուրսներով կարողանա մի քանի վայրում «կրակը մարել»։ Ռեսուրսային ռեալությունից ելնելով է իշխանությունը հանդուրժող դարձել»։

Ինչպես այս օրերին տարբեր հանրային ու քաղաքական շրջանակներ, այնպես էլ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը հենց այս համատեքստում է դիտարկում իշխանությունների՝ ի դեմս արցախցիների՝ նոր թիրախներ գտնելու վարքագիծը։

«Քանի որ չի կարողանում այլևս այդ պրոցեսների վրա հույսը դնել, իսկ հին քարոզչական գործիքակազմերը չեն աշխատում, փորձում է նոր ուղիներ գտնել՝ նոր մեղավորներ, նոր թիրախներ․ այլևս ավանդական մեղավորները՝ նախկինները, թալանչիները, Պուտինը․․․ չեն աշխատում, արդեն հրահրում է ատելության պրոցես նույն ժողովրդի երկու հատվածների միջև։ Խոսքն արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության մասին է։ Այդ դրսևորումները լիբերալ ֆաշիզմի դրսևորումներ են»։

Նիկոլ Փաշինյանի՝ արցախցիների հանդեպ ատելությունը Վիգեն Հակոբյանը պայմանավորում է նրա վախերով՝ նկատելով, որ այդ գործընթացը ևս կարող է դառնալ տրիգեր, շրջվել իշխանությունների դեմ։

«Նա ընդհանրապես վախենում է ցանկացած կազմակերպված ուժից, իսկ ի դեմս արցախցիների՝ կազմակերպված ուժ է տեսնում, որը երկար դիմադրելու ավանդույթներ ունի։ Ի վերջո, այդ մարդիկ 1988 թվականից սկսած՝ միշտ եղել են սահմանապահ, պահել են ՀՀ անվտանգությունը, և միայն կազմակերպված լինելով էր հնարավոր անընդհատ պատերազմի վտանգի տակ ապրել,- մանրամասնեց նա՝ հավելելով,- Եթե իշխանությունը գնում է հայաստանցի-արցախցի հակադրությունը սրելու ճանապարհով, ապա դա նույնպես իշխանության համար շատ վտանգավոր ճանապարհ է, որովհետև եթե արցախցիներին այդ թեմայի շուրջ գրգռում ես, դու առավել կոնսոլիդացնում ես նրանց։

Այդ պատճառով, ինչքան իրենց համար վտանգավոր էր և այսօր էլ վտանգավոր է Գյումրիում իշխանությունը զավթելը, ընտրության արդյունքների վրա ներազդելու փորձը, այնպես էլ վտանգավոր կարող է լինել արցախցիներին հակաարցախյան վարքագծով, բառամթերքով կոնսոլիդացնելու գործընթացը։ Ու կամա թե ակամա, իրենք արցախցիներին, ի վերջո, մղելու են միայն քաղաքական օրակարգով հանդես գալու, որովհետև եթե արցախցիները համոզվեն, որ իրենց սոցիալական խնդիրները, այլ իրավունքները, վերադարձի հարցերը չեն լուծվելու այս իշխանության կողմից, իրենք հասկանալու են, որ միակ ռեալ ճանապարհն իշխանափոխության գործին միանալն է»։

Տեսանյութեր

Լրահոս