Միքայել Արզումանյանի՝ 3 տարի անազատության մեջ գտնվելը քաղաքական պատվեր է, քավության նոխազ դարձնելու մարմաջ. Գեղամ Մանուկյան

Ուղիղ 3 տարի է, ինչ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանն անազատության մեջ է. գեներալ-լեյտենանտը կալանավորվել է 2022 թվականի սեպտեմբերի 1-ին:

Նա մեղադրվում է 44-օրյային առնչվող պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու, երբ այդ ժամանակ ՊԲ հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր, և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու:

Ըստ մեղադրանքի, 2020թ. սեպտեմբերի 28-ին ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող հրամանատարական դիտակետ հանդիսացող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, սակայն սեպտեմբերի 29-ին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրելու ուղղությամբ ձեռնարկվել է նոր հակագրոհի օպերացիա, որը պսակվել է հաջողությամբ, բայց ավելի ուշ Միքայել Արզումանյանը, չունենալով համապատասխան լիազորություններ, անձնակազմին հրամայել է թողնել ազատագրած «Արեգա» բարձունքը և նահանջել՝ պատճառաբանելով, որ նույն վայրում արդեն իսկ պլանավորված է այլ օպերացիայի իրագործում:

Ընդ որում, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու մեղադրանքի առկայության մեջ իրենց դերակատարումն են ունեցել ինչ-որ կամավորներ, սակայն տարբեր տեղեկություններով՝ բարձունքը հայկական կողմը հետ չի վերցրել, և, որ այս դրվագով մեղադրական պնդումներն արդեն «փլվում են»:

Կարդացեք նաև

Նշենք, որ արդեն 2 տարի է, որ Միքայել Արզումանյանի գործը դատարանում է, և դատական նիստերն ընթանում են դռնփակ, ինչում, թերևս, ևս դիտավորություն կա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Շուշիի կորստին, ինչը տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանը փորձել է գցել տարբեր անձանց «գրպանը»՝ Արթուր Վանեցյան, Օնիկ Գասպարյան, Սեյրան Օհանյան և այլք: Առհասարակ, Շուշիի հետ կապված բազմաթիվ հարցեր կան:

Եվ հենց այս ամենը հաշվի առնելով էր, որ 2023 թվականի օգոստոսին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել էր Քննիչ հանձնաժողովի նիստում լսել Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու մեջ մեղադրվող Միքայել Արզումանյանին:

Կհամաձայնե՞ր արդյոք Միքայել Արզումանյանը գնալ Քննիչ հանձնաժողով, այլ հարց է, բայց փաստ է, որ իշխանություններն իրենք նման հետաքրքրություն չցուցաբերեցին: Ավելին, մեր գրավոր հարցումներին ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի ոչ մի դրվագով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չկա, ինչն արվեց Ջալալ Հարությունյանի դեպքում՝ հայտնի հակահարվածի դրվագով, որից հետո Հարությունյանն արդարացվեց:

Ի դեպ, 2023 թվականի հուլիսին ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը կալանավայրից հայտարարություն էր տարածել։

Նա, մասնավորապես, անդրադարձել էր Շուշիի պաշտպանությունը պատշաճ կազմակերպել-չկազմակերպելու հարցին՝ նշելով.

«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ՝ ինչպես օդում, այնպես էլ՝ գետնի վրա։

Առկա իրավիճակում արել եմ առավելագույնը՝ քանակապես և սպառազինությամբ բազմակի անգամ գերակշռող թշնամուն դիմագրավելու համար, և որոշ դեպքերում էլ լուրջ հաջողություններ ենք ունեցել։

Սակայն թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ է կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային, և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը։

Իսկ ինձ առաջադրված մեղադրանքներն ուղիղ կապված են կոնկրետ պահերին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակներով՝ տարբեր անձանց կողմից Շուշիի հանձնման վերաբերյալ միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելու ժամանակագրության հետ։

Հենց այդ նպատակով էլ որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա։ Ինձ ճանաչողները քաջատեղյակ են, որ 18 տարեկանից զնեքը ձեռքիս մարտնչել եմ Հայրենիքիս համար, ինչպես նաև Շուշիի ազատագրումից հետո առաջիններից մեկը Շուշի մտած անձանցից մեկն եմ հանդիսանում։ Ուստի բացարձակ պատահական չեմ համարում նաև, որ ես եմ ընտրվել որպես թիրախ»:

Այն, որ Միքայել Արզումանյանի 3-ամյա անազատությունը քաղաքական վրեժխնդրության արդյունք է, 168.am-ի հետ զրույցում հերթական անգամ հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այսօր լրանում է անազատության մեջ ամենաերկարը գտնվող քաղբանտարկյալ, ինչո՞ւ չէ՝ ռազմագերի Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի կալանքի երեք տարին: Իրականում այդ երեք տարին ամոթի խարան է մեր բոլորի վրա, որովհետև քաղաքական պատվերով, Նիկոլ Փաշինյանի քաղաքական անմիջական ցուցումով Միքայել Արզումանյանը ձերբակալվեց: Եվ այն շոուն, որ արեցին նրա նկատմամբ հանրային տրամադրությունների վրա ազդելու համար, դրանից հետո գրեթե որևէ բառ չի խոսվում: Եվ այսօր նա գտնվում է անազատության մեջ ոչ օրինական, քաղաքական շարժառիթներով: Առիթ ունեցել եմ նաև ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարական կազմին այդ մասին ասելու, որովհետև տակը չկա իրավաբանություն, օրենք, ուղղակի չկա որևէ գործողություն, պարզապես քաղաքական պատվեր է, քաղաքական կամակորություն է և Միքայել Արզումանյանին քավության նոխազ դարձնելու մարմաջ:

Դատավարությունը փակ է, և այստեղ ևս շատ կարևոր հանգամանք կա. փակ դատավարության պատճառով հայ հանրությունը չի տեղեկանում այն բոլոր գործընթացներին, որոնք տեղի են ունենում դատարանում: Այսինքն, հասարակությունը զրկված է իրականության մասին պատկերացում կազմելու հնարավորությունից, որովհետև եթե դատական նիստերը լինեին դռնբաց, այդ դեպքում լրատվամիջոցների միջոցով մեր հայրենակիցները կտեղեկանային և կպատկերացնեին, որ «կարված» է շինծու գործ՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Եվ, առհասարակ, շատ ռազմական քրեական գործեր հարուցվել են 44-օրյա պատերազմի ընթացքում այս իշխանության, քաղաքական ղեկավարության անգործությունը, զանցանքներն ու անկազմակերպվածությունն ամբողջությամբ քողարկելու և մեղադրանքի սլաքներն այլ մարդկանց ուղղելու համար»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքներ էր հնչեցրել գեներալների հասցեին և հատկապես թիրախավորել էր Միքայել Արզումանյանին խախտելով նրա անմեղության կանխավարկածը «Արեգա» բարձունքից նահանջի հրաման տալու դրվագի համատեքստում:

Եվ քանի որ այստեղ Փաշինյանն ասում էր, որ քրեական գործի մասին ռեպորտաժ է տեսել, հարց է առաջանում՝ ե՞րբ է նա՝ որպես գերագույն հրամանատար և ՀՀ ղեկավար, իմացել «Արեգա» բարձունքի շուրջ կատարված գործողությունների մասին, որոնք սկսել են պատերազմի երկրորդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին, և տևել մինչև հոկտեմբերի 5-ը: Այս հարցը կարևոր է, քանի որ այս դեպքերից հետո է Միքայել Արզումանյանը նշանակվել ՊԲ հրամանատար:

Ինչ վերաբերում է Շուշիին, ապա Նիկոլ Փաշինյանը նախ պետք է հիշի, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին հրաժարվել է ընդունել հայկական վերահսկողության պայմաններում Շուշի ադրբեջանցի փախստականների վերադարձի առաջարկը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 7-ից հետո, Շուշիի անկման մասին լսելուց հետո էլ հրահանգ է տվել այն հակագրոհով հետ բերել, բայց հարց է՝ ի՞նչ ռեսուրսով, ի՞նչ է նրան զեկուցվել այս մասին…

Շուշիի և պատերազմական բազմաթիվ դրվագների հետ կապված բազմաթիվ հարցեր կան, և դեռ հարց է՝ Քննիչ հանձնաժողովի զեկույցը կտա՞ սրանց պատասխանը սեպտեմբերի վերջին։ Թեպետ, օրինակ, ՊԲ երկու նախկին հրամանատարները, ինչպես նաև՝ պատերազմի օրերին պաշտոնավարած ՀՀ և Արցախի ԱԱԾ ղեկավարները հանձնաժողովում չեն հարցաքննվել:

 

Տեսանյութեր

Լրահոս