Բռնապետ և ցեղասպան Ալիևի հետ ի՞նչ խաղաղության պայմանագիր, նա պետք է դատարանի առաջ կանգնի․ Պարույր Հայրիկյան

Ալիևը նորից հիշել է, որ ինքը կարող է Իրանով միջանցք բացել։ Սա արդեն կապիկության է նմանվում, որովհետև մի քանի անգամ դա ասել է, հիմա ինչո՞ւ է ասում։ Իրանը քեզ միջա՞նցք է թույլ տալու բացել, Ալի՛և, դու Իրանում ճանապարհ ունես, նույնը կարող ես Հայաստանում ունենալ, եթե քո ճանապարհներն էլ բացես։ Իսկապես, խաղաղության պայմանագիր կնքել միջազգայնորեն բռնապետ ճանաչված մարդու հետ՝ անշնորհակալ և վտանգավոր գործ է։ Պարզ է, որ բոլորիս խաղաղություն է պետք, բայց ծովահենի, ավազակի հետ երբեք խաղաղության պայմանագիր չեն կնքում, աշխարհում ընդունված կարգը դա է։ Կարող ես ինչ-որ պահի զինադադարի սպասողական վիճակ ունենալ, բայց եթե ծովահեն կամ ավազակ է, պետք է վերացվի, կամ բացառիկ դեպքերում՝ հրաժարվի իր բռնապետական հակումներից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Հայաստանից պատանդներ պահող, ցեղասպանություն իրականացրած մարդը, դատարանի առաջ կանգնելու փոխարեն, լսում է, որ իր հետ խաղաղության բանակցություններ են ընթանում։ Աշխարհի բարյացակամ տրամադրված մարդիկ, պետական այրերն ասում են՝ չհասկացանք, կարո՞ղ է՝ մենք սխալ ենք հասկանում։ Նրանք Ալիևին բռնապետ են համարում, բայց իրեն ժողովրդավարության բաստիոն համարող պետության ղեկավարը նրա հետ խաղաղության բանակցություններ է վարում։ Խաղաղությունը բարձր, համամարդկային կայուն արժեք է և ունի հիմքեր։ Դա նախ՝ բարի կամքն է, հետո՝ արժեհամակարգը, որը քեզ խաղաղության է տրամադրում, նաև՝ ճիշտ դաստիարակությունը, դրանցից որևէ մեկը չկա։ Չեկիստի զավակն ի՞նչ դաստիարակություն պիտի ստանար»,- ասաց քաղաքական գործիչը։

«Խաղաղության օրակարգը կեղծ է։ Խաղաղություն մեզ շատ է պետք, բայց բռնապետի հետ խաղաղությունն անհնար է։ Ստալինն ու Հիտլերն էլ խաղաղության պայմանագիր կնքեցին։ Մեր սխալները սկսվեցին այն պահից, երբ Արցախի հարցը հայտարարվեց գերխնդիր և հայության երազանքների գագաթ։ Այդ պահից մենք շեղվեցինք միջազգայնորեն մեզ համար բնականոն համարվող արդար իրավունքներից։

Կարդացեք նաև

Երբ 1988-ին ասում էին, թե Եռագույնը պարզելը կխանգարի Արցախի հարցին, այն ժամանակ բոլորս պիտի հասկանայինք՝ Վանոն միգուցե լավ տղա է, լավ ընկեր, բայց այդ հարցերում՝ վտանգավոր։ Նույնը վերաբերում է «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին։ Երբ ժողովուրդդ չունի ազատություն, առաջնորդվում է կենցաղային իրավունքներով և զրկված է միջազգային իրավունքի հնարավորություններից օգտվելուց, հարցի լուծումն էլ համարում է ռուսաց թագավորին նամակ գրելը, դա վտանգավոր է ազգի համար»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ չնայած մեր այսօրվա ծանր վիճակին, մեզ ավելի ծանր վիճակ էր սպասվում՝ նախատեսված 1921 թվականի Լենին-Աթաթուրք պայմանագրով.

«Ըստ ռուս-թուրքական այդ պայմանագրի՝ ընդվզելու դեպքում Հայաստանը պետք է զրկվեր ամեն ինչից և երազանք համարեր գուբերնիա դառնալը։ Բարեբախտաբար, մեր ժողովուրդը վերադարձավ պետականության և միջազգային իրավունքի գաղափարին։ Եթե սեպտեմբերի 21-ի հանրաքվեն չլիներ, մեր ազգային ջոջերը, մտավորականները մեզ բոլորիս համոզելու էին, թե մեր միակ փրկությունը Ռուսաստանի գավառ դառնալն է, քանի որ մենք շրջապատված ենք։ Դա էր նախատեսված, բայց կանխվեց»:

«Ռուս-թուրքական որոշումը միասնաբար ընդունված որոշում էր, ըստ որի՝ Հայաստանի մի մասը պիտի դառնար Թուրքիա, մյուս մասը՝ Ռուսաստան։ Այնպես որ, Հայաստանը թուրքական դարձնելու գործում Ռուսաստանն ինքն էլ իր նկատառումներն ունի։ Մենք պիտի մեր անելիքների մասին մտածենք։ Այդ վտանգը կանխվել է անցյալում։ Հայաստանի Անկախության հռչակագիրը 1921-ի մարտի 16-ի պայմանագրի մերժումն էր, իսկ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, այդ պայմանագրի պահանջների կատարումն է, մի բան էլ ավելի»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս