
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնվել են դադարեցնել կրակը Գազայում ու ազատ արձակել գերիներին

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում մարտերը դադարեցնելու և գերիներին փոխանակելու հարցում։ Telegram-ում ՀԱՄԱՍ-ի էջում արված գրառման մեջ արմատականները շնորհակալություն են հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային գործադրած ջանքերի համար, ինչպես նաև երախտագիտություն են հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Գազայում կրակի դադարեցման ու իսրայելական զորքերի դուրսբերման» հարցում աշխատանք տանելու համար։
Truth Social սոցցանցում Թրամփը գրառում է կատարել՝ նշելով, որ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ազատ են արձակվելու բոլոր գերիները։
«Սա նշանակում է, որ բոլոր գերիները շատ շուտով ազատ են արձակվելու և Իսրայելը հետ է քաշելու զորքերը համաձայնեցված չափով՝ որպես առաջին քայլ դեպի ամուր, կայուն ու տևական խաղաղություն»,- գրել է նա։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն համաձայնության հայտարարումից անմիջապես հետո զանգահարել է ԱՄՆ նախագահ Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով նրան միջնորդական ջանքերի համար։
Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, որը խոսել է թեմային տեղյակ աղբյուրների հետ, գրում է, որ ՀԱՄԱՍ-ը ողջ մնացած բոլոր 20 գերիներին ազատ է արձակելու օրերի ընթացքում, իսկ իսրայելական զորքերն այդ ընթացքում դուրս կգան Գազայի հատվածի մեծ մասից։ Այդուհանդերձ, դեռևս կան չհստակեցված դրույթներ, օրինակ՝ ինչպես և արդյոք ՀԱՄԱՍ-ը վայր է դնելու զենքերը ու ով է իրականացնելու կառավարումը Գազայում։ Այդուհանդերձ, ինչպես նշում է Associated Press-ը, կողմերն ավելի մոտ են պատերազմը դադարեցնելուն, քան երբևէ։
Reuters-ը նշում է, որ հրադադար հաստատելու շուրջ պայմանավորվածության ձեռքբերումը մեծ ոգևորությամբ է ընդունվել ինչպես Իսրայելում, այնպես էլ պաղեստինցիների շրջանում։