Փաշինյանը տանում է Հայաստանի կորստին, նա ասում և անում է այն, ինչ Ալիևը․ Հովիկ Աղազարյան

Տնտեսական իրավիճակը գնալով վատանում է, և մինչև 2026 թվական ամեն ինչ ավելի ցցուն կերևա։ Փաշինյանն իր կուսակցության անդամներին շուտով կասի՝ ձայններդ կտրեք, վեր ընկեք տեղներդ, որ արևի տակ տեղ ունենաք, ցուցակը կթարմացնի և իր ուզած կազմը կգրի։ Արտահերթ ընտրությունների գնալու կանխարգելիչ հանգամանքներից մեկն այն է, որ Փաշինյանն իր հրաժարականից հետո երկու շաբաթ պաշտոնակատար է լինելու։ Փաշինյանն ամենաշատը վախենում է իշխանությունը կորցնելուց։ Ցանկացած ուժ պետք է պատրաստ լինի ցանկացած պահի կորցնելու իշխանությունը, իսկ Փաշինյանը պատրաստ չէ իշխանությունը կորցնելու։ Դա նշանակում է՝ այնպիսի բաներ է արել, որ վախենում է պատասխանատվության ենթարկվելուց։ Ցույցերի ժամանակ նա կարող է արյուն հեղել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում որպես հեղաշրջման գործով դատավարություն, իրականում կապիկություն է։ Բագրատ Սրբազանը և իր շրջապատը խելացի մարդիկ են և Փաշինյանին հեղաշրջումով չէին տապալելու, այդ ամենը սարքված է։ Սա նպատակամղված գործընթաց է՝ ընդհանուր ֆոն ստեղծելու, թե իբր եկեղեցին, Բագրատ Սրբազանը, Ռուսաստանը փորձում էին հեղաշրջում անել։ Այդ շղարշի տակ սարսափելի բաներ են կյանքի կոչվում։ Փաշինյանն աստիճանաբար դարձավ անկառավարելի։ Նրա մեջ բացասական դրսևորումները գլուխ բարձրացրին, ամեն հաջորդ քայլից հետո նա այլևս հետդարձի ճանապարհ չունի։ Փաշինյանն արդեն ավտորիտար ռեժիմի ղեկավար է դարձել։ Նա իրեն քաղաքականապես, բարոյապես, ֆիզիկապես և հոգեպես սպառել է»,- ասաց քաղաքական գործիչը։

«Ադրբեջանցի փախստականների հնարավոր վերադարձը Հայաստան մեր երկրի դանդաղ մահվան սկիզբն է։ Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է՝ ձեզ կարգին կպահեք, այլապես անձեռնմխելիությունից կզրկվեք։ Հիմա էլ որոշում է կայացրել, որ ով ուզում է նախընտրական ցուցակում լինել, պետք է համալրի կուսակցության շարքերը։ Փաշինյանն իր ուժային լծակներով մտնում է պատգամավորների անկողին և անձնական կյանք։ Եթե չպայքարենք Արցախի համար, կպայքարենք Սյունիքի համար։ Երեսուն տարի շարունակ մենք հաջողություն ենք ունեցել, որից հետո՝ ցավալի կորուստ։ Ի վերջո, մեր պատմական հայրենիքի մի փոքր հատվածի վրա պետականություն ենք ստեղծել, և ոչ թե մենք մեր հայրենիքն ենք գտել, ինչպես Փաշինյանը խայտառակ ձևով հայտարարեց Սարդարապատում»,- նշեց Հովիկ Աղազարյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանն իր գործողություններով բերում է Հայաստանի կորստին․ «Այդ գործընթացը սկսվել է Պրահայի հայտարարությունից հետո։ Փաշինյանն ասում է այն, ինչ Ալիևը։ 44-օրյա պատերազմում մեղքի ամենամեծ բաժինը Փաշինյանինն է։ Նա իրավունք չուներ լուծարելու Մինսկի խումբը։ Ցեղասպանություն է եղել, մարդկությունը պետք է տեր կանգներ այս հարցին, հատկապես որ, մեր ղեկավարը պատմական այս ժամանակահատվածում նման անհաջող դիրքորոշում ունի։ Մինսկի խմբի ստեղծումը ՀՀ-ն չէր նախաձեռնել, հետևաբար՝ ՀՀ-ն իրավունք չուներ դիմելու, որ այն լուծարվի։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պետք է պայքարը տանել ազգերի ինքնորոշման իրավունքի դաշտ»:

«ՔՊ-ականների շրջանում կոռուպցիոն ռիսկեր կան։ Օրինակ, Արմեն Փամբուխչյանի՝ 70-ն անց հայրը բանկից 4 միլիոն դոլարի վարկ է վերցրել, «Սպայկան» երաշխավոր է կանգնել։ Վաղարշակ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյանը Ծաղկաձորում 20 մլն դոլարի շինարարություն են անում։ ԱՆԻՖ-ի սկանդալը հիշենք։ Փաշինյանն այնպես է ասում՝ սխալվել ենք, կարծես ոչ մի խնդիր չկա։ Եթե իմպիչմենտը չհաջողվի, ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի մեկ ընդհանուր գաղափարի՝ երկիրը փրկելու շուրջ»,- ասաց Հովիկ Աղազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս