Ոչ արևմտամետ Վրաստանը կարող է սպառնալ նաև Հայաստանի արևմտյան հեռանկարներին՝ ամրապնդելով ՌԴ դիրքերը․ Գոգոլաշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԵՄ օրենսդիր մարմնի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հրավերով Եվրախորհրդարանի ամբիոնից  ելույթ ունեցավ՝ կոշտ քննադատության  ենթարկելով իշխող  «Վրացական երազանքի» քաղաքականությունը։

Զուրաբիշվիլին կոչ արեց Բրյուսելին և Վաշինգտոնին ավելի անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել իշխող կուսակցության ռուսական քաղաքականությունը կասեցնելու համար։ Ի դեպ, օրերս Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, թե պաշտոնից հեռացող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրավիրվել է Եվրախորհրդարան՝ այդ կառույցի նիստի ընթացքում ելույթ ունենալու համար։

«Մենք տեղեկություն ենք ստացել, որ Սալոմե Զուրաբիշվիլիին հրավիրել են մասնակցելու Եվրախորհրդարանի նիստին։ Եվրախորհրդարանի պատգամավորները նրան հոտնկայս կողջունեն, ինչպես ժամանակին Զելենսկուն էին ողջունում՝ ելույթի ավարտին էլ նրան կճանապարհեն բուռն ծափահարություններով։ Նման ներկայացումներով, սակայն, եվրոպացի քաղաքական գործիչները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Վրաստանում ծավալվող զարգացումների վրա»,- նշել էր Կոբախիձեն։

Ինչպես և հեշտությամբ կանխատեսել էր վարչապետ Կոբախիձեն, Զուրաբիշվիլիի ելույթից հետո  ԵԽ-ն նրան ճանապարհեց բուռն ու հոտնկայս երկար ծափահարություններով։

Կարդացեք նաև

Սակայն անդրադառնանք ելույթի` Հայաստանին հետաքրքրող հատվածին․ պաշտոնավարման ժամկետն ավարտող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում խոսելով Վրաստանում զարգացող իրավիճակի մասին, հիշատակեց նաև Հայաստանը:

Ըստ Զուրաբիշվիլիի, ռուսական վերահսկողության տակ Վրաստանի անցումը կազդի նաև Հայաստանի վրա:

«Եթե ​​Վրաստանը նորից ընկնի ռուսական վերահսկողության տակ, ես չեմ խոսում ռազմական միջամտության մասին, խոսում եմ սահմանադրական միջամտության մասին, հետևանքները շատ ծանր կլինեն։ Սա վերաբերում է Կենտրոնական և Հարավային Ասիայի հետ կապված ամեն ինչին։ Սա վերաբերում է նաև Հայաստանին»,- ասել է նա:

Զուրաբիշվիլին նաև ասել է. «Սիրիայում պարտվելուց հետո Ռուսաստանը պետք է հաղթի՞ Վրաստանում: Ուկրաինայում ձախողվելուց հետո պետք է հաջողի՞ Վրաստանում: Այն բանից հետո, երբ Մոլդովայում ձախողվեց, պետք է հաղթի՞ Վրաստանում: Պարտվեց Ռումինիայում և պետք է հաղթի՞ Վրաստանում: Ո՛չ»:

Զուրաբիշվիլին նաև հայտարարել է՝ վրացիները կանգ չեն առնի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը չի անցկացրել ազատ և արդար ընտրություններ, քանի որ «սա է այս իրավիճակից դուրս գալու ժողովրդավարական և քաղաքական ճանապարհը»:

Նա Եվրոպային և Եվրամիությանը կոչ է արել «գործել հնարավորինս արագ»՝ օգնելու համար կարգավորել Վրաստանի ճգնաժամը։

«Սա վճռորոշ ժամանակ է Վրաստանի համար։ Մենք զգում ենք, որ 1921 թվականին ենք»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ ռեգիոնալ երկրների արտաքին քաղաքական վեկտորները միմյանց էականորեն կապակցված են։ Ըստ նրա, Վրաստանի եվրոատլանտյան քաղաքականությունը վերջին տարիներին շատ է օգնել՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ Արևմուտքին՝ զարգացնել ՀՀ-Արևմուտք հարաբերությունները։

«Բացի այդ, Արևմուտքը, բնականաբար, ռեգիոնը մշտապես մեկ ամբողջություն է դիտարկել, ինչպես և Ռուսաստանը, ըստ էության։ Ռեգիոնում ազդեցություն ապահովելը շատ ավելի հեշտ է, քան առանձին երկրների հետ օրակարգ զարգացնելը և դիմադրության արժանանալն այլ կենտրոնների կողմից։ Արևմուտքն այդ ամբողջական ազդեցությանն էր ձգտում և այս փուլում ստացվեց այնպես, որ ավելի արևմտամետ դիրքավորում ունի ՀՀ-ն և ոչ Վրաստանը։

Վրաստանի իշխանությունները չեն խոստովանում ռուսական ազդեցության առկայության հանգամանքը, սակայն այն կա և, բնականաբար, դա խնդիր է Արևմուտքի համար Հարավային Կովկասում, և կարծում եմ՝ Վրաստանի նախագահը հենց դա նկատի ունի, որովհետև Վրաստանի ռուսամետացումը կարող է սպառնալ նաև Երևանի արևմտյան ճանապարհին, քանի որ ՌԴ-ն միանշանակորեն կփորձի վերականգնել իր դիրքերը ՀՀ-ում, և ոչ արևմտամետ Վրաստանն այդ հարցում առանցքային գործոն է, աշխարհաքաղաքական գործոն Հարավային Կովկասում։ Կարծում եմ՝ ՌԴ-ում ռուսամետ Հայաստանի «էջը» փակված չեն համարում, և կա հույս, որ ազդեցությունը վերականգնվելու է։ Ուստի այս պրոցեսները մեծ փոխկապակցվածություն ունեն, դա շատ լավ գիտեն թե ԵՄ-ում, թե ԱՄՆ-ում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ուստի, նրա խոսքով, եթե Վրաստանի իշխանություններն ամրապնդեն իրենց դիրքերը՝ այս ռեգիոնում Արևմուտքի դիրքերը շարունակելու են թուլանալ։

«Կա նաև երրորդ երկիրը, որն Արևմուտքի հետ չունի ինտեգրացիոն այն մակարդակը, ինչ Վրաստանն ու Հայաստանը, խոսքն Ադրբեջանի մասին է։ Սա էլ ենթադրում է, որ Վրաստանից ներկայումս շատ բան է կախված՝ այս փուլում կախված է Հարավային Կովկասում ԵՄ ներկայության ապագան։ Նախկինում արևմտյան ներկայության ջահակիրը Հարավային Կովկասում Վրաստանն էր, ներկայումս էլ որոշակի առումով՝ Հայաստանը, որը դեռ լիովին չի հարթել իր արևմտյան ճանապարհը, չունի անդամության թեկնածուի կարգավիճակ ու գուցե դրա համար դեռ երկար ճանապարհ պետք է անցնի։ Սակայն աշխարհաքաղաքական զարգացումները մտել են արագ գործընթացների փուլ, և երկար ժամանակ չկա կողմնորոշվելու և գործընթացներ գեներացնելու համար։ Ամեն բան արագ է զարգանում, և գուցե Արևմուտքն այդքան ժամանակ չունենա։ Այս վտանգը կա, քանի որ ԵՄ-ն սովորաբար դանդաղ է գործում»,- նկատեց Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս