Բաժիններ՝

«Գլխաշորն են գտել, իսկ հեռախոսահամարին զանգ այլևս չի գնում, բոլոր տեղերում փնտրել ենք». Երեկվանից կորած արցախցի կնոջը դեռ չեն գտել

Երեկ ժամը 15։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղից Ժաննա Անտոնյանը, ով Արցախից բռնի տեղահանված է, տնից դուրս է եկել և չի վերադարձել։ Այս պահին հարազատները շարունակում են փնտրել 75-ամյա կնոջը։

Ժաննա Անտոնյանն Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղից է, 2023 թվականին բռնի տեղահանվել է և արդեն 2 տարի է՝ գրեթե ամեն օր ասում է, որ իր գյուղն է ուզում, ուզում է վերադառնալ Հացի։

Կնոջ որդին՝ Ալեքսանդր Անտոնյանը, 168.amի հետ զրույցում ասաց, որ մոր որոնողական աշխատանքները շարունակվում են։ Մտածել են՝ գուցե Արմավիրի մարզի Հացիկ գյուղ է գնացել, այնտեղ քիչ առաջ են տակնուվրա արել, Արմավիր քաղաքն էլ՝ հետը, սակայն ոչ մի տեղ չկա մայրը։

«Նախկինում մեզ հետ էր ապրում, միշտ դուրս էր գալիս, ասում էր՝ գնում եմ Հացի, տուն էինք բերում, ուշադիր էինք։

Կարդացեք նաև

Մայրս հիշողության կորուստ ունի, բայց գյուղի մասին չէր մոռացել, մշտապես ասում էր՝ ես տուն եմ գնում։ Ամուսինը միշտ իր կողքին պետք է լիներ։ Ուզում էի նրանց բերեի ինձ մոտ՝ Լուկաշին գյուղում ապրեր, վարձով տունը գտանք, բայց հիմա էլ մայրս չկա։ Երբ ասացին, որ տանը չէ, անմիջապես տաքսի եմ նստել, հասել եմ Վարդանաշեն ու սկսել ենք փնտրել»,- նշեց Ալեքսանդր Անտոնյանը։

Նա հայտնեց, որ տարեց մոր մոտ հեռախոս է եղել, սկզբում մտածել է, որ հեռախոսով հնարավոր կլինի նրան գտնել ,ու սկսել են անընդհատ զանգել հեռախոսահամարին։ Սակայն այս պահին հեռախոսահամարին այլևս զանգ չի գնում, մտածում է, որ մարտկոցը նստել է։

«Կամ գուցե հեռախոսը մի տեղում ընկել է, չգիտեմ։ Ես պատկերացում չունեմ՝ որտեղ կարող է լինել, մտածում ենք, գուցե մեկին ասել է, որ ուզում է Հացի գյուղ գնալ, տարել են այստեղի Հացիկ գյուղ, կարող է պատահական մի մեքենա է նստել ու տարել են Հացիկ։ Այս ճանապարհներին շատերն ասացին, որ այսինչ ժամին այստեղ են տեսել, բայց բոլոր տեղերում փնտրել ենք՝ չկա։ Վարդանաշենի բնակչության մի մասն ասում է՝ այստեղ է եղել, մի հովիվ ասում էր՝ այս կողմերում է եղել…

Վարդանաշենի ու կողքի գյուղի մեջտեղի հատվածներից գլխաշորն են գտել, ասում են՝ իբրև վերադարձել է գյուղ, բայց ո՞ւր է, ոչ մի տեղում չկա։ Այստեղ ոչ մի բարեկամ չկա, դե, ծանոթները գիտեն, որ հիշողության խնդիր ունի, եթե իրենցից մեկի տանը լիներ, մեզ կասեին։

Կասկածում եմ, որ կարող է՝ դաշտեր է գնացել, մի տեղում ընկած լինի, «կանալները» նայել ենք, ոչ մի տեղում չկա»,- շեշտեց  Ալեքսանդր Անտոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս