Ադրբեջանի ցամաքային բոլոր սահմանները շարունակում են փակ մնալ․ ի՞նչ նպատակ է հետապնդում այս ռազմավարական որոշումը
Թեև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները հանրային դաշտում Հայաստանից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, իբրև թե ռեգիոնալ ապաշրջափակման պատրաստակամություն հայտնում, հայտարարում, թե խաղաղության հաստատման նախաձեռնողն են, շարունակում են փակ պահել Ադրբեջանի ցամաքային բոլոր սահմանները։
Խոսքը Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի հետ ցամաքային սահմանների մասին է, իսկ Հայաստանի հետ սահմանը փակ էր նաև մինչ այդ որոշումը։ Ադրբեջանի ցամաքային սահմանը փակ է 2020 թվականի մարտից, ինչը նշանակում է, որ մարդիկ կարող են երկրից դուրս գալ միայն օդային ճանապարհով։ Սահմանը փակ է քաղաքացիական երթևեկության համար, իսկ բեռնափոխադրումների համար՝ բաց է։ Միակ բաց ճանապարհը Թուրքիայի հետ 13 կիլոմետրանոց սահմանն էր, որը, սակայն, Ադրբեջանի որոշմամբ մասամբ փակվել է 2022-ի հուլիսի 1-ին։
Սա, ըստ էության, աննախադեպ որոշում է, որը չի վրիպում մասնագետների, ռեգիոնալ խաղացողների ուշադրությունից։
Սեպտեմբեր ամսին Ադրբեջանի իշխանությունները մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, ժամը 06:00-ն կրկին երկարաձգեցին երկրի տարածքում հատուկ կարանտինային ռեժիմը՝ պայմանավորելով իբրև թե «կորոնավիրուսի համավարակով»:
Հիշեցնենք, որ այս տարի հունիսին կարանտինային ռեժիմը երկարաձգվել էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը։ Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ են արդեն 5 տարի։ Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19-ի համաճարակի ավարտի մասին՝ Ադրբեջանում կարանտինային ռեժիմը պարբերաբար երկարաձգվում է։
«Այն, որ վերջին տարիներին մեր ցամաքային սահմանները փակ են մնում, մեզ փրկել է շատ մեծ աղետներից։ Այսօր էլ, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են իրականացվում, որոնք կասեցվում են։ Ուստի, սահմանների պաշտպանությունը մեզ կպաշտպանի արտաքին ռիսկերից»,- դեռևս նախորդ տարի սեպտեմբերի 23-ին, ելույթ ունենալով 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում, հայտարարել էր Իլհամ Ալիևը։
Միայն Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն բացել էր Իրանի հետ սահմանի «Աստարա» անցակետը՝ իր քաղաքացիների ու օտարերկրացիների տարհանման համար։
Հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, թե Ադրբեջանի հետ ուղևորային սահմանի բացումը մնում է երկկողմ հարաբերությունների հիմնական հարցը։
Արտգործնախարարի խոսքով՝ այս հարցը բարձրացվել է բոլոր մակարդակներում վերջին մեկ տարվա ընթացքում՝ երկու երկրների նախագահների հանդիպումների, արտաքին գործերի նախարարների բանակցությունների և պաշտոնյաների միջև այլ շփումների ժամանակ։ Արաղչին նշել է, որ Ադրբեջանը պնդում է, որ իր բոլոր սահմանները մնում են փակ, և դա վերաբերում է ոչ միայն Իրանին։ Սակայն, հավելել է նա, Բաքուն խոստացել է վերանայել իրավիճակը, և Թեհրանը շարունակում է սպասել համապատասխան գործողությունների։
Պաշտոնական Բաքուն սա բացատրում է անվտանգության նկատառումներով, սակայն սա ռազմավարական որոշում է՝ հստակ աշխարհաքաղաքական նպատակներով։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումն ամենևին կապ չունի կորոնավիրուսային համավարակի հետ, քանի որ վիրուսի տարածման թեժ փուլը վաղուց է ավարտվել, և երկրները վաղուց թևակոխել են բնականոն «առօրյա»։
Ըստ նրա, փակ սահմանները թույլ են տալիս իշխանություններին խուսափել արտաքին վերահսկողությունից, վերահսկել, ինչպես նաև սահմանափակել շարժերը՝ հնարավորինս լավ՝ հետապնդելով մի շարք նպատակներ։
Վերլուծաբանի կարծիքով, այս որոշումը կայացվել է ոչ թե կորոնավիրուսային համավարակի, այլ Հարավային Կովկասում լուրջ փոփոխությունների փուլում, որի սկիզբը կարելի է համարել 44-օրյա պատերազմը։
«Ինչպես բազմիցս էինք քննարկել, Ադրբեջանի նպատակները միայն պատերազմի արդյունքներով չէին սահմանափակվում։ Ադրբեջանի թյուրքական նպատակը թյուրքական երկրների ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումն էր, կապի ձևավորումն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև դեպի Միջին Ասիա ու Եվրոպա ելքի հեռանկարով։
Այս փուլում, ինչպես տեսանք, բացի հարավկովկասյան նպատակների ամրագրումից, Ադրբեջանն ակտիվ արտաքին քաղաքականություն վարեց՝ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացան, իսկ Չինաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների հետ հարաբերությունները խորացան, այստեղ պետք է ընդգծել հատկապես Ղազախստանի հետ հարաբերությունները։ Այս ամենն ինչ-որ առումով տեղի է ունենում Բրիտանիայի հովանու ներքո, որը ռեգիոնում ազդեցության հաստատման և ՌԴ-ի դուրսմղման ուղղությամբ լուրջ աշխատում է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նրա կարծիքով, սահմանները փակ պահելն առավելապես Ռուսաստանից ու Իրանի շարժերը սահմանափակելու նպատակ ունեն, դա ինչպես աշխարհաքաղաքական նպատակ է (որի էությունը ազդեցության հնարավորինս սահմանափակումն է), այնպես էլ միգրանտային հոսքերի վերահսկումը Ռուսաստանից, որը պատերազմի մեջ է։
«Իրանից դեպքում ևս միգրանտների հարցը կա, քանի որ Իսրայելն անընդհատ ռազմական գործողություններ է կազմակերպում և սա չի կարող չառաջացնել նման տեղաշարժեր։ Իսկ այս ռեժիմը թույլ է տալիս Ադրբեջանին է՛լ ավելի արդյունավետ իրականացնել սեփական քաղաքականությունը՝ հեռու մնալով հնարավոր ռիսկերից»,- նման կարծիք հայտնեց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։
Նա այն համոզմանն է, որ Ադրբեջանը դեռևս շարունակելու է երկարաձգել այս ռեժիմը։
«Թեև ներկայումս Ադրբեջանը բնականոն հուն է տեղափոխել Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռազմավական առումով դրանք աչքի չեն ընկնում փոխվստահությամբ, դրանք առավելապես պետք է տեղավորել փոխզսպման շրջանակում։ Սա վերաբերում է նաև Հարավային Կովկասին, մի երկիր, որը կապ, ճանապարհ է պահանջում թեկուզ բեռնափոխադրման համար, սակայն սեփական սահմանները փակ է պահում, որոշակի անվստահություն է առաջանում»,- ասաց նա։

