Ինչո՞վ է պայմանավորված առաջիկա 4 տարիներին Բաքվի ռազմական բյուջեի աստիճանաբար կրճատումը. 2026 թվականի համար այն ավելացվել է
Օրերս հայտնի դարձավ, որ 2026 թվականի համար ՀՀ պաշտպանական բյուջեն կնվազի 101 միլիարդ դրամով: Իսկ այն, որ ունենալու ենք ռազմական բյուջեի կրճատում և ոչ թե ավելացում, ավելի վաղ էր հայտարարվել:
Մասնավորապես դեռ սեպտեմբեր ամսին ԱԺ ամբիոնից Փաշինյանը նույնիսկ հիմնավորում էր ներկայացրել՝ նշելով, որ 2025-ին 2024-ի համեմատ՝ եղել է պաշտպանական ծախսերի անհամաչափ աճ, և իրականացրել են էական պաշտպանական ծախսեր:
«2025 թվականին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և այդ կտրուկ աճը, մեծամասամբ, պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտությունների հետ: Մենք ուղղակի որոշել ենք, որ այն պարտքի կտորները, որ պիտի 1-5 տարում փակեինք, կոնսոլիդացրել ենք, ֆինանսական հնարավորություն ենք տեսել, այդ պարտքը հիմա ենք փակել: Եվ եթե այդ պարտքի կտորը հանենք և վերցնենք սրանից դուրս թվերը, մենք կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որն ի սկզբանե պլանավորել էինք, և գուցե մի փոքր էլ ավելի»,- ասել էր նա:
Հոկտեմբերի 24-ին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կրկնել էր իր քաղաքական առաջնորդի ներկայացրած հիմնավորումը՝ շեշտելով.
«2023, 2024, 2025 թվականներին տեղի է ունեցել բյուջեի աճ, ինչը ենթադրում է՝ մենք մեր ապագայի ծախսերը, պլանավորած ծախսերը մոտեցրել, արագացրել ենք։ Սա ավելի շատ տեսանելի է 2025 և 2026 թվականների տարբերությամբ։ Այսինքն, հաշվի առնելով մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները, որոշում ենք ընդունել 2026 թվականի համար նախատեսած ծախսերն արագացնել 2025 թվականին, որովհետև նույն զենքի գնումները պարզ գործընթացներ չեն, անհրաժեշտ է վճարել կանխավճար և այլն»:
Սուրեն Պապիկյանը նաև 2018-2026թթ. դրամային և դոլարային արտահայտությամբ պաշտպանական ծախսերի աղյուսակն էր հրապարակել:
Վերլուծությունը թողնենք մասնագետներին, բայց այստեղ ոչ մասնագիտական աչքով կարելի է տեսնել, որ պաշտպանական ծախսերը հատկապես 2022 թվականից հետո են զգալի աճել: Այլ հարց է, որ հենց այդ ժամանակահատվածում արձանագրվել են զգալի տարածքային կորուստներ ՀՀ ինքնիշխան տարածքում և նաև Արցախն ենք կորցրել ամբողջությամբ: Այստեղ իշխանական շրջանակները կասեն, որ հենց այդ ժամանակահատվածում է նաև խոսք եղել Ֆրանսիայից և Հնդկաստանից զենք գնելու մասին, ակտիվորեն կառուցվել ամրացված շրջաններ:
Մի առիթով գրել ենք, որ, մասնավորապես, Ֆրանսիան Հայաստանի հետ զենքի մատակարարման պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին հայտարարել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո:
Իսկ թե որքանով է պաշտպանական ծախսերի կտրուկ աճը վերը նշված ժամանակահատվածում ազդել ՀՀ զինված ուժերի մարտունակության վրա՝ զինվածության և այլ առումներով, չենք կարող ճշգրիտ գնահատել, քանի որ չեն եղել զորավարժություններ, զորահանդես, ինչի հիման վրա հնարավոր կլինի վերլուծություններ անել:
Իսկ Ադրբեջանը, որ իր ռազմական բյուջեի մեծացումը մշտապես պայմանավորում էր ՀՀ պաշտպանական ծախսերի ավելացմամբ, 2026 թվականին իր ռազմական բյուջեն ոչ թե կրճատելու է, այլև ավելացնելու է՝ հատելով 5 միլիարդ դոլարի սահմանը (շուրջ 8,715 միլիարդ մանաթ):
Իսկ իր երկրի ռազմական բյուջեն Ալիևը մտադիր է նվազեցնել աստիճանաբար, և 2030 թվականին, օրինակ, ինչպես հայտարարվել է, այն կարող է հասնել 7,969 միլիարդ մանաթի (4,69 միլիարդ դոլար՝ ընթացիկ կուրսով):
Իսկ մինչ այդ Բաքուն պետք է Պակիստանից ստանա պատվիրած 40 հատ JF-17C Block-III կործանիչները։
Ավելին, ադրբեջանական մամուլում արդեն թուրքական աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ Բաքուն մտադիր է Թուրքիայի օգնությամբ թարմացնել իր զրահատանկային պարկը, և հետագայում իր բանակի զինանոցը համալրել նատօ-ական չափանիշներով Թուրքիայի արտադրած Altay տանկերով: Իսկ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ սեփական զինված ուժերի գլոբալ արդիականացման գործընթացը վաղուց է սկսել, խոսքը, մասնավորապես, վերաբերում է ավիացիային և հրետանուն:
Բացի այս, Թուրքիայի պաշտպանական առաջատար և խոշոր ընկերություններն իրենց դուստր ձեռնարկություններն են բացում Ադրբեջանում, ինչը տեղավորվում է Շուշիի հռչակագրի տրամաբանության մեջ:
Չմոռանանք, որ Թուրքիան ակտիվորեն հզորացնում է իր առանց այն էլ հզոր ռազմարդյունաբերական ներուժը, և մեկ անգամ չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն ասել է՝ պատրաստ է բարեկամ և դաշնակից երկրներին մատակարարել հայրենական արտադրության սպառազինությունը: Նշենք, որ Թուրքիան «Ազգային տիեզերական ծրագրի» շրջանակներում տիեզերական և ավիացիոն նախագծերի համար հատկացրել է ռեկորդային՝ 8.7 մլրդ լիրա։
Վերադառնանք Բաքվի ռազմական բյուջեին:
Ադրբեջանական փորձագետների դիտարկմամբ, երկրի պաշտպանական ծախսերի առաջիկա 4 տարիների աստիճանական կրճատումը, ինչի մասին նշեցինք, չափավոր է, այսինքն, բնավ չի ենթադրում ռազմական պոտենցիալի նվազում, այն ընդամենը վկայում է արդիականացման ցիկլի ավարտի մասին:
Ի դեպ, այս օրերին հնդկական ռեսուրսներում տեղեկություն է շրջանառվում, թե Հայաստանն ավարտում է Հնդկաստանի հետ Սու-30ՄԿԻ կործանիչների ձեռքբերման գործարքը, որը դիտարկվում է՝ որպես ռազմավարական հակակշիռ Ադրբեջանի կողմից 40 JF-17C Block-III կործանիչների գնմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներում այս համատեքստում նկատել են, որ որպեսզի Սու-30ՄԿԻ-ները «սպառնալիք» լինեն, պիտի բավարար քանակի ձեռք բերվեն, լինի համապատասխան զինամթերքը, նաև՝ Հայաստանը պիտի ունենա անհրաժեշտ ենթակառուցվածք: Իհարկե, սա կարող է գնահատվել որպես հակառակորդի կարծիք, որպեսզի գերակա դիրքում երևա իրեն մատակարարվելիք JF-17C Block-III կործանիչը, մյուս կողմից, հնարավոր չէ անտեսել, որ պետք է ժամանակին ՀՀ-ն ունենար 8-12 Սու-30, այսօր էլ՝ նույն քանակի Սու-30ՄԿԻ և աերոդրոմ՝ դրանց արդյունավետ կիրառումն ապահովելու համար:
Իսկ Բաքվի ռազմական բյուջեի աստիճանական նվազումը, ըստ էության, ոչ թե խաղաղության օրակարգի համատեքստում է, այլ որոշակի ժամանակահատվածի համար նախատեսված ռազմական պլանների վերջնագծին հասնելու համար:

