Կառավարությունը հետողորմյա արեց բյուջեն․ 2025-ին ամեն ինչ կրճատվելու է

Իշխանությունները մտածում էին, որ դեռ կկարողանան օգտվել «տնտեսական հրաշքի» բարիքներից։ Բայց սխալվեցին՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Հայաստանի տնտեսական իրավիճակը շատ ավելի արագ տեմպերով է վատանում, քան կառավարությունը պատկերացնում էր անգամ 1-2 ամիս առաջ։

Մեկ-երկու ամիս առաջ ներկայացրել էին պետական բյուջեի ցուցանիշներ, որոնք այսօր այլևս արդիական չեն, հնացած են, չեն արտահայտում այն տնտեսական իրավիճակը, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Մինչև վերջերս կրծքով պաշտպանում էին 2025թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրված ցուցանիշները, 1-2 ամիս հետո հիմնովին վերանայել են, վերագնահատել են նախկին ցուցանիշներն ու բոլոր դեպքերում նվազեցրել։

Նվազեցրել են, որովհետև տնտեսական իրավիճակը գնալով վատանում է, սպասումներն ավելի հոռետեսական են դառնում։ Նախորդ երկու տարիների ոչ իրական տնտեսական աճերը, որոնց վրա փորձում էին հերոսանալ, այլևս անցյալում են։ Սպասվող հերթական բարձր աճերի մասին վաղուց դադարել են խոսել։

Այս տարի Հայաստանում բարձր աճեր չեն լինի։ Աճը նույնիսկ ավելի ցածր կլինի, քան կանխատեսում էին 1-2 ամիս առաջ։

Կարդացեք նաև

Հաջորդ տարի տնտեսությանը շատ ավելի մռայլ ապագա է սպասվում։ Դրա համար էլ բյուջեն ընդունելուց առաջ կառավարությունը շտապեց վերանայել ու վերագնահատել հաջորդ տարվա տնտեսական աճը։

Նախնական ներկայացված՝ անգամ համեստ աճի ցուցանիշին հասնելն անհնարին են համարել։

Հաջորդ տարվա համար ընդամենը 5,1 տոկոս տնտեսական աճ են սպասում։

Սա 0,5 տոկոսային կետով ավելի ցածր է, քան 1-2 ամիս առաջ ներկայացված կանխատեսումն էր։ Բյուջեի նախնական տարբերակում, հաջորդ տարվա տնտեսական աճը գնահատել էին 5,6 տոկոս, վերջնական տարբերակում իջեցրել են 5,1 տոկոսի։ Եվ սա՝ այն պարագայում, երբ կառավարության ծրագրով խոստացել են ամեն տարի ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ։

Վերագնահատել ու նվազեցրել են ոչ միայն տնտեսական աճը, այլև ՀՆԱ-ն։ ՀՆԱ-ն 158 մլրդ դրամով կրճատել են։

Մեկ-երկու տարի, հայտնի պատճառներով, բարձր տնտեսական աճեր արձանագրվեցին, կարծում էին՝ այդ աճերը հավերժ են լինելու։ Այդպես էլ ոչինչ չարեցին դրանցից արդյունքներ քաղելու, տնտեսության հնարավորություններն ավելացնելու ու պոտենցիալը բարձրացնելու համար։ Մինչև վերջերս հայտարարում էին, թե վերջին տարիներին տնտեսության պոտենցիալը հասցրել են 5,5 տոկոսի։ Մինչդեռ՝ հաջորդ տարի ընդամենը 5,1 տոկոս տնտեսական աճ են ակնկալում։ Ավելի ցածր, քան իրենց ասած՝ տնտեսական աճի պոտենցիալն է։

Դա էլ դեռ հարց է, թե ինչքանո՞վ կհաջողեն։ Այս տարի էլ 7 տոկոս աճ էին պարտավորվում ապահովել։ Աճը լավագույն դեպքում կլինի 5 տոկոսի շրջակայքում։

Բյուջեի եկամուտներն էլ նախատեսվածից միլիարդավոր դրամներով պակաս կլինեն։

Այն, ինչ տեղի է ունենում այս տարի, շատ ավելի կխորանա հաջորդ տարի։

Հաջորդ տարվա սպասումների վատացումը միայն տնտեսական աճով չի սահմանափակվելու։

Տնտեսական աճի տեմպի դանդաղումը բերելու է բյուջեի եկամուտների ու ծախսերի հետ կապված նախկին ակնկալիքների կրճատման։

Ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերն ավելի քիչ կլինեն, քան նախկին սպասումներն էին։ Չնայած դրանք, առանց այդ էլ, այդքան բարձր չէին։

Մինչև այս վերանայումները՝ բյուջեի եկամուտների ընդամենը 5,5 տոկոս աճ էին սպասում։ Հիմա դա էլ չեն սպասում։ Բյուջեի եկամուտները 35,5 մլրդ դրամով պակասեցրել են։

Պակասեցրել են գերազանցապես հարկային եկամուտները նվազեցնելու հաշվին։ 39,6 մլրդ դրամի կամ գրեթե 100 մլն դոլարի պակաս հարկային եկամուտներ են սպասում, քան ակնկալում էին ընդամենը 1-2 ամիս առաջ։

Եվ սա՝ այն պարագայում, երբ բիզնեսի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ փոքր բիզնեսի հարկային բեռը հաջորդ տարվանից կտրուկ ավելացրել են։

Տասնյակ-հազարավոր տնտեսվարողներ գործելու են շատ ավելի ծանր հարկային դաշտում, քան գործում են այսօր։

Բյուջեի եկամուտները կրճատվում են, կկրճատվեն նաև ծախսերը։ Ծախսերի կրճատումը նույնիսկ ավելի շատ կլինի՝ գրեթե 41 մլրդ դրամի չափով։

Դրանք, բնականաբար, ծրագրեր են, որոնք պիտի կատարվեին, բայց քանի որ փող չկա, չեն կատարելու։

Պարտքերի ավելացման հաշվին արդեն այնքան են մեծացրել դեֆիցիտը, որ այլևս մեծացնելու տեղ չկա։ ՀՆԱ-ն վերագնահատելուց ու նվազեցնելուց հետո, պարտքի ցուցանիշներն ավելի են վատանալու։ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի մակարդակը հաջորդ տարի ավելի բարձր կլինի, քան նախապես հայտարարում էին։

Առավել ևս, այս վերանայումներից հետո, հաջորդ տարի գրեթե սպասելիքներ չկան բյուջեից։

Սոցիալական առումով սպասելիքներն ընդհանրապես զրոյական են՝ ո՛չ աշխատավարձ, ո՛չ թոշակ, ո՛չ էլ նպաստ կբարձրանա։ Փոխարենը՝ թանկացումներից, քաղաքացու գրպանի ծախսերի ավելացումից անհնարին կլինի խուսափել։

Շատերը ստիպված կլինեն ապրել ավելի վատ պայմաններում, քան ապրում էին այս տարի, նախորդ տարի։

Կառավարությունը երկրորդ տարին անընդմեջ միջոցներ չի նախատեսում, որպեսզի ավելացնի սոցիալական խոցելի խավերի օժանդակությունները։ Այս մարդկանց համար բյուջեում փող չի գտնվում, մինչդեռ՝ գումարներ չեն խնայում իրենց հաճույքների վրա ճոխ ծախսեր անելու համար։

Այդքանից հետո, հաճախ մարդիկ զարմանում են, թե ինչո՞ւ կյանքը Հայաստանում չի բարելավվում, ինչո՞ւ աղքատությունը չի նվազում, ինչո՞ւ խոցելի խմբերն ավելի լավ չեն ապրում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս