
Ռոմանոս Պետրոսյանը չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի հույսերը

Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կառավարության ժամանակավոր կառավարիչ էր նշանակվել, որպեսզի հիմքեր ստեղծեր՝ արդարացնելու ընկերությունը խլելու իշխանությունների անօրինականությունները, բացահայտեր ընկերության սեփականատերերի ու նախկին ղեկավարների չարաշահումները, վարկաբեկեր նրանց ու ցույց տար, որ թալանել են սպառողներին, նրանց հաշվին միլիոններ են աշխատել, միտումնավոր անվտանգային խնդիրներ են ստեղծել սպառողների համար։
Բայց որքան էլ ջանում է, կառավարության կառավարչին դա չի հաջողվում։ Նա չի կարողանում արդարացնել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների սպասելիքները, որոնք տևական ժամանակ մութ պատմություններ էին հորինում ՀԷՑ-ի շուրջ ու հույս ունեին, թե դրանցով կարող են ՀԷՑ-ի խլելն արդարացնելու հիմքեր ստեղծել։
Ինչ «բացահայտումներ» էլ անում է Ռոմանոս Պետրոսյանը, ինչին էլ ձեռք է տալիս, շատ արագ ջրվում է, շուռ է գալիս իր ու իրեն հրահանգողների դեմ։
ՀԷՑ-ի նախկին ղեկավարության ստացած աստղաբաշխական աշխատավարձերից է խոսում մի մարդ, ով աստղաբաշխական աշխատավարձ է ստանում ՀԷՑ-ում՝ ժամանակավոր կառավարչի պաշտոնում։
Ոչ վաղ անցյալում գրել էր, թե ընկերության տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը 2017-2024 թվականներին ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396 մլն 198 հազար 663 դրամ աշխատավարձ։ 8 տարի անընդմեջ նրա տարեկան վարձատրությունը կազմել է 46 մլն 537 հազար 500 դրամից մինչև 53 մլն 362 հազար 488 դրամ (հարկերը՝ ներառյալ): Ու փորձել էր տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ի ղեկավարության ստացած աստղաբաշխական վարձատրությունները ներազդել են ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
Բացահայտ կեղծիք, որը շատ արագ բացահայտվեց։ Պարզվեց՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի աշխատավարձերը որևիցե առնչություն չունեն սակագների հետ։ Այն ներառված չէ սակագներում ու չէր կարող ազդել սակագների վրա։
Բացի այն, որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահը կամ տեղակալը որևէ աշխատավարձ չի ստացել, այդ գումարները փոխանցել է բարեգործական նպատակների համար, այլև նրա աշխատավարձը չի գոյացել սպառողների վճարներից։
Այդ գումարները վճարվել են ՀԷՑ-ի սեփականատիրոջ սեփական միջոցներից կամ գրպանից։ Սեփականատերն ինչքան կուզեր, այնքան էլ կարող էր վճարել։ Դա ՀԷՑ-ի հետ բացարձակ կապ չունի։ Բայց, եթե նույնիսկ վճարվեր ՀԷՑ-ի կողմից, միևնույն է՝ դրա մեղավորը կլիներ ոչ թե ՀԷՑ-ի սեփականատերը կամ ղեկավարությունը, այլ այն պետական կառույցը, որը պատասխանատու է հանրային ծառայությունների ոլորտում գործող ընկերության, այդ թվում՝ ՀԷՑ-ի գործունեության համար։ Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու այդ հանձնաժողովի ղեկավարության մասին է։
Կառավարության ժամանակավոր կառավարիչը, որը եկել է իբր ՀԷՑ-ը փրկելու, անգամ այսպիսի տարրական բաներին չի տիրապետում, կամ իր ղեկավարների նման՝ դիտավորյալ շուռ է տալիս իրականությունը, կեղծիքներ է տարածում, քարոզչական հնարքներով փորձում է տրամադրություններ ստեղծել, վարկաբեկել ՀԷՑ-ի սեփականատերերին ու նախկին ղեկավարությանը, նրանց մեղադրել ժողովրդի հաշվին փող աշխատելու մեջ։
Նախկիների աստղաբաշխական աշխատավարձերից է խոսում, որոնք վճարել է սեփականատերը՝ սեփական միջոցներից, իսկ որ ինքն աստղաբաշխական աշխատավարձ է ստանում, թաքցնում է։ Երբևէ չի ասել, որ 5.2 մլն դրամ աշխատավարձ է ստանում՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում։
Տարեկան ստացվում է 62.4 մլն դրամ կամ 162 հազար դոլար։ Ավելի շատ, քան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահի կամ տեղակալի աշխատավարձն է։ Այն աշխատավարձը, որը վճարել է սեփականատերն իր միջոցներից, և որի համար կառավարության ժամանակավոր կառավարիչը մեղադրանքներ է հնչեցնում։
Ո՞ւմ հաշվին է Ռոմանոս Պետրոսյանը ստանում այդ գումարները։ Դեռ չհաշված ՀԷՑ-ում տաքուկ տեղավորված մյուս ՔՊ-ականներին, որոնց Ռոմանոս Պետրոսյանն իր հետ ՀԷՑ է բերել։ Նրանցից միայն 8-ի տարեկան աշխատավարձը հասնում է 213 մլն դրամի։
Հիմա ո՞վ է սպառողների հաշվին փող աշխատում։
Իրենց հաշվով համակարգում հավելագրումների հետ կապված «աղաղակող» փաստեր են բացահայտել։
«ՀԷՑ-ի տեղամասերում իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել են 8.320 կՎտ/ժամ հավելագրումներ»,- վերջերս այսպիսի մի գրառում էր կատարել ժամանակավոր կառավարիչը։
Ուզում էր ասել, թե տեսեք՝ ինչպե՞ս են սպառողների հաշվին փողեր աշխատել։ Բայց այդ մի միֆն էլ շատ արագ ցնդեց։ Հավելագրումների դեմ ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն ավելի ինտենսիվ են պայքարել, ու դա ավելի արդյունավետ է եղել։ Մինչև ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխությունն ու ՔՊ-ականացումը, միայն 2025թ., նախկին ղեկավարները դրանից 11 անգամ ավելի շատ հավելագրում էին բացահայտել։
Ռոմանոս Պետրոսյանը չէ, որ եկել ու հավելագրումների հետ կապված փաստեր է բացահայտում։ Փորձում է դրանով իր տերերի աչքը մտնել, արդարացնել նրանց սպասելիքները։ Բայց ապարդյուն։ Որտեղ «բացահայտումներ» է անում, բացահայտումների փուչիկը շատ արագ պայթում է։
Խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը մենաշնորհային դաշտում գործող ընկերություն է, որը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերահսկողության տակ։ Եթե նույնիսկ ինչ-որ բան այստեղ այն չի եղել, պատասխանատվությունն այս հանձնաժողովինն է, որը չի կատարել իր վրա դրված պարտականությունները։
Ու եթե ինչ-որ մեկը պետք է պատժվի, պատժվողը պետք է լինի հանձնաժողովն ու նրա նախագահը, որը դարձել է իշխանության կամակատարը։ Չարաշահում է անկախ կոչվող հանձնաժողովի նախագահի լիազորությունները՝ իշխանություններին հաճոյանալու համար։ Այն դեպքում, որ ինքն է պարտավոր կանխել ցանկացած խախտում, որը կարող էր լինել հանրային ծառայությունների ոլորտում, ու եթե չի կանխել, պիտի պատասխանատվություն կրի դրա համար։
Հանրային ծառայությունների ոլորտում գործող ընկերությունների սակագները հաստատում է այս հանձնաժողովը։ Ոչ մեկը, առանց այս հանձնաժողովի, չի կարող իրեն թույլ տալ սակագներում ներառել ու սպառողների հաշվին աստղաբաշխական աշխատավարձեր վճարել հանձնաժողովի կարգավորման դաշտում գործող ընկերությունների ղեկավարներին։
Եթե նույնիսկ այդպիսի աշխատավարձեր են վճարել, ու դրանք ներառված են եղել սակագներում, ապա մեղավորը ոչ թե այդ ընկերություններն են, դրանց ղեկավարները կամ սեփականատերերը, այլ հանձնաժողովը։
Սրա համար ոչ թե ընկերությունների սեփականատերերը կամ կառավարիչները պետք է պատասխանատվություն կրեն, այլ հանձնաժողովը, որը գործել ու այսօր էլ գործում է իշխանությունների կրնկի տակ։
Կլինի սակագների սահմանում, աշխատավարձի որոշում, աշխատողների քանակ, ներդրումների իրականացում, կորուստներ, չարաշահումներ, գնումներ, թե մրցույթների կազմակերպում ու հաղթողների որոշում, այս բոլորն անցնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովով։ Եթե Ռոմանոս Պետրոսյանն ինչ-որ հարցում պահանջներ ունի՝ պարտավոր է այդ պահանջները ներկայացնել հանձնաժողովի ղեկավարությանը։ Կարգավորման դաշտում գտնող ցանկացած ընկերություն չի կարող գործել այս հանձնաժողովի սահմանած կարգավորումներից ու վերահսկողությունից դուրս։
Մինչև այն պահը, երբ ՀԷՑ-ի սեփականատերը չէր արել իր հայտնի հայտարարությունը՝ ի պաշտպանության եկեղեցու, հանձնաժողովը ՀԷՑ-ում խնդիրներ չէր տեսնում, հայտարարությունից ու Նիկոլ Փաշինյանի հրահանգներից հետո սկսեց տեսնել։
Այսպիսի բացահայտ անօրինակ մեթոդներով են փորձում սեփականատիրոջից խլել ՀԷՑ-ը։
Զարմանալի չէ, որ ինչպես շատերը, այնպես էլ միջազգային արբիտրաժը չի հավատում իշխանությունների անաչառությանը։ Պահանջում է հետ կանգնել սեփականատիրոջ սեփականության նկատմամբ դրսևորվող ոտնձգություններից ու կատարել արբիտրաժային դատավորի պարտադիր կատարման ենթակա վճիռը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ