Թուրքական մոդելներն արդեն տեղայնացնում են Հայաստանում

Հայաստանը թուրքական աշխարհի մաս դարձնել ձգտող ՔՊ-ական իշխանությունը սկսել է թուրքական մոդելները պրոյեկտել Հայաստանում։ Ուզում են թուրքական գյուղատնտեսական ապահովագրության համակարգը տեղայնացնել։ Ուսումնասիրություններ ու խորհրդակցություններ են անցկացնում թուրքերի հետ։

«Մենք հենց երեկ թուրքական Թարսիմի հետ էինք խոսում, որպեսզի իրենց փորձը հասկանանք»,-  կառավարության նիստում հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը:

Հավանաբար շուտով թուրքական ընկերություններին էլ կհրավիրեն, որպեսզի անձամբ զբաղվեն գյուղատնտեսական ապահովագրությամբ ու «փրկեն» Հայաստանի գյուղատնտեսությունն աղետներից։

Հինգ տարի է՝ գյուղատնտեսության ապահովագրություն են ներդնում, հսկայական գումարներ են ծախսել դրա վրա, դրսից են օգնություններ ստացել, պետական բյուջեից են հատկացումներ արել, բայց որևէ արդյունք չկա։

Կարդացեք նաև

Ծրագրի ֆինանսավորման համար գերմանական KfW զարգացման բանկն ավելի քան 5.4 մլն եվրոյի դրամաշնորհ է տրամադրել։ Այդքան էլ պարտավորվել է հատկացնել կառավարությունը։ Վերջում այնպես է ստացվել, որ գյուղատնտեսության ապահովագրություն Հայաստանում ինչպես չի եղել, այնպես էլ շարունակում է չլինել, չնայած, դատելով հրապարակված տվյալներից՝ դրա վրա միլիոնավոր դոլարներ են ծախսվել։

Ծրագիրն իրենք ձախողել են, մեղքը փորձում են գյուղացու վրա գցել։ Պատճառաբանում են, թե գյուղացին միտումնավոր այն հողերն է ապահովագրել, որտեղ աղետի ռիսկերը մեծ են։ Դրա պատճառով էլ ապահովագրական ընկերությունները վնասներ են կրել ու հակված չեն աշխատել այդ դաշտում։

Այն, որ ապահովագրության համակարգի ներդրումն ամբողջությամբ տապալել են, գումարներն անիմաստ վատնել են, ոչ թե գյուղացու մեղքն է, այլ կառավարության։ Կառավարությունն է մեղավոր, որ գումարները ծախսել են, բայց ապահովագրության համակարգը չի գործում։ Գյուղացին ու գյուղատնտեսությունն ինչպես անպաշտպան է եղել բնական աղետների նկատմամբ, այնպես էլ շարունակում է անպաշտպան լինել։

Հինգ տարի հետո ստիպված են խոստովանել, որ բազմաթիվ այլ ծրագրերի նման, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումն էլ են ձախողել։

«2020 թվականից իրականացվում է գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը, բայց վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ վնասաբերության բարձր մակարդակով պայմանավորված՝ ապահովագրական ընկերությունները խուսափում են կնքել ապահովագրական պայմանագրեր։

2025 թ. կառավարությունն ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-80 տոկոսով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վնասաբերության 200 տոկոսը գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին»,- խոստովանում է էկոնոմիկայի նախարարը։

Թե ինչո՞ւ գյուղատնտեսության ապահովագրությունը Հայաստանում չի կայանում, չնայած արդեն 5 տարվա պատմություն ունի, կառավարության ապաշնորհության հետևանք է։ Ներդրումից 5 տարի հետո են միայն հասկացել, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը սխալ հիմքերի վրա են դրել։ Ներդրումից 5 տարի հետո նոր հիշել են, որ միջազգային փորձը պիտի ուսումնասիրեն, որ հասկանան, թե ինչ է պետք անել՝ ապահովագրության համակարգը Հայաստանում կայացնելու համար։ Ու պատահաբա՞ր, թե՞ հատուկ, նախապատվությունը տվել են հենց թուրքական մոդելին։

Ինչո՞ւ հենց թուրքականին, պարզ է. Վերջին շրջանում ակտիվ երկխոսության ու շփումների մեջ են թուրքերի հետ, գնում-գալիս են, սահմաններն են բացում, ազգային արժեքների ոտնահարման հաշվին հարաբերություններ են կառուցում, փորձում են համոզել, որ Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո Հայաստանի տնտեսությունը ծաղկելու է, զարգանալու է, մարդիկ էլ գոհ ու երջանիկ ապրելու են։

Ահա այս քաղաքականության շրջանակներում էլ սկսել են Հայաստանի տնտեսության թրքացման պրոցեսը։ Ապահովագրության թուրքական մոդելն են ուսումնասիրում՝ գյուղատնտեսության մեջ տեղայնացնելու համար։

Փորձնական ծրագրի իրականացման փուլում՝ փոխարենը ապահովագրական ծածկույթը գնալով ընդլայնվեր, գնալով կրճատվել է։ 2024թ. կնքվել է ընդամենը մի քանի տասնյակ պայմանագիր։

Ապահովագրավճարն էլ կազմել է հազիվ 21.9 մլն դրամ։ Անցած տարի, երբ պարզ դարձավ, որ ծրագիրը ձախողվել է, ապահովագրական ընկերությունները հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը, կառավարությունը ստիպված եղավ ոչ միայն ստանձնել վերաապահովագրողի դերը, այլև պարտավորվեց պետական բյուջեի միջոցների հաշվին վերցնել ապահովագրավճարի սուբսիդավորման բեռը։ Հայտարարեց, թե 2025թ. համար ապահովագրավճարը կսուբսիդավորի 80 տոկոսի չափով, նաև ապահովագրական ընկերություններին կփոխհատուցի վնասաբերության 200 տոկոսը գերազանցող մասը։ Բայց դա էլ փրկություն չեղավ։ Ապահովագրական ընկերությունները հրաժարվեցին մասնակցությունից։

Երկար ժամանակ մոռացել էին գյուղացուն, ով մենակ է մնացել իր հոգսերի հետ։ Բայց սպասվող ընտրություններից առաջ կրկին հիշել են։ Որոշել են «հոգատարություն» ցուցաբերել ու պետական բյուջեի հաշվին փոխհատուցել կարկտահարության վնասները։ Այն էլ՝ ոչ միայն այս, այլև նախորդ տարվա վնասները։

Նախորդ տարվա վնասները, թե ինչո՞ւ մինչև հիմա չէին փոխհատուցում, դժվար չէ հասկանալ՝ թողել են ընտրությունների նախաշեմին գյուղացուն կաշառելու համար։  Նույնը նաև այս տարվա վնասների փոխհատուցմանն է վերաբերում։ Երկու դեպքում էլ փոխհատուցումը պատրաստվում են տրամադրել հաջորդ տարվա սկզբին՝ ընտրություններին ընդառաջ։

Պարզ է, որ կառավարությանը ոչ թե կարկտահարության վնասներն է մտահոգում, այլ սեփական քաղաքական շահը։ Դրա համար էլ այս տարվա գարնանը, առավել ևս՝ նախորդ տարվա կարկտահարության հետևանքները որոշել են փոխհատուցել հաջորդ տարվա սկզբին՝ ընտրությունների նախաշեմին։

Գյուղացու մասին մտածողը վաղուց փոխհատուցած կլիներ։ Հատկապես որ, շատ հաճախ գյուղացու բերքը նրա ապրուստի միակ միջոցն է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս