«Տիկտոկ-ուղեղ». ինչպես են կարճ վիդեոները փոխում երեխաների ու դեռահասների մտածողությունը

Վերջին տարիներին TikTok-ը, YouTube Shorts-ը և Instagram Reels-ը դարձել են այնպիսի հզոր հարթակներ, որոնք գրավել են հատկապես դեռահասների և երեխաների ուշադրությունը։ Մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութերը թվում են անմեղ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս՝ դրանք կարող են փոխել ուղեղի աշխատանքը, ազդել ուշադրության, որոշումների կայացման և անգամ տրամադրության վրա։

Ինչպես են աշխատում կարճ վիդեոների հարթակները

TikTok-ի և նմանատիպ հավելվածների հիմքում միևնույն սկզբունքն է՝ արագ հաճույք, անմիջական արձագանք և անսահման սկրոլ։

Յուրաքանչյուր վիդեո տևում է ընդամենը մի քանի վայրկյան, սակայն ուղեղը հասցնում է արձագանքել հումորին, երաժշտությանը կամ վիզուալ շարժմանը։ Յուրաքանչյուր նման արձագանք ուղեղում առաջացնում է դոֆամինի՝ հաճույքի հորմոնի արտադրություն։

Սա նշանակում է, որ երբ երեխան կամ դեռահասը դիտում է հետաքրքիր վիդեո, նրա ուղեղը «պարգևատրվում է»։ Իսկ երբ հաջորդ վիդեոն այնքան էլ հետաքրքիր չէ, նա անմիջապես անցնում է մյուսին՝ նոր «դոֆամինային հաճույքի» որոնման մեջ։ Այդ արագ շրջապտույտը ստեղծում է կախվածություն, որը շատ նման է խաղային կամ նույնիսկ ալկոհոլային կախվածությանը։

Ինչ են ասում գիտնականները

Չինացի հետազոտողները վերջերս պարզել են՝ TikTok-ի հաճախակի օգտագործումը կարող է փոխել ուղեղի կառուցվածքը։

111 ուսանողների մասնակցությամբ կատարված փորձը ցույց է տվել, որ ընդամենը երկու ամիս տևած ակտիվ դիտումից հետո նրանց մոտ նկատվել է քնի խանգարում, ուշադրության ցածրացում և նույնիսկ ուղեղի մոխրագույն նյութի 2% նվազում՝ այն հատվածում, որը պատասխանատու է որոշումներ ընդունելու համար։

Մեկ այլ ուսումնասիրության ընթացքում շուրջ 1500 դպրոցականներ նշել են, որ երկարատև օգտագործումը հաճախ ուղեկցվում է դեպրեսիվ տրամադրությամբ և ինքնագնահատականի անկումով։

Ամենակարևորը՝ տարբերություն տղաների և աղջիկների միջև գրեթե չկա. այս հարթակները բոլորին նույն կերպ են կախվածության մեջ գցում։

Ինչպես է ձևավորվում «TikTok-ուղեղը»

Նեյրոհոգեբանները նոր երևույթ են առանձնացնում՝ «TikTok-ուղեղ»։

Սա այն վիճակն է, երբ մարդու ուղեղը սովորում է աշխատել արագ, փնտրել անմիջական արդյունք և կորցնում է համբերությունը երկարատև, մտածող ջանքի նկատմամբ։

Երբ երեխան կամ դեռահասը սովոր է արագ հաճույքին, նրան դժվար է կենտրոնացնել դասերի, ընթերցանության կամ որևէ երկարատև աշխատանքի վրա։

Ուղեղը սովորում է, որ հետաքրքիրն ու օգտակարը միշտ պետք է գա հեշտ ու արագ։

Այս պատճառով էլ մասնագետները զգուշացնում են՝ երկարատև սպառումը կարող է հանգեցնել ուշադրության անկմանը, հուզական կայունության խանգարմանը և ինքնակարգավորման խնդիրների։

Որ երկրներն են պայքարում TikTok-ի դեմ

Տարբեր երկրներ արդեն իսկ քայլեր են ձեռնարկել՝ սահմանափակելու հավելվածի ազդեցությունը։

ԱՄՆ-ում TikTok-ն արգելված է մի շարք պետական կառույցների աշխատակիցների հեռախոսներում՝ անվտանգության և տվյալների արտահոսքի վտանգի պատճառով։

Հնդկաստանը 2020-ին ամբողջությամբ արգելեց հավելվածը՝ նշելով, որ այն սպառնում է ազգային անվտանգությանը։

Կանադան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և մի քանի եվրոպական երկրներ ևս սահմանափակում են պետական ծառայողների կողմից հավելվածի օգտագործումը։

Միաժամանակ Չինաստանում, որտեղ ստեղծվել է TikTok-ը (տեղական տարբերակը՝ Douyin), հավելվածը գործում է շատ խիստ կանոններով․ երեխաների համար սահմանված է օրական ընդամենը 40 րոպե դիտման ժամանակ, իսկ գիշերը հավելվածն ինքնաբերաբար փակվում է։

Այս քայլերը ոչ միայն ազգային անվտանգության, այլև հոգեբանական պաշտպանության նպատակ ունեն։

TikTok-ը շատ հայտնի հավելված է, բայց միաժամանակ շատ երկրների մոտ առաջացրել է անհանգստություն։ Բանն այն է, որ այն չինական ընկերություն է՝ ByteDance-ը, և շատ կառավարություններ վախենում են, որ իրենց քաղաքացիների տվյալները կարող են հասնել Չինաստանին կամ օգտագործվել ոչ ճիշտ նպատակներով։

Ահա հիմնական պատճառները՝

  1. Անվտանգություն և տվյալների պաշտպանություն

TikTok-ը հավաքում է օգտվողների մասին շատ տեղեկություններ՝ որտեղից են միանում, ինչ տեսանյութեր են նայում, ինչ են գրում կամ որոնում։

Շատ երկրներ ասում են՝ եթե այդ տվյալները հասնեն օտար պետության կառավարությանը, կարող են վտանգել ազգային անվտանգությունը։

  1. Քաղաքական և տեղեկատվական վտանգներ

Որոշ կառավարություններ վախենում են, որ TikTok-ի միջոցով կարելի է տարածել քարոզչություն կամ սխալ տեղեկատվություն, որը կարող է ազդել մարդկանց կարծիքների վրա՝ օրինակ, ընտրությունների ժամանակ։

Օրինակ՝ ԱՄՆ-ում անգամ քննարկվել է, որ TikTok-ը կարող է օգտագործվել հանրային կարծիք ձևավորելու համար։

  1. Երեխաների վրա վնասակար ազդեցություն

Շատ երկրներում նկատել են, որ TikTok-ը վնասում է երեխաների հոգեբանական առողջությանը․ առաջացնում է կախվածություն, վատացնում է ուշադրությունը, ստիպում է համեմատել իրենց ուրիշների հետ ու ընկճվել։

  1. Բովանդակության վերահսկման խնդիր

TikTok-ում շատ արագ են տարածվում ամեն տեսակի տեսանյութեր՝ նաև վնասակար կամ անպատշաճ։ Բոլոր հարթակները չեն հասցնում վերահսկել, թե ինչ է հայտնվում հոսքում, իսկ երեխաները հեշտությամբ տեսնում են այն, ինչ իրենց տարիքին չի համապատասխանում։

Ինչ կարող են անել ծնողները և ուսուցիչները

Մասնագետները խորհուրդ են տալիս չփորձել ամբողջությամբ արգելել հարթակների օգտագործումը. դա գրեթե անհնար է։

Փոխարենը՝ պետք է ձևավորել գիտակցված օգտագործման մշակույթ․

– սահմանել օրական դիտման ժամանակ,

-խոսել երեխաների հետ բովանդակության որակի մասին,

– և ամենակարևորը՝ ստեղծել իրական, ոչ թվային ակտիվությունների հավասարակշռություն՝ սպորտ, ընթերցանություն, ընկերների հետ շփում։

TikTok-ը և մյուս հարթակներն ինքնին վատ չեն․ դրանք կարող են լինել ուսուցողական, խթանել ստեղծարարությունը կամ հաղորդակցությունը։

Սակայն, երբ կարճ վիդեոները դառնում են հաճույքի ու զվարճանքի միակ աղբյուրը, դրանք սկսում են փոխել մտածողության կառուցվածքը։

Եվ հենց այդ ժամանակ ծնվում է «TikTok-ուղեղը»՝ մի երևույթ, որտեղ արագ հաճույքը հաղթում է համբերությանը, իսկ իրական կյանքը՝ դառնում մի փոքր ավելի ձանձրալի։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս