Ինչո՞ւ են Հայաստանում խթանում 50-ն անց կանանց արհեստական բեղմնավորումը. Ռիսկեր, անոմալիաներ, մահացություն… Անուշ Պողոսյան
Ազգային ժողովում (ԱԺ) քննարկվում էր «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը, և անկեղծորեն զարմացա՝ ոչ մի խոսք կնոջ առողջության և բժշկական ռիսկերի մասին։
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա անդրադարձել է մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքներին:
«Բժշկական փաստերն անփոփոխ են․ 50 և ավելի տարեկան կանանց հղիությունը համարվում է բարձր ռիսկային հղիություն, քանի որ այս տարիքում՝ ինչպես մայրական օրգանիզմը, այնպես էլ՝ պտուղը բախվում են մի շարք կենսաբանական և բժշկական վտանգների։
50 և ավելի տարեկան կանանց համար արհեստական բեղմնավորումը գրեթե միակ տարբերակն է հղիանալու, սակայն այն ունի՝ ինչպես բարձր բժշկական, այնպես էլ՝ էթիկական ռիսկեր։ Շատ երկրներում նման պրակտիկան օրենսդրական սահմանափակումների ներքո է․ Ֆրանսիա, Գերմանիա, Նորվեգիա՝ մինչև 46 տարեկան, Իսպանիա և ԱՄՆ-ի որոշ նահանգներ՝ մինչև 50-52 տարեկան։ Հայաստանում նման տարիքային սահմանափակում հանվում է»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ այս տարիքում ձվարանները գրեթե չեն արձագանքում հորմոնային խթանմանը, ուստի սովորաբար օգտագործվում է դոնորական ձվաբջիջ, իսկ կնոջ արգանդը ենթարկվում է հորմոնալ նախապատրաստման, որպեսզի կարողանա ընդունել սաղմը։ Բնական ձվաբջիջներով հղիանալու հաջողության ցուցանիշը՝ գրեթե 0–1%, իսկ դոնորական ձվաբջիջներով՝ 30–50%, կախված կնոջ առողջական վիճակից։
«Նույնիսկ դոնորական ձվաբջիջներով հղիության դեպքում հաճախ արձանագրվում են՝ պրեէկլամպսիա, էկլամպսիա, հիպերտենզիա, շաքարային դիաբետ, վաղաժամ ծնունդ կամ պտղաջրերի արտահոսք, կեսարյան հատման բարձր հավանականություն (մինչև 90%), սրտանոթային բարդություններ և թրոմբոզներ, ինչպես նաև վիժման ռիսկ՝ մինչև 30% դեպքերում:
Տարիքի հետ աճում է քրոմոսոմային անոմալիաների հավանականությունը՝ Դաունի, Էդվարդսի և Պատաուի համախտանիշներ, սաղմի մահացություն կամ աննորմալ զարգացում, վաղաժամ և քաշի պակասով նորածիններ, նորածնի հոսպիտալացման ավելի բարձր ցուցանիշներ։

Բարձր հորմոնալ ծանրաբեռնվածությունը կարող է խթանել կրծքագեղձի, արգանդի լորձաթաղանթի և ձվարանների բջջաբանական փոփոխություններ, հատկապես այն կանանց մոտ, ովքեր արդեն ունեն հորմոնալ խախտումներ կամ նախաուռուցքային վիճակներ։
Հարց է առաջանում՝ արդյո՞ք ՀՀ առողջապահության նախարարությունը Սահմանադրական դատարանին պատշաճ կերպով ներկայացրել է այս բժշկական ռիսկերը նախքան վերարտադրողական իրավունքների ընդլայնման օրենսդրական հիմքերի հաստատումը։ Եթե ոչ, ապա սա այլևս միայն իրավական հարց չէ, այլ նաև՝ հանրային առողջության և բժշկական անվտանգության հարց»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

