Ռուսաստանի համար թշնամական ժողովուրդներ չկան ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում. Լավրով
Ռուսաստանը միշտ բաց է իրավահավասար և ազնիվ գործընկերության համար բոլոր այն երկրների հետ, որոնք առաջնորդվում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներով։ Այն թշնամական ժողովուրդներ չունի ոչ Արևմուտքում, ոչ Արևելքում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ТАСС-ը։
«Ինչպես բազմիցս նշել է նախագահ Պուտինը, այդ թվում՝ 2023 թվականի մայիսի 9-ի Հաղթանակի շքերթի ժամանակ իր ելույթում, մեզ համար թշնամական ժողովուրդներ չկան՝ ո՛չ Արևմուտքում, ո՛չ Արևելքում։ Մենք միշտ բաց ենք ազնիվ, հավասար գործընկերության համար բոլորի հետ, որոնք, ինչպես մենք, առաջնորդվում են սեփական ազգային շահերով և միջպետական համագործակցությունը կառուցում են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների ամբողջության, փոխկապակցվածության և ամբողջականության հիման վրա», – ասել է նա Միջազգային համագործակցության ֆորումի մասնակիցների համար տեսաուղերձում։
ՌԴ ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է զարգանալ որպես «ժամանակակից պետություն, որը շահագրգռված է լայնածավալ ապաքաղաքականացված միջազգային համագործակցությամբ»։
«Այսօր, երբ աշխարհում իրավիճակը շարունակում է լարված մնալ, մարդկանց միջև շփումները, գիտության, մշակույթի, սպորտի գործիչների միջև երկխոսությունը հատուկ նշանակություն է ստանում մթնոլորտի առողջացման տեսանկյունից։ Մենք ողջունում ենք նման ջանքերը», – հավելել է նա։
Այդ համատեքստում Լավրովը նշել է, որ ֆորումին բազմաթիվ օտարերկրյա հյուրերի ներկայությունը «վառ վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանն իսկապես ունի հուսալի ընկերներ, որոնք համակարծիք են մեր արժեքներին և ձգտում են ավելի լավ հասկանալ, թե ինչով է ապրում մեր երկիրը»։
«Մենք հետևողականորեն ելնում ենք այն դիրքորոշումից, որ արտաքին քաղաքականության ոլորտի աշխատանքը պետք է ամրապնդվի ժողովրդական դիվանագիտության, լայն հասարակության հետ շփումների միջոցով, որը գործնականում շահագրգռված է միջազգային կյանքի վերադարձին կառուցողական հուն», – նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

