ԹՐՈՄԲ. ՊԱՏՃԱՌՆԵՐԸ՝ ԵՐԿԱՐ ԹՌԻ՞ՉՔ, ՀՈՐՄՈՆԱԼ ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵ՞Ր, ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵ՞Տ, ԹԵ՞ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇ

Թրոմբոֆիլիան արյան մակարդման խանգարում է, որը մեծացնում է թրոմբոզի (արյունատար անոթներում արյան մակարդուկների առաջացում) վտանգը։ Մանրամասների մասին զրուցել ենք ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հեմոֆիլիայի և թրոմբոզի կենտրոնի բժիշկ-արյունաբան Նելլի Սարգսյանի հետ։

Ի՞նչ է արյան մակարդումը։

– Մակարդման համակարգը բարդ է և բազմագործոն։ Այն մեկ բաղադրիչով չի իրականանում։ Կան 10-ից ավելի գործոններ, որոնք ապահովում են արյան մակարդելիությունը, և այդ գործոնները սովորական, հանգիստ պայմաններում քնած են։ Եթե լինում է որևէ խնդիր, անոթի վնասում, գործոններն ակտիվանում են՝ ձևավորելով խցան և ապահովելով արյան կանգը։ Եվ հենց այս գործոնների հավասարակշռության խախտումն է, որ բերում է կամ թրոմբագոյացման, կամ հակառակը՝ արյունահոսության։

Կարդացեք նաև

Արյան խումբը կապ ունի՞ թրոմբոֆիլիայի զարգացման հետ։

– Չկան ապացուցված հետազոտություններ։ Արյան խումբը կապ չունի կյանքի ընթացքում թրոմբոզի կամ մակարդելիության առաջացման ռիսկի հետ։

– Որո՞նք են թրոմբոֆիլիայի զարգացման պատճառները։

– Նշեմ, որ թրոմբոֆիլիան հիվանդություն չէ, այն ընդամենը վիճակ է, որը մեծացնում է թրոմբոզի ռիսկը։ Սա նշանակում է, որ թրոմբոֆիլիա ունեցող մարդիկ, որոնց մոտ կան համապատասխան հրահրող, հավելյալ թրոմբոզի ռիսկի գործոններ, այդ մարդկանց մոտ թրոմբոզի ռիսկը մի քանի անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր չունեն թրոմբոֆիլիա։

Թրոմբոզը թրոմբոֆիլիայից տարբերվում է նրանով, որ թրոմբոզն արդեն արյան մակարդուկով անոթի լուսանցքի խցանումն է։ Կարճ ասած՝ թրոմբոֆիլիան ռիսկն է, իսկ թրոմբոզն արդեն իրադարձությունը, որը պահանջում է բուժում։

Ունի՞ ժառանգական բնույթ, թե՞ կարող է կյանքի ընթացքում ի հայտ գալ։

– Թրոմբոֆիլիան միայն ժառանգական չէ։ Կարող է առաջանալ կյանքի ընթացքում՝ լինել ձեռքբերովի, որոնցից է իմուն համակարգի հիվանդություն հակաֆոսֆոլիպիդային  սինդրոմը, որն առաջանում է կյանքի ինչ-որ մի փուլում և պատճառը մեծամասամբ անհայտ է։ Այս դեպքում իմուն համակարգը սկսում է արտադրել հակամարմիններ սեփական անոթների նկատմամբ՝ բերելով կրկնվող թրոմբոզների և վիժումների։

Ձեռքբերովի թրոմբոֆիլիայի պատճառ է նաև քաղցկեղը, երկարատև թռիչքը։

– Ասացիք՝ երկարատև թռիչք, այսինքն, եթե Հայաստանից գնան Չինաստան՝ հիվանդությունը կարող է զարգանա՞լ։

Երկարատև թռիչքը ևս թրոմբոզի առաջացման ռիսկ է, և խոսքը 8 ժամ և ավելի թռիչքի մասին է։ Եվ այս դեպքում, հատկապես այն մարդիկ, ովքեր ունեն թրոմբոֆիլիա, ընտանեկան պատմությունում թրոմբոզի ռիսկ՝ պարզապես 2-3 ժամը մեկ պետք է վեր կենան, քայլեն, չջրազրկվեն, անհրաժեշտության դեպքում՝ կրեն էլաստիկ գիտրիներ։ Եվ եթե նախկինում ունեցել են թրոմբոզ՝ ըստ անհրաժեշտության կարող է հակամակարդիչ՝ արյունը ջրիկացնող դեղորայքի կարիք լինի։

Հղիների մոտ ևս զարգանում է հիվանդությունըանցողի՞կ է, թե՞ մնում է։

– Հաճախ են դիմում մեզ կանայք, որոնց մոտ հղիության ընթացքում հայտնաբերվել է թրոմբոֆիլիա։ Հղիությունն ինքնին արդեն արյան մակարդելիությունը բարձրացնող վիճակ է, իսկ թրոմբոֆիլիայի առկայությունը կարող է բազմապատկել այդ խնդիրը և ըստ անհրաժեշտության հակամակարդիչներ նշանակելու կարիք լինի՝ միայն հղիության ընթացքում։ Եթե հղին ռիսկի բարձր խմբում է, այս դեպքում նշանակվում է հակամակարդիչ դեղորայք։ Հավելյալ ռիսկի գործոն հղիի բարձր տարիքն է, քրոնիկական հիվանդությունների առկայությունը, շաքարային դիաբետը, հավելյալ քաշը, բազմապտուղ հղիությունը, արտամարմնային բեղմնավորմամբ հղիությունները։ Իսկ միայն թրոմբոֆիլիայի առկայությունը դեռ ցուցում չէ՝ հղիին նշանակել հակամակարդիչներ։ Այստեղ կապ ունի նաև այն՝ բա՞րձր, թե՞ միջին ռիսկի թրոմբոֆիլիա է։

Թրոմբոֆիլիա զարգանո՞ւմ է, երբ հորմոնալ հակաբեղմնավորիչներ են օգտագործում։

– Հորմոնալ հակաբեղմնավորիչներ օգտագործելու դեպքում մեծանում է թրոմբոզի ռիսկը։ Կան երկու տեսակի հորմոնալ հակաբեղմնավորիչներ, մեկն էստրոգեն պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչներն են, որոնց դեպքում, այո, մեծանում է թրոմբոզի ռիսկը, իսկ թրոմբոզների կանխարգելման տեսանկյունից նախընտրելի են պրոգեստերոն պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչները, որոնց դեպքում ապացուցված է, որ չկա թրոմբոզի առաջացման ռիսկ։ Սակայն, եթե գինեկոլոգը համարում է, որ բուժառուն պետք է ստանա էստրոգեն պարունակող հորմոնալ հակաբեղմնավորիչ, գնահատվում է ռիսկի գործոնների հանրագումարը, նշանակվում է դեղորայք՝ զուգահեռ տալով արյունը ջրիկացնող դեղորայք։

Երեխաների մոտ կարո՞ղ է զարգանալ թրոմբոֆիլիա։

– Ժառանգական թրոմբոֆիլիա կարող են ունենալ, բայց երեխաների մոտ հիմնականում չի դրսևորվում, որովհետև մեծամասամբ առողջ պոպուլյացիա են, և թրոմբոզի ռիսկը բարձր չէ։ Թրոմբոֆիլիայի հետագա դրսևորման ռիսկի գործոնները բոլոր այն պայմաններն են, երբ տեղի է ունենում անոթի վնասում։ Դրանք վիրահատություններն են, քաղցկեղը, հղիությունը, հետծննդաբերական շրջանը։

– Ո՞ր ախտանշաններն են հուշում թրոմբոֆիլիայի ի հայտ գալու մասին։

Թրոմբոֆիլիայի առկայության մասին հուշող հատուկ նշաններ չկան, կան ցուցումներ, թե երբ ստուգել։ Օրինակ, եթե առաջին գծի բարեկամի մոտ եղել է արդեն հայտնի թրոմբոզ։ Եթե տվյալ մարդու մոտ երիտասարդ տարիքում եղել են կրկնվող թրոմբոզներ, պլանավորում են բարձր ռիսկի գտնվողին նշանակել էստրոգեն պարունակող հակաբեղմնավորիչ։

Ինչպե՞ս է բուժվում։

– Թրոմբոֆիլիան մշտական բուժում պահանջող վիճակ չէ։ Բուժում նշանակվում է կանխարգելիչ դեղաչափերով, միայն, եթե կա թրոմբոզի առաջացման իրական ռիսկ՝ հղիություն, հետծննդաբերական վիճակ, որոշակի վիրահատություններ։ Հակամակարդիչները նշանակվում են փոքր, կանխարգելիչ դեղաչափերով։ Իսկ եթե արդեն եղել է թրոմբոզ՝ բուժման մոտեցումն այլ է, նշանակվում են մեծ դեղաչափի հակամակարդիչներ՝ 3 ամսից մինչև մեկ տարի՝ կախված լրացուցիչ գործոններից, ընդհուպ՝ մինչև ամբողջ կյանք։

Տեսանյութեր

Լրահոս