Հայաստան-Ղազախստան հարաբերությունների նոր օրակարգը․ ի՞նչն է կապում Երևանին ու Աստանային
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Ըստ Փաշինյանի, Տոկաևի հեռատես մոտեցումների և հետևողական ու սկզբունքային քայլերի շնորհիվ Ղազախստանն այսօր էական դերակատարություն ունի տարածաշրջանային և գլոբալ հարցերում՝ հարգանք վայելելով միջազգային ասպարեզում։
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդների բարեկամության ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված միջպետական հարաբերություններում առկա դինամիկան, նախորդ տարի կայացած Ձեր պաշտոնական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետ մեկտեղ, ի հայտ կբերեն Երևանի և Աստանայի փոխգործակցության խորացման նոր դրսևորումներ։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում նախատեսված Ղազախստան իմ պաշտոնական այցի ընթացքում մենք կքննարկենք Հայաստան-Ղազախստան միջպետական օրակարգը՝ ի նպաստ բարեկամության, բարօրության և դեպի ապագան միտված երկկողմ ռազմավարական հարաբերությունների առաջմղման»,- նշել է Փաշինյանը։
Նա պատրաստվում է այց կատարել Ղազախստան, երբ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-21-ը բավականին «աղմկոտ» այց կատարեց այնտեղ՝ հայտարարելով նոր պայմանավորվածությունների ու գործարքների մասին, սպասվում է նաև Տոկաևի պետական այցը Մոսկվա նոյեմբերի 12-ին։
Ընդհանրապես հարկ է նշել, որ վերջին տարիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը, ինչպես բոլոր ուղղություններով, փոխվել է նաև ղազախական ուղղությամբ՝ քաղաքական առումով տեղաշարժեր են տեղի ունենում։ Սրան նպաստում է՝ ինչպես Երևանի, այնպես էլ՝ Աստանայի արտաքին քաղաքական դիրքավորումը և Մոսկվայի հետ հարաբերություններում ռազմավարական փոփոխությունը՝ ավելի հեռադիր մոտեցումը, այսինքն՝ այս հարցում էականն աշխարհաքաղաքական կոնտեքստն է։
Եթե նախկինում Երևան-Աստանա կապերը սահմանափակվում էին ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում համագործակցության շրջանակներով, ապա այսօր երկուստեք առկա է նոր մոտեցում՝ հարաբերությունները կառուցել ոչ թե միջնորդավորված, այլ՝ ուղիղ երկկողմ ձևաչափով՝ այդ համագործակցությունը տեղավորելով Արևմուտքի, Չինաստանի և Թուրքիայի միջև համագործակցության դաշտ։
Եվ ըստ էության, այդ հարաբերություններում նախկին ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի փոխարեն՝ գերիշխող է դառնում թյուրքական կոնտեքստը՝ պայմանավորվածություններն այդ դաշտում։ Տպավորություն է նաև, որ Ուկրաինայի պատերազմի ֆոնին ինչ-որ իմաստով Ղազախստանի արտաքին քաղաքական դիրքավորումը Ռուսաստանի ուղղությամբ դարձավ նախադեպ նաև Հայաստանի համար՝ այդպիսով դյուրացնելով նաև ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումները Ռուսաստանի հարցում։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ղազախստանը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում 2022 թվականից հետո դիրքավորվեցին ավելի քննադատական քաղաքականությամբ, ավելի ու ավելի հաճախ շեշտադրելով, որ ԵԱՏՄ-ն զուտ տնտեսական համագործակցության մասին է և ոչ՝ աշխարհաքաղաքականության։
Անցած տարի Ղազախստանի նախագահ Տոկաևի այցը Հայաստանի Հանրապետություն նոր թափ տվեց գործընկերությանը՝ ստորագրվեց համագործակցության ճանապարհային քարտեզ, սկսեցին ակտիվանալ առևտրատնտեսական կապերը, քննարկվում են ներդրումային հնարավորություններ։ Եվ ամենաէականը՝ երկու պետություններն էլ գտնվում են «Միջին միջանցքի» տրամաբանության շրջանակում։ Այս ամենի կողքին հարկ է հիշեցնել, որ Ղազախստանը Թուրքիայի, Ադրբեջանի ու Բրիտանիայի ռազմավարական գործընկերն է։
Լոնդոնը դիտում է Ղազախստանը՝ որպես կայուն ու կանխատեսելի գործընկեր Կենտրոնական Ասիայում, որն ունակ է հավասարակշռել տարածաշրջանում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը։ Ղազախստանի համար Բրիտանիան կարևոր դարպաս է դեպի Արևմուտք։ Մեծ Բրիտանիան ձգտում է ամրապնդել ներկայությունը Կասպից ծովի և Միջին Ասիայի միջանցքներում՝ աջակցելով էներգետիկ դիվերսիֆիկացմանն ու տարածաշրջանային անկախությանը Մոսկվայից։ Այս ֆոնին Թուրքիան ու Ադրբեջանը ևս խորացնում են ինտեգրացիան, կապերը Ղազախստանի հետ, այդ թվում՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական վերադասավորումների ու արտաքին խաղացողների ձգտումների ու դիրքավորման ֆոնին բնական է, որ Հայաստանը ձգտում է եվրասիական ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը, ինչպես նաև թուրքական ազդեցությամբ ուղղությամբ դիրքավորվել այնպես, ինչպես Ղազախստանը։

Այստեղ, ըստ վերլուծաբանի՝ առանցքային է այն, որ Հարավային Կովկասում Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են խաղաղություն հաստատելու մասին՝ համաձայնագիր ստորագրելու, հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարով, առանցքային է ընդհանուր առմամբ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ռազմավարական շատ գծերի փոփոխությունը, որը, բնականաբար, փոփոխություններ է բերում բոլոր ուղղություններով։
Ըստ Խրամչիխինի, բնականաբար, Երևանն ու Աստանան շատ տարբեր երկրներ են, իրենց աշխարհագրական դիրքով, հնարավորություններով, ռեսուրսներով, այնուամենայնիվ այդ զուգահեռները հստակ տեսանելի են։
«Տեսանելի է նաև այն, որ Հարավային Կովկասում Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա նոր պայմանավորվածությունների շահառուներից է Ղազախստանը, ինչպես նաև Արևմուտքը, սա ևս առանցքային գործոն է երկկողմ հարաբերությունների նոր օրակարգի ձևավորման հարցում։ Բացի այդ, օրերս հայտարարվեց այն մասին, որ ղազախական ցորեն է ներմուծվելու Հայաստան Ադրբեջանով, ինչը լիովին նոր երևույթ էր, նոր պայմանավորվածություն, որը, հայտարարում են, թե պետք է ծառայի Ռուսաստանից մատակարարումների դիվերսիֆիկացիային։
Մի կողմ թողնենք սրա գործնական օգուտը, որը մասնագետները պետք է գնահատեն, սակայն դիվերսիֆիկացիան այս եղանակով արդեն իսկ խոսուն է։ Այսինքն՝ այս ամենն ունի աշխարհաքաղաքական պատճառներ, որոնք առաջացնում են հարաբերությունները զարգացնելու և գործնական պայմանավորվածություններ հաստատելու անհրաժեշտություն։ Երևանին ու Աստանային կապում է քաղաքականությունը Մոսկվայի, ինչպես նաև Թուրքիայի ու Արևմուտքի՝ այդ թվում՝ Լոնդոնի ուղղությամբ»,- ասաց Խրամչիխինը։
Նրա խոսքով, այնուամենայնիվ Ռուսաստանը ևս փորձում է պահպանել հարաբերությունների ստատուս-քվոն Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում։
«Դա է ցույց տալիս այն, որ Դուշանբեում կայացավ ռուսաստան-Կենտրոնական Ասիա համաժողով, երկխոսության ինտենսիվությունը պահպանվում է, սպասվում է Տոկաևի այցը Մոսկվա, որը կարևոր է լինելու կողմերի համար։
Զուգահեռաբար՝ Ռուսաստանը նաև Ադրբեջանի ու Թուրքիայի հետ է վերականգնում համագործակցությունը, փորձելով մասնակցել ձեռք բերվող պայմանավորվածություններին»,- նշեց նա։
Խրամչիխինը գտնում է, որ անցումային փոփոխությունները շատ են, ընթանում են, սակայն այս ամենի հարցում կարևոր են նաև վերջնական գլոբալ պայմանավորվածությունները, որոնք դեռ չկան։

