Իսրայելը ինքը կորոշի, թե որ օտար ուժերի ներկայությունն է Գազայում անընդունելի. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Իսրայելը՝ որպես ինքնիշխան պետություն, ինքն է որոշում իր անվտանգության քաղաքականությունը և այն, թե որ օտարերկրյա ուժերի հետ է համագործակցում, հաղորդում է Reuters-ը։
«Մենք վերահսկում ենք մեր սեփական անվտանգությունը և հստակ հասկացրել ենք միջազգային ուժերին, որ Իսրայելը ինքն է որոշում, թե որ ուժերն են մեզ համար անընդունելի — և հենց այդպես էլ գործում ենք ու շարունակելու ենք գործել»,- ասել է Նեթանյահուն նախարարների կաբինետի նիստի սկզբում։ «ԱՄՆ-ն, իհարկե, համաձայն է այդ մոտեցմանը, ինչպես վերջին օրերին հայտարարել են նրանց ամենաբարձր մակարդակի ներկայացուցիչները»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելը դեմ է Թուրքիայի ուժերի տեղակայմանը Գազայի հատվածում՝ հաշվի առնելով Անկարայի աջակցությունը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը։
Միաժամանակ հաղորդվել է նաև, որ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել տեղակայել իր զորքերը այդ անկլավում։

