Երևանում գործող «Տաշիր պիցցա» սննդի կետերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ, թիվ 1 և թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, բուժակը և հոգեբանը։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։
Հրշեջ փրկարարները նախ կանխել են սննդի կետում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում։

