Դո՛ւ ես նշանակել, ո՞ւմ վրա ես մեղքը բարդում. ուզում էիր «թալանը վերադարձնել» ժողովրդին, բա կողքդ նայի՛ր, ամենամեծ թալանչիները քո կողքին են. Արթուր Մարտիրոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Առաջին անգամ չէ, որ Փաշինյանի խոսքերը հնչում են նույն ձևով, ինչ ասում է Ալիևի քարոզչամեքենան։ «Արևմտյան Ադրբեջան» կոչվածի համեմատությունն Արևմտյան Հայաստանի հետ ցինիզմ է։ Ինքը փորձում է 1915 թվականին ցեղասպանված ազգի կորուստները, 1.5 միլիոն զոհերի կորուստը համեմատել բնակչության տեղահանության հետ, և այն էլ՝ միայն մի կողմից, որովհետև մեր կողմից ադրբեջանցիների բռնի տեղահանություն չի եղել։
  • Փաշինյանի պատվերը գալիս է Ադրբեջանից։ Պատմականորեն դժվար չի լինելու ապացուցել, որ ինչ-որ Հայաստանի ինչ-որ բնակավայրերում ապրել են, այսպես կոչված, ադրբեջանցիներ։ Ադրբեջանն ունի նպատակ ու դրա համար մեծ ծավալի աշխատանք է տանում։ Ցավալին այն է, որ Հայաստանում այսօր ունենք իշխանություն, որը որոշել է, որ փրկվելու միակ ձևը թուրքերի բոլոր ասածներն անելն է։ Չի կարող պատահել, որ Փաշինյանը չհասկանա Ալիևի իրական մտադրությունները։ Նա գիտակցաբար է դա անում։ Արցախը զավթելուց հետո Ալիևը, որպես գործիք օգտագործելով Փաշինյանին, ուզում է իրագործել իր մեծագույն մտադրությունը՝ ադրբեջանցիներին բերել Հայաստան։
  • Թվում է՝ Փաշինյանը հերթական փոքր քայլն է անում, բայց երբ դրանք գումարում ես, հասկանում ես, որ նա անում է այն, ինչ պահանջում են թուրքերը՝ Արագածի նկար իր ֆեյսբուքյան էջում, Արարատի մասին ասում է՝ դա մերը չի, հրաժարվում է Ցեղասպանությունից, ասում է՝ պարտք ու պահանջ չունենք թուրքերի հետ, հետ ենք վերցնում մեր հայցերը Միջազգային քրեական դատարանից, և այլն։ Լինելով քաղաքական օպորտունիստ՝ ինքը շատ լավ է հասկանում՝ որտեղ է իսկական հասարակական դիմադրությունը։ Հենց հասարակության դիմադրությունը մեծանում է, մի քայլ հետ է անում, բայց օրակարգը մնում է նույնը։ Ինքը, 7 տարի է՝ եկել է իշխանության, եկել է խոստումներով, հիմա տեսնում է, որ կորցնում է իր ընտրազանգվածը։ Ինքը դա զգում է, տեսնում է, հետևաբար՝ պետք է ինչ-որ քայլեր անի, որ ցույց տա, թե իբր ինքը կապ չունի այդ ձախողումների հետ, ասում է՝ ոչ, դա ես չէի, նախարարներն էին մեղավոր, ես էլ ձեզ հետ համբերատար սպասում էի նրանց աշխատանքին։ Հիմա նորից իր ձեռքն է վերցրել հայտնի մուրճը։ Ինքը տեսավ հասարակության խիստ դժգոհությունը, իր ցածր վարկանիշը, հասկացավ, որ 2026թ․իրեն ձայն է տալու միայն իր ընտանիքն ու վարչական ռեսուրսը, ինչը քիչ է  իշխանության մնալու համար։ Հիմա իր ընտրազանգվածին պիտի համոզի՝ իբրև թե ինքն իր խոստումներից չի հրաժարվել, որ դրանք անելու է։ Բայց դո՛ւ ես նշանակել այդ մարդկանց, դու ես նրանց հրահանգներ տվել, ումի՞ց ես բողոքում, ո՞ւմ վրա ես մեղքը բարդում։ Կարո՞ղ է՝ ընդդիմությունն էր քեզ ստիպել, որ այդ մարդկանց նշանակես պաշտոնների։

Կարդացեք նաև

  • Համոզված եմ, որ Կազանում Ալիևի հետ նրա խոսակցության բովանդակությունը եղել է՝ ես պատրաստ եմ անել ձեր բոլոր ասածները, կատարել ձեր բոլոր պահանջները, բայց ժողովուրդը պատրաստ չէ, ժամանակ տվեք՝ ես կլուծեմ էդ հարցը։ Հիմա նա դա է անում, մեր հասարակությանը պատրաստում է նոր զիջումների։
  • Պետության իմաստն անվտանգություն ապահովելը, ինքնությունը պաշտպանելն ու զարգանալն է։ Հիմա ինքը փորձում է հրաժարվել հայի ինքնությունից։ 
  • Ինքը հիմա նորից ոչ թե վարչապետ է, այլ հեղափոխական Նիկոլի դերում է։ 7 տարի ամեն ինչից օգտվեցին, հիմա էլ ուզում է ընտրազանգվածին 2-րդ անգամ խաբել։ Ընտրարշավ է անում։ Կանի նա հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ, կախված է որոշ հաշվարկներից։ Եթե համոզվի՝ հիմա ճիշտ պահն է արտահերթ ընտրությունների գնալու, կգնա արտահերթի։ Այդ մարզային այցերը, ցուցադրությունները, սոցիալական ցանցերում իր ակտիվությունը, շոուները դրա համար են։
  • Փաշինյա՛ն, եթե ուզում էիր բոլշևիկյան խոստումներդ իրականացնել ու «թալանը վերադարձնել» ժողովրդին, բա կողքդ նայի՛ր․ ամենամեծ թալանչիները քո կողքին են։
  • Փաշինյանը տեսնում է, որ ամեն ինչ մարսեց, հանձնեց Արցախն ու մարսեց, տեսավ, որ իշխանությունը հնարավոր է պահել՝ ցինիկ քայլերի դիմելով։ Ի՞նչն է նրան խանգարելու, որ նա շարունակի նույն կերպ անել։
  • Հայաստանում որևէ անկախ պետական համակարգ չի գործում՝ ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր, և ո՛չ դատական։ Քաղաքական մենաշնորհ, դիկտատոր է գործում Հայաստանում։ Քաղաքականությունը հնարավորի արվեստ է, և երբ ինքը տեսնում է՝ սա էլ է հնարավոր, անում է դա։ Ինքը մինչև վերջ հասցնելու է իրեն տրված ծրագիրը։
  • Միակ երկիրը, որը 35 տարիների ընթացքում շատ կարևոր է եղել ԱՄՆ-ի համար, Իսրայելն է։
  • Վատիկան կամ որևէ այլ այց, որպես կանոն, նախապատրաստվում է ամիսներ առաջ։ Ոչ թե Փաշինյանի Վատիկան այցն էր համապատասխանեցվել SMS-ներին, այլ հակառակը։ Ինքը պարզապես չի ուզել, որ նրանք, ում ինքն SMS-ով գործից ազատել է, իր հետ շփվեն։ Գրել է ու մեկնել Վատիկան՝ ես չկամ, երկրում չեմ, անհասանելի եմ, ինձ չզանգեք։ Կնայեմ՝ ոնց եք իմ որոշմանն արձագանքում, կվերադառնամ, ըստ այդմ կարձագանքեմ։ Դա իր ոճն է։ Այլ հարց է՝ ում հետ է նա քննարկում իր որոշումները։ Այդպես մենակ բռնապետներն են մարդկանց գործից ազատում։
  • Ես, դրսում ապրող մարդ լինելով, 2018թ.-ից առաջ կարող էի մտնել կառավարության կայք, տեսնել՝ որ պաշտոնյան ուր է մեկնել, ինչ ծախսեր են արվել։ Այդ ամենը թափանցիկ էր։ Հիմա սրանք եկան, ամեն ինչ դարձրին պետական գաղտնիք ու ինֆորմացիան փակեցին, չկա ոչ մի հաշվետվողականություն։ Բա ասում եք՝ ժողովրդավարական երկիր եք, թափանցիկություն եք ապահովում… չկա նման բան:
  • Ես չէի ուզենա հավատալ, որ մենք այն ժողովուրդն ենք, որը պոստֆակտում՝ այսքան աղետից ու կորուստներից հետո, կարող է դուրս գալ ու ողբալ, ասելով՝ այս ի՜նչ տեղի ունեցավ։ Ժողովուրդը պետք է հասկանա՝ սրանք մեր ինքնությունն են փոխում։ Սրանց պատկերացմամբ՝ այլևս հայը պահանջատեր չպիտի լինի։ Ասում են՝ հարկերը տալիս ես, ինչ-որ չափով լավ ես ապրում, վե՛րջ, էդքանը քեզ հերիք ա, հայ ժողովուրդ։ Բայց սրանց տնտեսական զարգացումն էլ էր փուչիկ, ու ինքը դա էլ է լավ հասկանում։ «Точка невозврата»-ի առաջ ենք կանգնած։ Ինքը մեր բնակչությանը փորձում է ծախել լավ ապրելու կեղծ բանաձևը, թե՝ տեսե՛ք՝ ես ոնց եմ ապրում, հաշտվեք թուրքերի հետ, մոռացե՛ք ամեն ինչ, դուք էլ կգնաք արտասահման, կշրջեք, կուտեք, ման կգաք…
  • Ես չգիտեմ մի երկիր, որտեղ Պառլամենտի ամենաբարձր ամբիոնից վարչապետը դուրս գա, ասի՝ ամեն ինչ սխալ է, Սահմանադրությունը պետք է փոխվի, Անկախության հռչակագիրը լավը չի, պետք է հանել, ու կես ժամ հետո նա չկալանավորվի։
  • Ինքն էլ է նախկին։ Նախկինների օրոք է ձևավորվել՝ որպես քաղաքական գործիչ, ընդդիմադիր գործունեություն ծավալել։

  • ԱՄՆ-ի ու Արևմուտքի քաղաքականության «փայլուն» արդյունքները մենք տեսնում ենք Ուկրաինայում։ Բայց ողբերգությունն այն է, որ Ուկրաինայի տված զոհերից օգտվելու են ուրիշները։ Որոշ աշխարհաքաղաքական կենտրոններ, երկրներ իրենց նպատակներին հասնելու համար կործանեցին Ուկրաինա պետությունն ու ժողովրդին։ Կեղծ ինքնիշխանության լոզունգներով դրսի խաղացողներն ուկրաինացի ազգին տարան կործանարար ճանապարհով։ Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Հիմա նույն բանն այստեղ են ուզում անել։ Իրենց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից ու ստեղծել Չինաստանի դեմ լծակ։ Ես ուզում եմ հասկանալ՝ ինչի՞ մենք՝ Հայաստանը, պետք է լինենք այդ խաղերի մաս։ Արտաքին այդ ուժերն այնպես են ներկայացնում՝ իբր դա մեր շահերից է բխում։
  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջին անգամը չէ, որ քննադատում է Եվրամիությանը։
  • Այսօրվա Եվրոպան այն Եվրոպան չէ, որը խոսում էր քրիստոնեական արժեքներից։
  • Վրացիները ո՛չ պրոռուսական են, ո՛չ պրոեվրոպական․ նրանք պրովրացական են։
  • Փաշինյանը կարող է Ֆիլիպիններից, Բանգլադեշից միգրանտներ բերել, լցնել այստեղ, հետո Հ1-ով հիմնավորել, որ միգրանտները լավ բան են, տեսեք՝ Եվրոպայում էլ լիքը միգրանտներ կան։
  • Թրամփը կտրուկ հայտարարություններ չի անելու, որ դրանք իրեն չխանգարեն։ Հիմա ձևավորում է իր կաբինետը։ Այն ճանապարհը, որի մասին նա հիմա խոսում է, նույն բանն ասում էր 2016 թվականին։ Այդ ժամանակ չստացվեց նրան անել։ Հիմա կստացվի՞, թե՞ ոչ, կունենա՞ նույն դիմադրությունը, ինչ 2016թ., կտեսնենք հետո։ 2025թ․ մարտ-ապրիլ-մայիս ամիսներին նոր կուրվագծվի Թրամփի քաղաքականությունը։ Նա իր մոտեցումներում շատ օպորտունիստ է լինելու։ Թրամփը փորձելու է հրաժարվել ԱՄՆ-ի լիբերալ հեգեմոնիայի դիրքերից, բայց կան տնտեսական շահեր։ Թրամփի համար Ուկրաինայի շահերը կարևոր չեն լինելու, կարևոր են լինելու տնտեսական խոշոր ընկերությունների շահերը։ Իր համար կարևոր է լինելու՝ որտեղ է կանգնելու Ռուսաստանը, ու ինչ ունի ինքն այդտեղից ստանալու։ 
  • Պարզ չէ՝ Թրամփն ինչ է անելու Իսրայելի մասով, որովհետև եթե ասում ես՝ Իսրայել, հասկանում ես՝ Իրանի հետ առճակատում, իսկ Իրանը դա Հայաստանի հետ սահման է։ Հայաստանն ԱՄՆ-ի համար որևէ հետաքրքրություն չի ներկայացնում։ 
  • Մի պահ պատկերացնենք՝ Թրամփն ընդունել է Փաշինյանին, ինչի՞ մասին է խոսելու։ Թրամփին ի՞նչ կարող է նա առաջարկել. ոչի՛նչ: Թրամփին նա հետաքրքիր չէ:

  • Փաշինյանի հեռախոսազանգը Թրամփին՝ ներկայացվեց որպես մեծ ձեռքբերում, բայց այդ պահին ով էլ նրան զանգեր, վերցնելու էր, խոսեր։
  • Փաշինյանի ծրագրով՝ մենք խաչմերուկ ենք դառնալու, Թուրքիան ու Ադրբեջանը մեզ լրիվ կտրելու են, որ հետո իրենց խնդրենք բացել ճանապարհները ու դրա համար նոր զիջումների գնանք։
  • Ցանկացածի հետ մենք պետք է համագործակցենք, բայց ելնելով բացառապես մեր ազգային շահից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս